Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանն ընդունել է Հայաստանում ՉԺՀ դեսպանի առևտրատնտեսական հարցերով խորհրդական Հոնգլիանգ Վանգին: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Կարևորելով Չինաստանի հետ տնտեսական դաշտում երկկողմ համագործակցության զարգացումները՝ Գեորգի Ավետիսյանը հույս է հայտնել է, որ առաջիկայում  կարձանագրվեն նոր ձեռքբերումներ՝ ի դեմս չինական շուկայում հայկական սննդամթերքի ներկայության խթանման,  ինչպես նաև  արտահանման  ու ներմուծման ակտիվացման ու ծավալների մեծացման: Նա ողջունել է երկու երկրներում սննդամթերքի անվտանգությունն ապահովող լիազոր մարմինների միջև փոխգործակցության ու մասնագետների միջև շփումների արդեն առկա բարձր մակարդակը և վստահեցրել, որ այսուհետ էլ ջանքեր չեն խնայվելու դրանք ավելի սերտացնելու, ստեղծված նախադրյալները ամրապնդելու և ավելի առարկայական-փոխշահավետ արդյունքներ արձանագրելու համար:

Պարոն Վանգը նկատել է, որ Հայաստանն ունի ինչպես ալկոհոլային և ոչ ալկոհոլային խմիչքների ու մեղրի, այլև սննդամթերքի այլ տեսակների, մասնավորապես՝ գյուղատնտեսական ապրանքների, արտահանման մեծ ներուժ, և կարևորել այդ ուղղությամբ տարվող աշխատանքների ակտիվությունը պահպանելու անհրաժեշտությունը: Նա նաև վստահեցրել է, որ շարունակվելու են երկկողմ սեմինարները՝ նվիրված ներմուծվող և արտահանվող սննդամթերքի անվտանգության հսկողության, սննդամթերքի անվտանգության կառավարման և այլ թեմաների, որոնք մեծապես նպաստում են թե վերահսկողության կատարելագործմանը, թե սահմանված պահանջներին համապատասխան և մրցունակ արտադրանքի արտահանմանը, թե, հատկապես, ոլորտում ունեցած լավագույն փորձի փոխանակմանը: