ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մտահոգված է Ամուլսարի շուրջ ստեղծված իրավիճակով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ֆեյսբուքի իր էջում ուղիղ հեռարձակման ժամանակ պատասխանելով տրվող հարցերին՝ ՀՀ վարչապետը հույս հայտնեց, որ խնդրին լուծում ի վերջո կգտնվի: «Եթե Ամուլսարի գործընթացը սկսվեր իմ վարչապետ դառնալուց հետո, ես, միանշանակ, դեմ կարտահայտվեի: Ես թույլ չէի տա, որ այդ ծրագիրը սկսվեր ոչ թե նրա համար, որ կարծում եմ, որ հանքարդյունաբերությունը Հայաստանի Հանրապետությունում չպետք է լինի, այլ նրա համար, որ կարծում եմ՝ աբսուրդ է, որ Հայաստանի առողջարանային կենտրոններից մեկի տարածքում հանքարդյունաբերություն ձևավորվի, ինչպիսին էլ այն լինի»,-ասաց Փաշինյանը: Նրա խոսքով`կա նաև երկրորդ խնդիր՝ ՀՀ կառավարությունը որևէ գործողություն չի կարող իրականացնել, եթե չունի դրա համար դե յուրե հիմնավորում: «Հիմա շատերն ասում են՝ գնացեք, փակեք հանքը։ Գնանք, փակե՞նք հանքն առանց որևէ հիմնավորման»,-ասաց վարչապետը: