GalaTV.am-ը գրում է.

«Սեպտեմբերին կունենանք միասնական դիրքորոշում, փոփոխությունների նախագիծն այս տարի կմտնի խորհրդարան»,- կառավարության նիստից հետո այսպիսի պատասխան ստացան լրագրողները Դավիթ Անանյանից այն հարցին ի պատասխան, թե երբ են ընդունվելու նախօրեին ՀՀ վարչապետի տեսաուղերձում նշված հարկային փոփոխությունները: Իսկ ինչ վերաբերում է կրկին վարչապետի կողմից ասված միկրոբիզնեսի հարկերը փաստացի զրոյացնելուն, ապա դրա ժամկետներն էլ դեռ հստակ չեն: Ըստ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանի՝ քննարկումների մեջ են:

«Մենք այդտեղ էլ չէի ուզենա բացահայտումներ անել, քննարկումների մեջ ենք: ՊԵԿ-ը՝ որպես վարչարարություն իրականացնող մարմին, մասնակցում ենք քննարկումներին, բայց նաև մենք ունենք պետբյուջեի եկամուտներ հավաքագրելու մեր իրավական պարտականությունը: Հետևաբար, մեր մասնակցությունը հարկահավաքի մասնակցություն է, ուստի չէի ուզի հարցերին մեր տեսանկյունից անդրադառնալ: Միասնական դիրքորոշում այս պահին չկա, կան միասնական ուղենիշներ, բայց բոլոր դեպքերում թե՛ հարկման համակարգերի պարզեցման տեսանկյունից, թե՛ միկրոբիզնեսի սահմանման տեսանկյունից, թե՛ շրջանառության հարկի շեմի տեսանկյունից սցենարները տարբեր են: Մենք փոփոխությունների գնալու ենք այս տարի, փոփոխությունները կլինեն ժամանակագրական»: Ըստ ՊԵԿ-ի նախագահի՝ հանրությանը կներկայացնեն հստակ փոփոխությունների փաթեթ: