1in.am-ը գրում է.

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կհանդիպի Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանի հետ: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, պատասխանելով լրագրողների հարցին, թե Արա Բաբլոյանի հայտարարությունից հետո, որ փորձ է արվում ճնշել պատգամավորներին, կհանդիպի՞ Արա Բաբլոյանի հետ:

«Ճնշում չկա, ես պարզապես բոլորին կոչ եմ անում հաշվի նստել ժողովրդի տեսակետի հետ: Այո, կհանդիպեմ Արա Բաբլոյանի հետ, ինչո՞ւ ոչ: Անպայման կհանդիպեմ, կքննարկեմ, որպեսզի որևէ մեկի մոտ որևէ հավելյալ մտավախություն չլինի: Մեզ համար շատ կարևոր է, որ մեր բոլոր քաղաքացիները, այդ թվում՝ ԱԺ պատգամավորները, այդ թվում՝ մնացած բոլորը մեր քաղաքական գործունեության բովանդակությունը ճիշտ ընկալեն»,-ասաց Փաշինյանը:

Հարցին՝ տարբերակներ տեսնո՞ւմ է, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման համար իր հրաժարականից հետո ՀՀԿ-ն խորհրդարանում քվեարկի վարչապետի պաշտոնում Ռոբերտ Քոչարյանին ընտրելու օգտին, Նիկոլ Փաշինյանը պատասխանեց. «Ես, անկեղծ ասած, տարբերակ չեմ տեսնում: Ես պարզապես ցանկացա ցույց տալ, որ հարկավոր է իրավիճակը գնահատել ռեալ՝ ավելորդ բարդություններից խուսափելու համար: Ես կարծում եմ, որ ՀՀԿ-ն իր ղեկավարությամբ շարունակում է իրավիճակը ճիշտ չգնահատել»:

Անդրադառնալով հարցին, թե այդ իրավիճակում ի՞նչ քայլեր է պետք ձեռնարկել, վարչապետը պատասխանեց, որ հավելյալ քայլեր ձեռնարկելու անհրաժեշտություն չկա «Պարզապես պետք է մարդկանց հետո խոսել, նրանց ներկայացնել իրավիճակը, օգնել, որպեսզի նրանք իրավիճակն ավելի ռեալ գնահատեն, ոչ մի հավելյալ քայլեր ձեռնարկելու կարիք չկա»,- ընդգծեց վարչապետ Փաշինյանը:

Նա հավելեց, որ պատգամավորների հետ հանդիպումներ և քննարկումներ կունենա, որ որպեսզի որևէ մեկի մոտ որևէ հավելյալ մտավախություն չլինի: «Մեզ համար շատ կարևոր է, որպեսզի մեր քաղաքացիները, այդ թվում՝ Ազգային ժողովի պատգամավորները, ներքաղաքական կյանքի բովանդակությունը ճիշտ ընկալեն»,- ասաց նա: