Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են անտառային տնտեսության կառավարման հետ կապված առկա խնդիրներն ու դրանց լուծման հնարավորությունները:
Վարչապետը նշել է, որ երկրում անտառհատումներն երկար տարիներ շարունակում են մնալ մեծ ծավալների և մարդկանց մեծ խումբ մասնագիտացել է այդ ուղղությամբ: Պատասախանատուները կառավարության ղեկավարին զեկուցել են անտառային ֆոնդի ներկա վիճակի մասին և անտառների կառավարման կատարելագործման ուղղությամբ ներկայացրել տարբեր առաջարկություններ: Մասնավորապես, նշվել է, որ դիտարկվում է անտառներում 24-ժամյա հսկողություն իրականացնելու հնարավորություն, քանի որ ապօրինի անտառհատումների հետևանքով յուրաքանչյուր տարի պետությանը պատճառվում են մեծ ծավալների վնասներ: Միայն 2017-2018 թվականների ընթացքում ապօրինի հատվել է 28 հազար ծառ և պատճառվել 2 մլրդ 200 մլն դրամի վնաս: Խնդրի կարգավորման առումով կարևորվել է պատկան մարմինների համակարգված, փոխկապակցված և արդյունավետ գործունեությունը, զուգահեռ նաև մարզերում սոցիալտնտեսական միջոցառումների իրականացումը: Տեղեկացվել է, որ արդեն իսկ հաստատվել են անտառամերձ համայնքներում իրականացվելիք դրամաշնորհային տարբեր ծրագրեր՝ ջերմոցային տնտեսությունների հիմնման, քաղաքացիներին եկամտային աղբյուրներով ապահովելու, էկոտուրիզմի զարգացման և այլ ուղղություններով: Նշվել է նաև, որ այժմ քննարկվում է ապօրինի անտառհատումների պատասխանատվության խստացման հետ կապված օրենսդրական նախաձեռնությունների ներկայացման հարցը: