Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են տարբեր ոլորտներում մենաշնորհային դիրք ունեցող ընկերությունների գործունեության ընթացքում տեղ գտած չարաշահումների կանխարգելման, արդար և բարեխիղճ մրցակցության ապահովմանն ուղղված հարցեր: Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը մանրամասն տեղեկատվություն է ներկայացրել վերջին ամիսներին տեղի ունեցող գործընթացների, մենաշնորհային համարված շուկաներում առկա իրավիճակի մասին: Այդ առումով, ՏՄՊՊՀ նախագահն անդրադարձել է շաքարավազի, բենզինի և բանանի շուկաներում զարգացումներին: Արտակ Շաբոյանը մանրամասներ է ներկայացրել նաև խոշոր սուպերմարկետների, ԱԳԼՃԿ-ների գործունեության մասին, անդրադարձել առկա հակամրցակցային իրավիճակին և այս ոլորտներում առկա խնդիրներին:
Ներկայացված տեղեկատվության շուրջ տեղի է ունեցել մտքերի շահագրգիռ փոխանակություն, հնչեցվել են տարբեր առաջարկություններ՝ նաև օրենսդրական կարգավորումների միջոցով հնարավոր մենաշնորհների դեմ պայքարելու և ազատ մրցակցային պայմաններ ապահովելու վերաբերյալ: Որոշ խնդիրների, այդ թվում՝ բենզալցակայաններում և ԱԳԼՃԿ-ներում թերլցումների հետ կապված կարևորվել է Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի կողմից համապատասխան քայլերի իրականացումը: