Սինգապուրի Հանրապետությունում ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանի գլխավորած պատվիրակությունը վարում է Հայաստանի Հանրապետության և Սինգապուրի Հանրապետության միջև կրկնակի հարկումը բացառող համաձայնագրի շուրջ բանակցությունները։

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ ֆինանսների նախարարությունից, եկամուտների և գույքի կրկնակի հարկումը բացառելու մասին համաձայնագրերը կարգավորում են պայմանավորվող պետությունների միջև առևտրատնտեսական հարաբերություններում առաջացող հարկային հարցերը:

Հայաստանի Հանրապետության և Սինգապուրի Հանրապետության միջև եկամուտների և գույքի կրկնակի հարկումը բացառելու մասին համաձայնագրի կնքումը, ձևավորելով կայուն և կանխատեսելի հարկային դաշտ օտարերկրյա ներդրողների համար, հնարավորություն կընձեռի խթանել երկու երկրների միջև փոխադարձ ներդրումային հոսքերը, առավել ակտիվացնել առևտրատնտեսական կապերը, այդ թվում` ընդլայնել աշխատուժի և տեխնոլոգիաների շարժը: