«Երեկ խորհրդանշական երկու իրադարձություն ամրապնդեցին կարծիքն այն մասին, որ հեղափոխության թիմը ճգնաժամ է ապրում։ Սասուն Միքայելյանի սկանդալային հարցազրույցի համատեքստում խորհրդարանը ձախողեց ԲԴԽ անդամության թեկնածու Աննա Մարգարյանի ընտրությունը։ Թեև, ուշադիր աչքի համար ճգնաժամի դրսևորում էին նաև Աբովյանի քաղաքապետի ընտրություններն ու ՔՊ միապաղաղ, բովանդակազուրկ համագումարը։

Հակասություններ լինում են բոլոր իշխանությունների ներսում, դա նույնիսկ բնական երևույթ է, առանց որի համակարգերը վաղ թե ուշ հայտնվելու են ճգնաժամի մեջ։ Սակայն հակասության հիմքում պետք է լինեն մրցակցային, ծրագրային բաղադրիչներ, հակառակ դեպքում՝ դրանք նմանվում են ինտրիգների, որոնք որևէ իշխանության լավ տեղ չեն տանում։ Հետո՝ հակասությունները կամ բազմակարծությունը համակարգն առողջացնող նշանակություն ունեն, եթե դրանց հետևում են քաղաքական կամ համակարգային լուծումներ։ Հայաստանում նման բան չի եղել հեղափոխությունից առաջ, չկա նաև հեղափոխությունից հետո։

Երբ հեղափոխության առաջնորդի մակարդակով մերժվում են «իզմ»-երը, վերանում են նաև քաղաքականությունը, գնահատման չափանիշները, ու իշխանությունը, կառավարող կուսակցությունը դառնում են առաձգական մի կատեգորիա, որը փորձում է պոպուլիզմի միջոցով հաճոյանալ հասարակությանը՝ չկարողանալով նրան ներկայանալ միասնական թիմի կարգավիճակով։ Դա վաղ թե ուշ հանգեցնում է վարկանիշային անկման ու իշխանության ճգնաժամի՝ ինչպես եղավ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի պարագայում։

Առանց «իզմ»-երի թիմը կարող է կոմպրոմիսի գնալ ցանկացած գաղափարախոսության, գործընկերոջ հետ։ Այդպիսի իշխանությունն իրենը կարող է համարել անգամ ահաբեկչություն իրականացրած խումբը՝ պարբերաբար պահանջելով ազատ արձակել իր երկու անդամներին ու հետո հոխորտալ, որ հեղափոխության օրակարգն անկատար է, քանի որ «հերոսները» մնացել են բանտում։

Նիկոլ Փաշինյանն է մեղավոր, որ հեղափոխությունն իրենց վրա են «քաշում» դրա հետ առնչություն չունեցող տարբեր խմբեր, իսկ քաղաքացիներն իրենց ավելի ու ավելի օտար են զգում այն իշխանությունից, որը ծնվել է Հանրապետության հրապարակում։ Զավեշտալին այն է, որ գաղափարախոսությունից հրաժարումը Նիկոլ Փաշինյանը բացատրում է իր կուսակցության քաղաքացիականությամբ։ Պոպուլիստական այս մոտեցումը քաղաքացուն ավելի է օտարում իշխանությունից, որովհետև «իզմ»-երի մերժումը հանգեցնում է քաղաքական վտանգավոր վակուումի, որը լցվում է մարգինալ խմբերի կողմից՝ կլինեն նախորդ համակարգի կցորդները, թե «պերմանենտ հեղափոխականները»»,-գրում է թերթը:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: