Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Գործադիրի որոշմամբ ՀՀ մարզպետարաններին կհատկացվի 278,999.5 հազար դրամ՝ համայնքներին պետբյուջեով արդեն իսկ նախատեսված սուբվենցիաներից բացի այլ սուբվենցիաներ տրամադրելու նպատակով: Հիմնավորման համաձայն՝ համայնքներում տնտեսական ենթակառուցվածքների զարգացման դեպքում ծրագրի արժեքի մինչև 60 տոկոսը համաֆինանսավորվում է պետբյուջեից, իսկ սոցիալական ենթակառուցվածքների՝ մանկապարտեզի, մշակութային տների կառուցման, վերանորոգման գործընթացի պարագայում` պետության կողմից համաֆինանսավորվում է ծրագրի արժեքի մինչև 40 տոկոսը։ 2018 թ. առաջին հինգ ամիսների ընթացքում համայնքները ներկայացրել են 185 ծրագրային հայտեր, որոնցից սուբվենցիաներ ստանալու համար ծրագրային հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի կայացած երեք նիստերի ընթացքում քննարկվել և հանձնաժողովի հավանության է արժանացել 84-ը: Ներկայումս ընթանում է հավանության արժանացած ծրագրերի իրականացման մրցութային գործընթացը: Նշված ծրագրային հայտերը հիմնականում ուղղված են համայնքներում կապիտալ ներդրումներին, մասնավորապես, համայնքներում փողոցների, այգիների, պուրակների, խաղահրապարակների բարեկարգմանը, համայնքային շենքերի, մշակութային տների, մանկապարտեզների, հանդիսությունների սրահների, խմելու, կոյուղու, ոռոգման ջրագծերի կառուցմանն ու նորոգմանը և գիշերային լուսավորության անցկացմանը: