«Բարձրագույն դատական խորհրդի մի քանի անդամի հրաժարականը բերեց թե՛ դրական և թե՛ բացասական հետևանքների: Լավ չի, օրինակ, որ այդ կարևոր կառույցի կազմում չկա Գևորգ Դանիելյանը: Այդպիսի մասնագետներից հրաժարվելը մեր պետության համար, ինձ թվում է, «ավելորդ շքեղություն» է: Բայց դրական է, որ Ազգային ժողովը փնտրում և առաջարկում է նոր կադրեր, որոնցից մի քանիսը լավ տպավորություն են թողնում: Այդպիսին է, օրինակ, ԲԴԽ անդամ ընտրված Գրիգոր Բեքմեզյանը:

Նույն ձևով է ընկալվում իրավաբանական գիտությունների դոկտոր Աննա Մարգարյանը, որը, սակայն, երկուշաբթի օրը չընտրվեց՝ զոհ գնալով քաղաքական խաղերի: Ըստ «Լուսավոր Հայաստանի» ներկայացուցիչների, կար պայմանավորվածություն, որ այս անգամ թեկնածու է առաջադրելու այդ խմբակցությունը, բայց, նույն աղբյուրի համաձայն, իշխող «Իմ քայլը», մերժելով ընդդիմադիր գործընկերների մի քանի թեկնածուի, դարձյալ առաջադրեց իրենը, և դրա պատճառով ԼՀ խմբակցությունը դեմ քվեարկեց:

Բայց եթե նույնիսկ ամեն ինչ այնպես է, ինչպես այդ խմբակցությունն է ներկայացնում, վստահ եմ՝ միշտ պետք է առաջնորդվել անձի արժանիքներով և ոչ թե նման հաշվարկներով: Մյուս կողմից՝ եթե բացարձակ մեծամասնություն ունեցող «Իմ քայլը» շատ ցանկանար, որ Աննա Մարգարյանն ընտրվի ԲԴԽ անդամ, դա տեղի կունենար: Բայց այդ հարցն իշխանության համար գերսկզբունքային քաղաքական խնդիր չէր, որպիսին է, մասնավորապես, Վահե Գրիգորյանին ՍԴ նախագահ դարձնելը (և, ի դեպ, հանուն այդ նպատակի, մեծամասնության ներկայացուցիչները «վարի են տվել» նախագահի առաջարկած մի քանի լուրջ պրոֆեսիոնալների, որոնք իրենց քաղաքական համախոհները չէին):

Չնայած Աննա Մարգարյանին առաջադրել էր հենց «Իմ քայլը», այդ հարցում իշխող խմբակցությունը, հավանաբար, անփույթ գտնվեց՝ չապահովելով ձայների բավարար քանակ: Իսկ գուցե այդ խմբակցության որոշ անդամների դուր չեկավ, որ թեկնածուն, պատգամավորների հարցերին պատասխանելիս, իրեն չդրսևորեց որպես «հավատավոր» հեղափոխական: Բոլոր դեպքերում դարձյալ ցավալի է, որ պետությունը «ձեռքից բաց թողեց» նման մասնագետի»,-գրում է թերթը:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: