«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է տնտեսագետ Վահագն Խաչատրյանը։

-Պարոն Խաչատրյան, սահմանին ռուսական գազը կթանկանա, բայց սպառողների համար այն կմնա անփոփոխ։ Մասնագետները այսպիսի լուծումը ժամանակավոր լուծում են համարում և նշում, որ այն կարող է ռիսկեր պարունակել 2020-21 թվականներին։ Ինչո՞ւ, ըստ Ձեզ, սահմանին գազի գնի հետ կապված հնարավոր չեղավ կոնսենսուսի գալ։ Սա քաղաքական գործոնո՞վ էր պայմանավորված։

-Մի կարևոր բան կա, որ բաց թողեցիք։ Նիկոլ Փաշինյանն էլ ասաց, որ «Գազպրոմ Ռոսիան» «Գազպրոմ Արմենիային» թանկ գազ է վաճառելու՝ 1000 խորանարդ մետր գազի դիմաց 150 դոլարի փոխարեն 165 դոլար, բայց սպառողի համար այն չի թանկանա։

Սա կարևոր ձևակերպում է, որովհետև մեզ մոտ միշտ էլ սահմանի հասկացողությունն է որպես հիմնավորում բերվել, որ եթե թանկանում է, ուրեմն մեզ մոտ էլ գազը պետք է թանկանա։ Կարևորն այն է, որ, ըստ էության, «Գազպրոմ Արմենիան»՝ որպես դուստր ձեռնարկություն կամ որպես ստորաբաժանում, ինքը իր ֆինանսական պլյուս-մինուսները կանի իր ներսում։ Մասնագետների անհանգստությունը կայանում է նրանում, որ հանկարծ վաղը, մյուս օրը նույն «Գազպրոմ Արմենիան» հայտ չներկայացնի ՀԾԿՀ, որտեղ կհիմնավորի, որ գազի թանկացումը բերել է նրան, որ ինքը շահույթ չի ստանում և ստիպված առաջարկելու է գինը բարձրացնել։ Կա 2013-ի տխրահռչակ համաձայնագիր Հայաստանի և Ռուսաստանի կառավարությունների միջև, որտեղ Հայաստանի կառավարությունը պարտականություն է ստանձնել՝ ապահովել «Գազպրոմի» մշտական՝ 10 տոկոսի շահութաբերությունը։ Այսինքն՝ այս անհանգստությունը բոլորիս մոտ կա, և որպեսզի այդ անհանգստությունը փարատվի, ես կարծում եմ, որ պետք է վերջնականապես այդ հարցը փակել։ ՀԾԿՀ-ն էլ պետք է իր մեթոդիկան փոխի սակագնի հաշվարկման հետ կապված, պետք է կառավարությունն անդրադառնա 2013-ին Հայաստանի և Ռուսաստանի կառավարությունների միջև կնքված համաձայնագրին։ Եվ այստեղ գործ ունի անելու նաև ՀՀ գլխավոր դատախազությունը, որովհետև մինչև հիմա չկա պատասխան, թե որտեղից է առաջացել այդ 300 միլիոն պարտքը։ Եվ այս ամբողջական խնդիրների շարքին պետք է լուծում տալ, և պետք չէ սպասել 2020-21թթ․, պետք է լուծել հենց հիմա։

-Տեսակետ կա, որ պետք չէ սպասել մինչև Պուտինը գազի գնի վերաբերյալ որոշում կայացնի, այլ պետք է Ռոբերտ Քոչարյանին և մյուս ներգրավվածներին մեղադրանք ներկայացնել նաև «գույք պարտքի դիմաց» գործարքի համար, և 5 տարով գազի գինը սառեցնելու դիմաց «Գազպրոմին» 30 տարվա պայմանագրի առնչությամբ հարցաքննության կանչել Սերժ և Տիգրան Սարգսյաններին, նաև պետք է մեղադրանքներ առաջադրվեին։ Կիսո՞ւմ եք այս տեսակետը։

Մեղադրանք առաջադրելու հետ կապված չեմ կարող ասել, թող իրավապահ մարմինները որոշեն, բայց որ դա պետք է դառնա իրենց քննարկման առարկան, միանշանակ է։ Կարող եմ ասել ավելին․ 97թվականին Հայաստանի և Ռուսաստանի կառավարությունների միջև կնքված համաձայնագրի շրջանակներում, երբ «Գազպրոմը» դարձավ Հայաստանի գազի համակարգի 45 տոկոսի սեփականատերը, դրանից հետո 2,5 տարի ռուսական կողմը իր 45 տոկոս փայաբաժինն անվճար գազի մատակարարումով ապահովեց։ Ի՞նչ եղավ այդ 2,5 տարվա գազի գումարները, որոնք պետք է հավաքվեինք «Գազպրոմում» և բյուջեի որպես մուտքեր կամ եկամուտ ներկայացվեր։ Այսինքն՝ նախ ամբողջական պատկերը պետք է ներկայացվի, և դրանից հետո արդեն նոր կառավարությունը պետք է հստակեցնի խաղի կանոնները, որ մեզ համար այդպիսի անակնկալներ չլինեն։

Բացի դրանից՝ մեզ չի ներկայացվում հիմնավորումը, ռուսական կողմից պետք է հասկանալ, թե ինչու է 165 դարձել։ Իրենց մոտ հարկային փոփոխություններ են եղել, երկու տոկոս ԱԱՀ է ավելացվել, թոշակային համակարգում են փոփոխություններ եղել։

Այսինքն՝ պետք է ռուսական կողմից փորձել հասկանալ, թե ինչպես են հիմնավորում, ինչի հիման վրա 150-ից դարձավ 165։

-Սրանո՞վ ատամ ցույց չի տալիս Մոսկվան Հայաստանին։

-Անձամբ ես այդպես չեմ գնահատում։ Տեսեք, մեկ ուրիշ խնդիր կա Բելառուսի հետ կապված։ Հնարավոր է՝ իրենք մեկ ընդհանուր քաղաքականություն են որդեգրել մեզ, Բելառուսին գազի մատակարարման նոր պայմաններ են առաջարկում, որովհետև Բելառուսն էլ փորձում էր իջեցնել իր գազի գինը, բայց չստացվեց։ Եվ, ի միջի այլոց, մինչև հիմա Բելառուսի հետ կապված հստակ չէ, թե ինչքանով են նրանք գազը գնելու Ռուսաստանից։

-Պարոն Խաչատրյան, տեսակետ կա, որ եթե հեղափոխությունը չուղեկցվի ինստիտուցիոնալ բարեփոխումներով, կձախողվի։ Նշվում է նաև Հարկային օրենսգրքի փոփոխման անհրաժեշտության մասին, որը մեծ հնարավորություններ կտա փոքր և միջին բիզնեսի զարգացման համար, մինչդեռ Հայաստանում, այսպես կոչված, խոշոր ձկներն են ապահով տեղավորվում։ Ոլորտի բարեփոխման ինչպիսի՞ հնարավորություն եք տեսնում։

-Ինստիտուցիոնալ փոփոխությունների հետ կապված կարող եմ ասել, որ դեռևս 98 թվականից չիրականացված բարեփոխումներ են, որ չարեցին, և մինչև հիմա խնդիրը մնաց մեզ համար։ Եվ բնական է, որ այսօրվա իշխանությունը, որպեսզի հաջողության հասնի, առաջին հերթին ինստիտուցիոնալ բարեփոխումներ պետք է իրականացնի։ Խոսքը վերաբերում է բոլոր բնագավառներին և ընդհանրապես կառավարման համակարգերին։ Այն, ինչ հիմա նախատեսվում է՝ նոր կառավարության կազմ, նոր կառավարման համակարգ, պայմանավորված է հենց այդ գաղափարով, թե ինչ տնտեսություն ենք ուզում ունենալ, և այդ տնտեսության արդյունավետ աշխատելու ինչ կառավարման համակարգ ենք մենք ուզում ունենալ, և այդտեղ պետք է ճշտվի մեր անելիքները՝ դա կլինի փոքր, թե միջին բիզնես, դա կլինի հարկային այնպիսի դաշտի ստեղծումը, որը գրավիչ կլինի ներդրողների համար և այլն։ Եվ այս բոլոր հարցերի պատասխանը մենք կստանանք, երբ կառավարությունը կարողանա հանրությանը, գործարար շրջանակներին ներկայացնի իր ամբողջ գաղափարախոսությունը, պատկերացումները Հայաստանի զարգացման առաջիկա հինգ տարիների կամ ավելի երկար ժամանակահատվածի համար։ Եվ այստեղ ինստիտուտների կայացման խնդիրն ամենակարևորն է լինելու։

-Կգնա՞ այդ ճանապարհով իշխանությունը։

-Այլ տարբերակ չունի։

-Կոնկրետ ի՞նչ պետք է արվեր, որ մինչև հիմա չի արվել։

-Հիմա, եթե գնահատենք ստեղծված իրավիճակը, հետևյալն է՝ իշխանությունը կամ կառավարությունը չեն խառնվում բիզնեսի գործերին, երբ նրանց վրա լրացուցիչ հարկ չի դնում, լրացուցիչ հավելյալ ծախսեր չկան։ Սա բոլորին օգուտ է։ Այլ բան է, որ այսօր, դեռևս, մեր միջին և փոքր բիզնեսը մրցունակ չէ խոշորի հետ մրցակցային դաշտում։ Սա հարց է, որ պետք է կարողանանք լուծել։ Եվ սա ժամանակի խնդիր է, որովհետև տարիների ընթացքում ստեղծված խոշոր բիզնեսը այսօր մեծ հնարավորություններ ունի հենց իր խոշորությամբ և իր հետ մրցակցելը որոշակի գործունեության դաշտում ուղղակի անիմաստ է։ Պարզապես պետք է մտածել, թե ինչպես հավասար պայմաններից օգտվելու հնարավորություն տալ փոքր և միջին բիզնեսին, ինչպես անել, որ փոքր և միջին բիզնեսը իսկապես կարողանան գոյատևել։ Սա ուրիշ խնդիր է, և ես համաձայն եմ այն մտքի հետ, որ դեռևս անելիքներ շատ կան։ Քաղաքական առումով խաղի կանոնները ճշտված են, բայց ներքևում տնտեսականի ապահովումը, դեռևս, ամբողջական չէ։ Դրա մեջ մտնում է և՛ ձեր նշած Հարկային օրենսդրությունը, և՛ ամբողջ կառավարման համակարգը։ Այս հարցերի պատասխանները դեռևս տրված չեն։ Սա խնդիր է, որ կառավարությունը պետք է շատ-շատ արագ լուծի։ Եվ այստեղ ամենակարևոր խնդիրը դատական համակարգում է, որի գործունեությունը ուղղակի կասկածի տակ է դնում մեր պետականությունը։ Եվ այս հարցն է, որ կառավարությանը փակուղային վիճակում է դրել։ Մենք իրավունք ունենք ասելու, որ մինչև 2018-ի ապրիլ մենք դատական համակարգ չենք ունեցել։ Հիմա դատական համակարգը շարունակում է հին ավանդույթները, և ուղղակի ինքը ի վիճակի չէ ազատ աշխատելու, ինքնուրույն որոշումներ կայացնելու։ Եվ նրանց բոլորին պետք է 100 տոկոսով փոխել։ Ես սրա կողմնակիցն եմ, չեմ վիրավորում ոչ ոքի։ Անձնական որևէ խնդիր չունեմ, պարզապես իմ մոտեցումն է, որ պետք է նոր սկզբունքներով մարդիկ լինեն այդ համակարգում աշխատողները։