Դեկտեմբերի 9-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքում ձևավորվեց նոր ԱԺ ժողովը, առաջիկայում կհաստատվի նաև կառավարության կազմը։ Ինչ փոփոխություններ են հնարավոր Հայաստանի քաղաքական համակարգում առաջիկայում՝ կարճաժամկետ, երկարաժամկետ և միջնաժամկետ հեռանկարում։ Արդյո՞ք քաղաքական համակարգը կսահմանափակվի միայն խորհրդարանական ուժերով ու գործընթացներով, թե խորհրդարանից դուրս հնարավոր են նոր ուժերի և կուսակցությունների ստեղծում և գործունեություն։

Քաղաքագետ Էդգար Վարդանյանի կարծիքով՝ առաջիկայում քաղաքական գործընթացները տեղի են ունենալու խորհրդարանում և կառավարությունում, իսկ թե ինչու հիմնականում խորհրդարանում և կառավարությունում, որովհետև դրանք ժողովրդավարական քաղաքական համակարգի ամենակարևոր քաղաքական մարմիններն են, և մենք հիմա, ի տարբերություն նախկին ավտորիտար, օլիգարխիկ ռեժիմի՝ ունենք լեգիտիմ խորհրդարան, կունենանք լեգիտիմ կառավարություն և տրամաբանական է, որ քաղաքականությունը հիմնականում հենց այդ ինստիտուտներում է տեղի ունենալու։ Նախկին ռեժիմի պարագայում քաղաքականությունը, նրա խոսքերով՝ ո՛չ խորհրդարանում էր, ո՛չ էլ կառավարությունում, քաղաքականությունը ստվերային դաշտերում էր տեղի ունենում և զուտ ձևական բնույթ էր կրում, և երբ պետք է ֆորմալիզացվեին որոշումներ, այդ մարմիններում ֆորմալ առումով քաղաքական գործընթացներ էին տեղի ունենում, իսկ հիմա իրական քաղաքական պրոցեսներ տեղի կունենան այդ պրոցեսներում։ Մինչդեռ հիմա, քաղաքագետի գնահատմամբ, ինչպես ամբողջ դեմոկրատական աշխարհում, այնպես էլ Հայաստանում քաղաքականությունը նաև այդ ինստիտուտներից դուրս է տեղի ունենալու․

«Հատկապես վերջին շրջանում համաշխարհային միտում է մասնակցային ժողովրդավարությունը, ինչը ենթադրում է, որ քաղաքական գործընթացներին իրենց ուղղակի մասնակցությունն են բերում ակտիվ քաղաքացիները ՀԿ-ների, քաղաքացիական նախաձեռնությունների, սոցիալական շարժումների, փողոցային տարատեսակ ակցիաների, բողոքի ակցիաների միջոցով։ Նրանք այդ կերպ իրենց մասնակցությունն են ունենում, բնականաբար, քաղաքական գործընթացներում նույնպես շատ լուրջ մասնակցություն են ունենում արտախորհրդարանական քաղաքական ուժերը, բնականաբար, նրանց մասնակցության չափաբաժինն անհամեմատ փոքր է, քան խորհրդարանական քաղաքական ուժերի մասնակցությունը։ Եվ սա բնական է, բայց պետք չէ անտեսել դա»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Էդգար Վարդանյանը՝ հավելելով, որ մենք կարող ենք սպասել նաև այդպիսի ակտիվության, ինչը կդրսևորվի նրանով, որ տարատեսակ հայտարարություններով հանդես կգան արտախորհրդարանական քաղաքական ուժերը, իրենց գնահատականները կտան, իրենց այլընտրանքային նախագծերը կառաջարկեն, նաև բողոքի ակցիաներ կկազմակերպեն՝ դրանով ազդելով որոշումների կայացման գործընթացի վրա։

Նրա խոսքերով՝ դժվար թե մոտ ժամանակահատվածում մենք կարող ենք ակնկալել արդյունավետ մասնակցություն արտախորհրդարանական քաղաքական ուժերի կողմից։ Հիմնական պատճառներից մեկը, ըստ քաղաքագետի, այն է, որ այդ ուժերը դեռևս կայացած չեն, և դեռ բոլորի համար ճանապարհ կա անցնելու, որպեսզի ֆորմալ առումով գոյություն ունեցող քաղաքական ուժերը դառնան իրական քաղաքական ուժեր։

«Այս առումով շատ կարևոր եմ համարում, որ ինչպես արտախորհրդարանական քաղաքական ուժերը, այնպես էլ քաղաքացիական նախաձեռնությունները, ՀԿ-ները, կարողանան ակտիվորեն օգտագործել փորձագիտական ներուժը, և հիմա դրա հետ կապված կան լուրջ խնդիրներ, քանի որ փորձագիտական ներուժը Հայաստանում շատ սահմանափակ է, և հիմնականում այդ փորձագիտական ներուժը կենտրոնացած է կառավարության շրջանակներում»,- հավելեց նա։

Նոր խորհրդարանը կդառնա՞ քաղաքական համակարգում ստատուս-քվոյի հաստատման երաշխիք, թե՞ քաղաքական գործընթացների վրա կազդեն այլ գործոններ, քաղաքագետը նշեց, որ պառլամենտը դառնալու է բանավեճերի հիմնական կենտրոնը, հանրային տարատեսակ քննարկումները տեղի են ունենալու առաջին հերթին խորհրդարանում, և այս առումով խորհրդարանը ձեռք է բերելու բոլորովին այլ իմաստ։

Ըստ նրա՝ «Իմ քայլի» ներսում ապահովված է լինելու բազմակարծությունը՝ հենց միայն այն հանգամանքից ելնելով, որ տարբեր հարցերի վերաբերյալ այնտեղ կան մարդիկ, ովքեր ունեն տարբեր տեսակետներ, իսկ կառավարությունը ձևավորվելուց հետո պետք է հենվի այդ մեծամասնության վրա։