Քիչ առաջ ավարտվել է «Իմ քայլը» խորհրդարանական ապագա խմբակցության առաջին նիստը: Նիստից հետո լրագրողների հետ զրույցում Ալեն Սիմոնյանը հայտնել է, որ ներկա են եղել հիմնականում այն մարդիկ, որոնք Ազգային Ժողովում ներկայացնելու են «Իմ քայլը» դաշինքը:

«Այլ թեկնածուների քննարկում եղել է վարչության կազմում, որը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ղեկավար մարմինն է եւ որը ձեւավորել է նաեւ Ազգային ժողովի մեր ցուցակը: Այդ քննարկումների ավարտին կոնսենսուսով բերվել է այն թեկնածուների ցուցակը, որը ներկայացվեց ներսում»,-ասաց Ալեն Սիմոնյանն ու նշեց, որ որոշումները կայացվել են միաձայն, քննարկումների արդյունքում, եղել է մեկ ձեռնպահ:

Դիտարկմանը, թե քիչ առաջ լրատվամիջոցներով տարածվեց, որ ԱԺ-ում խմբակցությունը ներկայացնելու Լիլիթ Մակունցի թեկնածությունը միանշանակ չի ընդունվել, Ալեն Սիմոնյանը պատասխանեց.

«Դա չի համապատասխանում իրականությանը, տարբեր թեկնածուներ են քննարկվել, եկել ենք այն եզրահանգման, որ Լիլիթ Մակունցի թեկնածությունն ամենաճիշտն է»:

Ալեն Սիմոնյանը վստահեցրեց, որ որոշումները միանձնյա չեն ընդունվում, եղել են երկար քննարկումներ, որոնք շարունակվել են այնքան, մինչեւ եկել են կոնսենսուսի եւ դա բոլոր թեկնածուների դեպքում՝ ԱԺ նախագահի, փոխնախագահի, բոլորի:

Սիմոնյանը հայտնեց նաեւ, որ որպես ԱԺ խոսնակ առաջարկվում է Արարատ Միրզոյանի թեկնածությունը, որպես փոխխոսնակներ՝ իր եւ Լենա Նազարյանի թեկնածությունը, խմբակցության ղեկավար կլինի Լիլիթ Մակունցը, իսկ քարտուղար՝ Հակոբ Սիմիդյանը:

ԱԺ առաջին նիստը կկայանա այն օրը, որը կորոշի ԿԸՀ-ն:

Քննարկվել են նաեւ հանձնաժողովների նախագահների անունները․ այս պահին կա 10 հանձնաժողով, կառաջարկվի այդքան, թեպետ Սահմանադրությունը թույլ է տալիս ունենալ 12 հանձնաժողով:

Գործադիրի հարցը, ըստ Ալեն Սիմոնյանի, դեռ որոշված չէ, բայց Ազգային ժողովի կազմը 90 տոկոսով պատրաստ է: