Առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանի մասնակցությամբ երեկ տեղի է ունեցել Հայաստանում ընտրական աջակցության ծրագրի ղեկավար կոմիտեի հերթական նիստը։

Ըստ կառավարության պաշտոնական կայքէջի, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) նախագահ Տիգրան Մուկուչյանը ներկայացրել է, որ դեկտեմբերի 9-ի արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքում արձանագրվել է ընդամենը 4 հազար 700 անվավեր քվեաթերթիկ, նախորդ՝ 2017 թվականի խորհրդարանական ընտրությունների 7 հազար 500-ի համեմատ։

ԿԸՀ նախագահը նշել է, որ ընտրատեղամասերում տեղադրվել են 4 հազար ընտրողների նույնականացման սարքեր, որոնցից քվեարկության օրը փոխարինվել է 16 սարք և արդյունքում սարքերի աշխատանքի վերաբերյալ չի գրանցվել որևէ խնդիր։ Բացի այդ, քվեարկության օրվան նախորդող օրվանից սկսած ամբողջ հանրապետությունում գործարկվել են 1501 տեսախցիկներ և քվեարկության օրն ապահովվել է համաժամանակյա հեռարձակում։ Ըստ այդմ, չի գրանցվել որևէ դիմում, բողոք տեխնիկական սարքերի, տեսախցիկների, ուղիղ հեռարձակման խափանումների վերաբերյալ։

Հանրապետության տարածքում տեղադրվել է 84 տեղեկատվական վահանակ, մշակվել և տարածվել է 2 ռադիոգովազդ, քվեարկության օրն առաջին անգամ ընտրող քաղաքացիներին բաժանվել է 80 հազար կրծքանշան։

Ծրագրի ղեկավար կոմիտեն արձանագրել է, որ այս և ներկայացված որոշ այլ թվեր ապացուցում են, որ ծրագրի շրջանակներում իրականացված տեղեկատվական արշավները և տեխնիկական աշխատանքների կազմակերպումը եղել է արդյունավետ և ծառայել ծրագրի դրած նպատակներին։

Դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարները, հղում կատարելով նաև միջազգային դիտորդական առաքելությունների նախնական զեկույցներին, փաստել են, որ ընտրությունների նկատմամբ հանրային վստահության մակարդակն աննախադեպ բարձր է եղել Հայաստանում երբևէ իրականացված համապետական ընտրությունների համեմատությամբ։

ՄԱԿ համակարգող Շոմբի Շարփը, մեջբերելով նաև քվեարկության օրվա իր անձնական փորձառությունը, շնորհավորել է Հայաստանի կառավարությանն ու հայ ժողովրդին իրապես ազատ, արդար և թափանցիկ ընտրությունների կազմակերպման առիթով։

Ղեկավար կոմիտեի անդամ դեսպանների ու դիվանագիտական ներկայացուցիչների հարցերին ի պատասխան՝ ԿԸՀ նախագահը որոշ մանրամասներ է ներկայացրել հետընտրական գործընթացների գործնական հարցերի և օրենսդրական կարգավորումների վերաբերյալ։

Ամփոփելով քվեարկության նախորդող և քվեարկության օրը ստացված դիմումների վերաբերյալ տեղեկատվությունը՝ պարոն Մուկուչյանը տեղեկացրել է, որ այս պահի դրությամբ ԿԸՀ-ն չի ստացել որևէ քաղաքական կուսակցությունից կամ որևէ թեկնածուից բողոք, ինչպես նաև չի ստացվել ընտրությունների ամբողջական վերահաշվարկի որևէ դիմում։

Առաջին փոխվարչապետի պաշտոնակատարը շեշտել է, որ դեկտեմբերի 9-ի արտահերթ խորհրդարանական ընտրությունները երկրի պատմության մեջ աննախադեպ էին միջազգային ամենաբարձր չափանիշներին իրենց համապատասխանությամբ, իրենց ազատությամբ, արդարությամբ, թափանցիկությամբ և իհարկե, հանրային վստահության աստիճանով։ Ամփոփելով՝ Արարատ Միրզոյանը ևս մեկ անգամ շնորհակալություն է հայտնել բոլոր միջազգային գործընկերներին և ընտրությունների կազմակերպման գործում ներգրավված անձանց արտակարգ ռեժիմով աշխատելու, պրոֆեսիոնալիզմի և արդյունավետության համար։