«Ժամանակ» թերթը գրում է. «Հայաստանի խորհրդարանի արտահերթ ընտրության գործընթացն անցնում է ընդդիմության անբնական փնտրտուքի ներքո: Բանն այն է, որ քաղաքական պայքարը ինքնին իշխանության փնտրտուք ենթադրող գործընթաց է, այսինքն ընտրությունը իշխանություն ձեւավորելու հանրային միջոցառում է: Սակայն ներկայումս ստեղծված է մթնոլորտ, որտեղ կա տպավորություն, թե ձեւավորվում է նաեւ ընդդիմություն: Ավելին, կա համոզում՝ եւ իրավացիորեն, որ իշխանությունն արդեն ձեւավորված է եւ ընտրական գործընթացում դա ֆորմալություն է, եւ բուն խնդիրը ընդդիմության ձեւավորումն է:

Այն, որ ներկայիս ընտրության ինտրիգը իհարկե երկրորդ, երիորդ կամ չորորդ ուժերի հարցն է, անկասկած է: Սակայն դա ըստ էության որեւէ կապ չունի ընդդիմության հետ: Հատկանշական է, որ գործընթացը ընդդիմության «ընտրության» տիրույթ է բերում նախկին իշխանությունը՝ ՀՀԿ-ն, հայտարարելով, որ միակ իրական ընդդիմությունն է, իսկ մյուսները արհեստական են կամ կեղծ, այսպես ասած ֆեյք ընդդիմություն: