«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Դեկտեմբերի 9-ին կայանալիք ԱԺ արտահերթ ընտրություններին միայն համամասնական ընտրացուցակով մասնակցելու հայտ ներկայացրած թեկնածուների թիվը, նախորդի համեմատ, բավական շատ է: «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ այս տարի համամասնական ընտրացուցակներում ընդգրկված է 1495 թեկնածու, մինչդեռ 2017թ. ԱԺ ընտրություններում թեկնածուների թիվը 1407 էր:

Այս ընտրություններին թեկնածուների թվի ավելացումը միանգամայն հասկանալի է. մասնակցելու հայտ է ներկայացրել 11 քաղաքական ուժ, մինչդեռ նախորդ տարի ընտրություններին մասնակցում էր 8 ուժ:

Նշենք, որ համամասնական թեկնածուների թվով առաջատարը «Իմ քայլը» դաշինքն է՝ 183 հոգի, ՀՀԿ-ն ներկայացրել է 125 հոգանոց ցուցակ, ԲՀԿ-ն՝ 175 թեկնածու, «Սասնա ծռերը»՝ 175 թեկնածու: ՀՅԴ թեկնածուների թիվը 152 է, «Լուսավոր Հայաստան»-ինը` 155: «Մենք» դաշինքի թեկնածուները 144 հոգի են, ՕԵԿ-ինը՝ 137, «Քաղաքացու որոշում» կուսակցությանը՝ 81, «Ազգային առաջընթաց» կուսակցության թեկնածուները եւս 81-ն են, Հայաստանի Քրիստոնեաժողովրդավարական կուսակցությանը` 87 հոգի: Ինչ վերաբերում է ռեյտինգային ընտրակարգով առաջադրված թեկնածուներին, ապա ԿԸՀ-ն դեռ չի հրապարակում նրանց թիվը:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: