Vice President of the National Assembly of the Republic of Armenia Eduard Sharmazanov gave a press conference

«Ակնկալում ենք դառնալ իրական ընդդիմություն եւ ԱԺ-ում «Իմ քայլից» հետո լինել երկրորդ բեւեռը»,-խորհրդարանում այսօր լրագրողների հետ զրույցում անդրադառնալով դեկտեմբերի իննին սպասվելիք արտահերթ ԱԺ ընտրություններին, ասաց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը:

Հարցին՝ «ՀՀԿ ցուցակում հիմնականում չկան այն հայտնիները, որոնք ՀՀԿ-ին նախկինում ձայներով էին ապահովում, ինչպե՞ս է ՀՀԿ-ն ընտրվելու»,

Շարմազանովն այսպես արձագանքեց. «Ժողովուրդն է ձայն տալու…այդ մարդկանց բարի երթ եմ մաղթում»: Շարմազանովը համոզմունք հայտնեց, որ ընտրությունների արդյունքում ՀՀԿ-ն կմտնի նոր խորհրդարան. «Կգնաք ընտրությունների՝ կտեսնեք…կարծում եք՝ ՀՀ-ում բոլորը կողմ են «Իմ քայլ»-ի՞ն, կամ՝ կարծում եք, որ Շարմազանովը, Վիգեն Սարգսյանը կամ մեկ այլ ՀՀԿ-ական ձայներ չունե՞ն…կտեսնենք»: Էդուարդ Շարմազանովի ձեւակերպմամբ՝ ՀՀԿ-ն այն եզակի ուժն է, որը չի ողջունել ՀՀ-ում տեղի ունեցած իշխանազավթումը կամ իշխանափոխությունը. «Կամ՝ թավշյա հեղափոխությունը: Տարբեր ձեւեր են անվանում դա: Մենք այս ընթացքում վեր ենք հանել Փաշինյանի կառավարության թերացումներն ու ձախողումները՝ ներդրումների կտրուկ անկում, աշխատատեղերի փակում, տնտեսական աճի նվազում, ասֆալտին փռելու մշակույթ…Բոլորին կոչ ենք անում կոռեկտ եւ քաղաքակիրթ ընտրապայքար տանել: Հուսամ՝ Փաշինյանի խոսքերը գործի կվերածվեն, եւ մենք ականատես չենք լինի «դուխով» ելույթների՝ ասֆալտին փռելու եւ ԱԱԾ-ով վախեցնելու կոչերով»: