Այսօր ԱԺ-ում հետաքրքիր շրջադարձ եղավ: ՀՀ փոխոստիկանապետ Հովհաննես Քոչարյանը «Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» օրենքում» փոփոխությունների նախագիծը ներկայացրեց ու ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանը, պահը բաց չթողնելով՝ նրան հարց ուղղեց՝ եթե մենք վաղը վերացնենք կարմիր գծերն ու արագաչափերը, ճանապարհային երթեւեկության անվտանգության հետ ինչ-որ բան կկատարվի՞, ի՞նչ ենք շահում դրանցից: Սա շրջադարձ է այն առումով, որ տարիներ առաջ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը նմանատիպ հարց էր ուղղել ՀՀԿ-ի իշխանությանը ու ամենասուր ձեւով քննադատել այն պատասխանը, որը հիմա պատգամավորներին տրվում է իր իշխանության օրոք: Հովհաննես Քոչարյանը Մելքումյանի հարցին պատասխանեց. «Մեր ուսումնասիրությամբ, արագաչափերի տեղադրումը 2012-ից եւ ընդհանրապես տեխնիկական վերահսկողության միջոցների օգտագործումը երթեւեկության անվտանգության նկատմամբ հսկողություն իրականացնելիս կրճատել է մահերի թիվը 11 տոկոսով: Այսինքն, եթե մենք տարեկան միջինում ունենք 300 մահ, ապա արագաչափերի բացակայության պարագայում այդ թիվը 11 տոկոսով ավելի կլիներ: Սա միանշանակ եզրահանգում է, այս վերլուծության արդյունքները մի քանի անգամ վերահաստատվել են»: Հովհաննես Քոչարյանն ասաց, որ հեղափոխությունից հետո ոստիկանությունը որոշակի մեղմացրեց պատասխանատվության քաղաքականությունը, բայց արդյունքները վատ են, դա բերեց նրան, որ վարորդների վարքագծում վատ իմաստով փոփոխություններ եղան. «Արագաչափերի զսպող նշանակությունը մեզ համար ակնհայտ է ու այս հարցում ոստիկանությունն իր կայուն դիրքորոշումն ունի»: Իսկ ի՞նչ էր ասել Նիկոլ Փաշինյանը, երբ ՀՀԿ-ի իշխանության ժամանակ նրա ասել էին, որ արագաչափերը կանխում են մահերը: Փաշինյանի խոսքով՝ «2012-ին մեծ շուքով ՀՀ ավտոճանապարհներին տեղադրվեցին արագաչափերը եւ տեսախցիկները: Այդ ժամանակ հիմնավորումն այն էր, որ հերթական առաջադիմական քայլն է արվում, ՀՀ ճանապարհներին կարգուկանոնը, անվտանգությունը բարձրացնելու: Հիմա 3 տարի է, դրանք գործել են, ժամանակն է միջնաժամկետ արդյունքներն ամփոփել: Հիմա ինչ, այս 3 տարվա ընթացքում վթարների թիվը նվազե՞լ է, թե՞ չի նվազել»: Նիկոլ Փաշինյանը վիճակագրական տվյալներ էր բերել, ըստ որի, 2011-ին ՀՀ ավտոճանապարհներին եղել է 2319 ավտովթար, 2014-ին՝ 3156 ավտովթար: Այսինքն, ըստ Փաշինյանի, արագաչափերի գործունեության ընթացքում վթարների թիվն աճել է 36 տոկոսով: 2011-ին ունեցել ենք 2964 տուժող վթարներից, 2014-ին՝ 4776 տուժող, աճը՝ ուղիղ 61 տոկոս. «Այս տարի էլ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատ արդեն ունենք 9.9 տոկոս աճ: Եվ սա՝ համատարած արտագաղթի պայմաններում»: Երբ Սերժ Սարգսյանը ժամանակին հայտարարել էր, որ արագաչափերի տեղադրումից հետո զգալիորեն նվազել են երթեւեկության կանոնների խախտումները, Փաշինյանը հեգնել էր. «Ասում է՝ մասնագետներն ասում են, որ 70 տոկոսով կրճատվել են երթեւեկության կանոնների խախտումները: Էս երկրում չես հասկանում՝ ով ում ինչ թիվ ոնց է տալիս: Էս երկրում վիճակագրություն կա, համակարգ կա: Ում ինչ թիվ ձեռ է տալիս՝ ասում է: Որտեղի՞ց է Բաղրամյան 26-ում այս թիվը հայտնվել: Պաշտոնական տվյալներն ասում են՝ 2011-ին մենք ունեցել ենք 679 հազար 978 որոշում խախտման մասին, իսկ 2014-ին՝ 1 մլն 647 հազար 252: Խախտումների աճը կազմել է ուղիղ 142 տոկոս, իսկ Սերժ Սարգսյանն ասում է՝ 70 տոկոսով նվազել է»: Ըստ Նիկոլ Փաշինյանի, երթեւեկության կանոնների պահպանման, անվտանգության առումով այս արագաչափերը ոչ մի բան մեզ չեն տվել: Փոխարենը՝ ունենք հսկայական առաջընթաց տուգանքների մասով. «Սա ուղղակի նոր հարկատեսակ է, որ դրվում է ՀՀ քաղաքացու ուսերին: Մարդիկ այս տարիներին 25 մլրդ դրամ են ծախսել տուգանքների համար, որ պետք է տային սոցիալական խնդիր լուծելու, երեխային հագուստ գնելու համար, տվել են եսիմ ում»: Նիկոլ Փաշինյանն ասաց, որ ըստ օդում կախված լուրերի, այդ գումարը մտնում է Սերժ Սարգսյանի ընտանիքի գրպանը: Ու հիմա հարց է առաջանում՝ Սերժ Սարգսյանն էլ իշխանություն չի, հիմա ո՞ւմ ընտանիքի գրպանն է մտնում այդ գումարը: Հիշեցնենք՝ Փաշինյանը հայտարարել էր, որ արագաչափերը հանելը դնելու են իրենց կուսակցության նախընտրական ծրագրի հիմքում: Իսկ տեսախցիկները պետք է պահեն՝ երթեւեկությունը միայն օպերատիվ հսկելու եւ վարորդների հետ խախտումները քննարկելու համար:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ