Bloombergգործակալությունն անդրադարձել է ServiceTitan Inc. ընկերությանը, որը զբաղվում է ջրմուղագործների, էլեկտրատեխնիկների եւ այլ տնային ծառայությունների համար համակարգչային ծրագրերի մշակմամբ:

Նշվում է, որ ServiceTitan-ը Լոս Անջելեսում գործող նորագույն ստարթափ ընկերություն է, որն ապացուցում է, որ անգամ ջրմուղագործությամբ կարելի է միլիարդ դոլարանոց տեխնոլոգիական բիզնես հիմնել: Ընկերությունը Հարավային Կալիֆոռնիայի հաջող բիզնեսներից մեկն է, սակայն ի տարբերություն մյուսների` այն փորձում է հեշտացնել սովորական, հիմնական, անընդհատ կատարվող աշխատանքը:

Ընկերության համահիմնադիր Արա Մահտեսյանը լրատվամիջոցին ասել է, որ ServiceTitan-ը կավելացնի իր աշխատակիցների թիվը Գլենդելում եւ Ատլանտայում, սակայն դեռեւս չի ծրագրում գրասենյակ բացել Սիլիկոնե Հովտում:

Արա Մահտեսյանն ու Վահե Կուզոյանն ընկերությունը հիմնել են 2012 թվականին: Նրանք երկուսն էլ ծրագրեր էին մշակում իրենց հայրերի ընկերությունների համար: Կուզոյանի հայրը ջրմուղագործ է, իսկ Մահտեսյանի հայրը` կապալառու: Նրանք ServiceTitan-ի առաջին հաճախորդներն էին, որոնք օգնությամբ էլ փորձարկվում էր ծրագրերի արդյունավետությունը:

Index Ventures-ը ServiceTitan-ի ներդրողն է: Ընկերության ղեկավար Նինա Աչաջյանը նույնպես հայ է եւ համալսարանական տարիներից ճանաչում է Մահտեսյանին եւ Կուզոյանին: Բացի այդ` Աչաջյանն այցելել է Հայաստան, որպեսզի ServiceTitan-ի համար հեռանկարային աշխատողներ փնտրի:

Այժմ ServiceTitan-ը ավելի քան 1000 հաճախորդ ունի և տարեկան մոտ 100մլն դոլար եկամուտ է ստանում: Ընկերությունը, որին նախկինում հաջողվել էր 160մլն դոլար հավաքել, նոր եկամուտները կուղղի դեպի նոր ոլորտներ, ինչպիսիք են վնասատուների վերացումն ու գորգերի լվացումը: Աչաջյանի խոսքով` հիմնադիրերը լուրջ առավելություն ունեն, որը նրանց «հայի գործունյա տեսակն» է: