«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Մարտի 1-ի դեպքերի առնչությամբ հարուցված քրեական գործով շուտով կհարցաքննվի նաեւ նախկին նախագահ Սերժ Սարգսյանը. այդ մասին երեկ հայտարարել է ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը: «Բազմիցս նշել եմ, որ հարցաքննվելու են բոլորը, ովքեր առնչություն են ունեցել այս գործին, բոլորը առանց բացառության: Այո՛, հարցաքննվելու է նաեւ Սերժ Սարգսյանը: Դա արդեն քրեական գործի քննության անհրաժեշտությունից ելնելով` որոշում է քննիչը` ելնելով կոնկրետ քննչական գործողությունը կատարելու նպատակահարմարությունից»,- ասել է նա: Հատկանշական է փաստը, որ դեռ մինչեւ երեկ ՀՔԾ պետն ուղղակի չէր հայտարարել Սերժ Սարգսյանին հարցաքննության հրավիրելու անհրաժեշտության մասին: Օգոստոսի 9-ին` կառավարության նախորդ նիստից հետո, նաեւ դրանից առաջ լրագրողների՝ Ս.Սարգսյանին հարցաքննելու մասին հարցին Խաչատրյանն ընդհանրական պատասխան էր տվել` ասելով, թե կհարցաքննվեն բոլոր նրանք, ովքեր կարող են տեղեկատվություն ունենալ այդ գործի մասին: Այնինչ երեկ նա ուղղակիորեն մատնանշել է նաեւ ՀՀ երրորդ նախագահի անունը: Սա ինքնին ուշագրավ է, եթե հաշվի առնենք փաստը, որ Սերժ Սարգսյանը 2008թ. եղել է ՀՀ վարչապետ, եւ այդ իրադարձություններից հետո ինքը զբաղեցրեց նախագահի պաշտոնը:
Շարունակությունը՝ այստեղ։