«Երկիր Ծիրանի» կուսակցությունը հայտարարում է, որ մերժում է 2018 թվականի դեկտեմբերի 9-ի` «ՀՀ խորհրդարանական ընտրություններ» անվանումով կեղծ նախաձեռնությունը»:Այսօր տարածած հաղորդագրությունում կուսակցությունը նշել է, որ 2018 թվականի ապրիլ-մայիս ամիսներին տեղի ունեցած Համահայկական մեծ ընդվզումը չվերածվեց Հայկական Մեծ հեղափոխության:

«Քառորդդարյա ավտորիտար համակարգին իրավաքաղաքական դատապարտման գնահատական չտրվեց: Մրցունակ և արդյունավետ պետական համակարգի ներդրման վերաբերյալ իրավական հայեցակարգ չընդունվեց: 27-ամյա ավտորիտար համակարգում տեղի ունեցած վերադասավորումները և անվանափոխությունները չեն կարող երաշխավորել արդար, հավասար և թափանցիկ պայմաններում ընտրական իրավունքի իրացում: Ավտորիտար ռեժիմի կեղծ տապալման` նմանակման (իմիտացիայի) պայմաններում, այսպես կոչված՝ «խորհրդարանական ընտրություններ» անվանվող քաղաքական պայքարն ի սկզբանե ձախողված է: Ավտորիտար ռեժիմի կեղծ տապալման սցենար մշակողների կողմից սահմանված կանոններով «խորհրդարանական ընտրությունների» անվան տակ 2018 թվականի դեկտեմբերի 9-ի` Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի ընտրություններ միջոցառմանը մասնակցելը, որպես քաղաքական միավոր, ոչ միայն հնարավորություն չի ընձեռելու տապալել ավտորիտարիզմը և ներդնել ժողովրդավարական համակարգ, այլև ընդհակառակը` նպաստելու է ավտորիտար ռեժիմի թարմացմանը և լիցքավորմանը», – ասված է հայտարարությունում:

«Երկիր Ծիրանի» կուսակցությունը հավելում է. «Նիկոլ Փաշինյանի ժամանակավոր կառավարությունը, չնայած ստանձնած պարտավորությանը, չի լուծել արդի Հայկական պետականությունում ընտրական իրավունքի իրացման հետ կապված համակարգային խնդիրը` չի ազատականացրել քաղաքական դաշտը, հայ ազգի բոլոր հատվածների` արցախցիների, Հայաստանի Հանրապետությունից դուրս գտնվող ՀՀ քաղաքացիների, բազմաքաղաքացիների համար չի ապահովել ընտրելու և ընտրվելու իրավունքը: 2018 թվականի դեկտեմբերի 9-ին նշանակված արտահերթ խորհրդարանական ընտրություններն առանց ընտրական համակարգի արմատական փոփոխության` բազմաշերտ և բազմակողմ հանցավոր պայմանավորվածությունների հետևանք են»: