Factor.am գրում է. «Առաջիկա խորհրդարանական ընտրություններում մի շարք լրագրողներ և խմբագիրներ առաջադրվելու են պատգամավորի թեկնածուներ՝ հիմնականում իշխող «Իմ քայլը» դաշինքի ցուցակով: Մասնավորապես, «Ազատություն» TV-ի լրագրող Սիսակ Գաբրիելյանն առաջադրվելու է Նիկոլ Փաշինյանի «Իմ քայլը» դաշինքով: Տեղեկությունը մեզ հետ զրույցում հաստատեց Գաբրիելյանը՝ տեղեկացնելով, որ նաև դիմում է գրել, որպեսզի անդամակցի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը: Հարցին՝ ու՞մից է առաջադրվելու առաջարկ ստացել, Սիսակ Գաբրիելյանն առաջարկեց տեղեկությունները ճշտել կուսակցության մամուլի ծառայությունից: ՔՊ-ից, սակայն, առաջարկում են սպասել ցուցակների պաշտոնական հրապարակմանը: Factor.am-ի տեղեկություններով՝ Սիսակ Գաբրիելյանը լինելու է «Իմ քայլը» դաշինքի համամասնական ցուցակում, ինչպես նաև առաջադրվելու է ռեյտինգային ընտրակարգով՝ թիվ 3 ընտրատարածքում, որը ներառում է Շենգավիթ և Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանները: «Իմ քայլը» դաշինքի ցուցակում է լինելու նաև «Ժողովուրդ» օրաթերթի գլխավոր խմբագիր Թագուհի Թովմասյանը: Նա ռեյտինգային ընտրակարգով առաջադրվելու է Գեղարքունիքի մարզում: Տեղեկությունը մեզ հետ զրույցում հաստատեց նաև Թագուհի Թովմասյանը: Մեր հարցին, թե ումից է ստացել առաջարկը, վերջինս պատասխանեց, որ ՔՊ-ից և հայտնեց, որ զբաղեցնելու է համամասնական ցուցակի 68-րդ տեղը։ Ի դեպ, մեր հարցին ի պատասխան՝ Թովմասյանը նշեց, որ կուսակցությանն անդամագրվելու պահանջ չի եղել: «Իմ քայլը» դաշինքով է առաջադրվում նաեւ «Հանրային» Հ/Ը-ի լրատվական ծրագրերի ղեկավար Վահագն Թևոսյանը: Այս մասին նա գրել է ֆեյսբուքի իր էջում: Նա միաժամանակ նշել է, որ չգիտի, թե համամասնական ցուցակի որ տեղում է։ Այս ցուցակում է լինելու նաեւ «Հայկական ժամանակ»-ի տնօրեն Հայկ Գևորգյանը: Տեղեկություններ կան, որ «Ժամանակ» թերթի և 1in.am կայքի գլխավոր խմբագիր Արման Բաբաջանյանը ևս առաջադրվելու է, բայց «Լուսավոր Հայաստան» կուսակցության ցուցակով: Այս տեղեկությունը, սակայն, ճշտել չհաջողվեց։ «Փաստ» օրաթերթի նախկին գլխավոր խմբագիր Վարուժան Բաբաջանյանն էլ լինելու է ԲՀԿ ցուցակում: Նա ռեյտինգայինով առաջադրվելու է Տավուշի մարզում: Իսկ ահա ՀՅԴ ցուցակով էլ առաջադրվելու է «Երկիր Մեդիա» ՀԸ-ի լրատվական ծրագրերի ղեկավար Գեղամ Մանուկյանը: Նա ռեյտինգային թեկնածու է լինելու Քանաքեռ-Զեյթուն, Նոր նորք և Ավան համայնքներն ընդգրկող ընտրատարածքներում։ Նշենք, որ վաղը ժամը 18:00-ին ավարտվում է նախընտրական ցուցակները ԿԸՀ ներկայացնելու ժամկետը: Նախընտրական քարոզարշավը կմեկնարկի նոյեմբերի 26-ին և կավարտվի դեկտեմբերի 7-ին: Դեկտեմբերի 8-ը լռության, իսկ 9-ը ընտրության օրն է»։