Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ասաց, որ որեւէ սկզբունքային հարց չկա, թե որ ընտրատարածքում իրենք կառաջադրվեն: Հարցին՝ ՀՀԿ-ում ասում են, որ իրենք հավակնում են լինել միակ ընդդիմադիր բեւեռը, դուք համակարծի՞ք եք դրան՝ Ավինյանը պատասխանեց. «ՀՀԿ-ն ինչպես տապալել է իշխանական կուսակցություն լինելու իրենց տրված հնարավորությունը, այնպես էլ նույն ձեւով կարող է տապալել ընդդիմություն լինելու իրենց հնարավոր տրվելիք մանդատը: Ես, անկեղծ ասած, չեմ տեսնում մրցակցություն ՀՀԿ-ի եւ մեր միջեւ»: Հարցին՝ ովքե՞ր են լինելու ընդդիմադիրները, եթե այդպես է՝ Ավինյանը պատասխանեց. «Դա ցույց կտան ընտրությունները»: Aravot.am-ը հարցրեց՝ ճի՞շտ է, որ 85 տոկոս եք ուզում հավաքել, Արմեն Աշոտյանն ասում է՝ տնաշեննե՛ր, ձեր ինչի՞ն է պետք 85 տոկոսը՝ Ավինյանը պատասխանեց. «Ընտրությունների արդյունքները պետք է որոշի ժողովուրդը: Եթե ժողովուրդը որոշի, որ մենք պետք է հավաքենք 85 տոկոս, մենք կհավաքենք 85 տոկոս, եթե այդպես չորոշի՝ կհավաքենք այնքան, ինչքան կորոշի: Մեր ընտրական ցուցակը լինելու է բազմազան եւ ներառված են լինելու տարբեր հասարակական-քաղաքական գործիչներ, ներգրավված են լինելու տարբեր ոլորտներից մասնագետներ եւ համոզված եմ, որ ԱԺ-ի գալիք ընտրությունների արդյունքում մենք ունենալու ենք բավականին ուժեղ եւ կայացած ԱԺ»: Ավինյանն ասաց, որ այն հայտարարությունները, որ Նիկոլ Փաշինյանը զավթել է իշխանությունը, ուզում է միահեծան կառավարել, անհեթեթ են. «Երեւանի ավագանու ընտրությունը, որի լեգիտիմությունը ոչ ոք չի կասկածում, շատ հստակ տեսաք, թե ինչ պատկեր է: ՀՀ-ում իրապես տեղի է ունեցել հեղափոխություն, այդ հեղափոխությունն իրականացրել է ժողովուրդը, ուղղակի ՀՀԿ-ն մինչ օրս չի կարողանում գիտակցել, որ իրենք այլեւս իշխանություն չեն, իշխանությունը ժողովրդինն է ու ժողովուրդն է որոշելու, թե ով կլինի իշխանություն»: Մեր հարցին՝ ՀՀԿ-ականները մտահոգություն ունեն, որ դուք ԱԺ-ն Նիկոլբաշի եք սարքելու ու ասում են, որ դրանով շատ հեշտ կլինի ղարաբաղյան հարցում պարտադրանք դնել ձեր վրա՝ Ավինյանը պատասխանեց. «Ես ձեզ վստահեցնում եմ, որ այն խորհրդարանը, որը կլինի դեկտեմբերի 9-ին կայանալիք ընտրությունների արդյունքում, կլինի բավականին բազմազան, կլինի բավականին ուժեղ, չի լինի մենաշնորհային՝ այսպես ասած ՔՊ-ի կողմից, միայն ՔՊ անդամների մասին չի խոսքը լինելու, լինելու է շատ ուժեղ ԱԺ, որը կարող է շատ հարցերում ունենա տարակարծություններ: Ես հույս ունեմ, որ մեր ֆրակցիան կկարողանա կոնսենսուսով այդ խնդիրները լուծել»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ