Ֆիլմ արտադրողների Համահայկական Ֆեդերացիան (ՖԱՀՖ) վիճարկում է Լ․ Մակունցի հրամանով ձևավորված ֆիլմերի ֆինանսավորման Պետական Հանձնաժողովի որոշումների օրինականությունը և բացատրություն է պահանջում մշակույթի նախարարությունից։ Մշակույթի նախարար Լ․ Մակունցի «Ֆիլմի նախագծերի Մրցույթների անցկացման և ֆինանսավորման մասնագիտական հանձնաժողով ստեղծելու և դրա անհատական կազմը հաստատելու մասին» հրամանով հապշտապ մշակված ֆիլմերի ֆինանսավորման նոր կանոնակարգը, ապա պետական հանձնաժողովի կազմն ու աշխատանքը կինեմատոգրաֆիստական շրջանակներում դժգոհության մեծ ալիք բարձրացրեցին։ ՖԱՀՖ-ը տարածեց Հայտարարություն, որում անվստահություն հայտնեց հանձնաժողովին և համարեց «Նոր Հայաստանում ֆիլմերի ֆինանսավորման առաջին մրցույթը, իր նշաձողի անկման աստիճանով, աննախադեպ»։ Արձագանքն այնքան կոշտ էր, որ ազգային կինոկենտրոնը չսպասելով հանձնաժողովի աշխատանքների ավարտին, նախաձեռնեց նոր կանոնակարգի մշակման գործընթաց և հրավիրեց փորձագետների խումբ՝ ֆիլմերի ֆինանսավորման նոր կանոնակարգ ստեղծելու նպատակով։ Որքան էլ կարճ տևեց նախարարության կողմից ձևավորած խմբի մշակած ֆիլմերի ֆինանսավորման Կանոնակարգի ու Պետական Հանձնաժողովի անփառունակ կյանքը, այն ամբողջովին արտացոլեց կինոյի պետական կառավարման մեջ արմատացած բոլոր ախտերը։ Հովանավորչությունը, մեքենայությունները, թայֆայականությունն ու ստվերային պայմանավորվածությունները ամբողջ փնջով դրսևորվեցին «Մակունցի հանձնաժողովի» ձևավորման ընթացքում, նաև հավելվեցին դիլետանտիզմն ու ցինիզմը։ ՖԱՀՖ-ը հրապարակում է իր ավարտական ամփոփ վերլուծությունը և հայտարարում, որ չի համակերպվելու Կինոյի կառավարման ոլորտում տիրող այս իրավիճակի հետ։ Ա․ ՆԵՐԱՌԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄ․ Նախարար Մակունցի հրամանով ֆիլմերի ֆինանսավորման հանձնաժողով ձևավորելու գործընթացում հիմնովին անտեսված է Հայաստանի նոր իշխանության ամենակարևոր սկզբունքներից մեկը՝ ներառականության սկզբունքը։ Կանոնակարգի «ՄՐՑՈՒՅԹՆԵՐԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԻ ԿԱԶՄԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ» գլխի 18. կետը փաստում է՝ «Հանձնաժողովը ձևավորվում է հետևյալ կառույցների՝ Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության, Հայկական ազգային կինոակադեմիայի, Անկախ կինոգործիչների համայնքի (IFCA), Երիտասարդական կինոալիքի, Կինոքննադատների և կինոլրագրողների ասոցիացիայի կողմից առաջադրված մեկական թեկնածուներից և Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության երկու փորձագետներից»։ Նույն գլխի 17. կետում ասվում է՝ «Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարի հրամանով ընթացիկ տարվա հայտերի ուսումնասիրման համար կազմավորվում է 7 հոգուց բաղկացած մասնագիտական հանձնաժողով»: Նույն գլխի 20. կետում՝ «Մասնագիտական հանձնաժողովը կազմվում է հետևյալ մասնագետներից 2 կինոռեժիսոր, 2 պրոդյուսեր, 1 կինոգետ-կինոքննադատ»: Կանոնակարգը առանձին հավելվածով սահմանում է թեկնածուների չափորոշիչներ, որոնք այնքան անհեթեթ են, որ ակնհայտորեն «կարվել են» հանձնաժողովի արդեն ընտրված անդամների «հագով»։ Գործընթացը դեռ չսկսած, այս կետերը դառնում են խնդրահարույց։ Կինոկենտրոնի տնօրենը նամակով դիմում է վերոնշյալ կառույցներին, խնդրելով ապահովել մեկական թեկնածուի, ապա մեկ այլ նամակով դիմում է նախարար Մակունցին՝ արդյունքները զեկուցելու և հրաժարված թեկնածուներին համալրելու խնդրանքով։ Մեջբերում ենք՝ «Ձեզ ենք ներկայացնում 2018թ.-ի ֆիլմերի նախագծերի հայտերի ուսումնասիրման մասնագիտական հանձնաժողովի կազմը. Հայաստանի կինեմատոգրաֆիստների միություն – հրաժարվել է մասնակցել Հայկական ազգային կինոակադեմիա – Անետա Երզնկյան – կինոգետ Անկախ կինոգործիչների համայնք – Արմինե Անդա – պրոդյուսեր Երիտասարդական կինոալիք – Խանե Պողոսյան – ռեժիսոր Կինոքննադատների և կինոլրագրողների ասոցիացիա – Կարեն Ավետիսյան – կինոքննադատ։ Խնդրում ենք Ձեզ վերոնշյալ կազմը համալրելու նպատակով ավելացնել ևս երեք թեկնածու ․․․ և ՀՀ մշակույթի նախարարի հրամանով հաստատել 7 հոգուց բաղկացած մասնագիտական հանձնաժողովի կազմը»: Նամակից տեղեկանում ենք, որ Կանոնակարգի ստեղծման հիմքերում կանգնած Հայաստանի կինեմատոգրաֆիստների միությունը հրաժարվում է մաս կազմել «Մակունցի Հանձնաժողովին»։ Կինոմիության դեմարշը կազմաքանդում է Կանոնակարգի ներառականության «փիլիսոփայությունը», բայց նախարարը խնդիր չի տեսնում և նախարարության կողմից «տալիս է» երրորդ թեկնածուին։ Եթե անգամ անտեսենք մասնագիտական հանձնախմբում նախարարության առաջարկած երեք ներկայացուցչի անպատեհ առկայության փաստը, չենք կարող համաձայնվել, որ հանձնախմբում ներառված կառույցները արտացոլում են Հայաստանի կինոհանրությունը։ Կառույցների մի մասը արտահայտում է մեկ առանձին խմբի շահերը, իսկ երիտասարդական միավորումներն այնքան սակավաթիվ ու մարգինալ են, վստահության այնքան չնչին ցուցիչ ունեն, որ բացի իրենք իրենցից, որևէ մեկին ներկայացնել չեն կարող։ Արդյունքում՝ «Մակունցի Հանձնաժողովը» դառնում է յուրայինների միջև աշխատանքները բաշխելու, թայֆայականության հերթական դրսևորում, որն իր ներառականությամբ զիջում է անգամ նախկինում կինոկենտրոնի տնօրենի կողմից ձևավորվող հանձնախմբերի կազմին։ Բ․ ՀՈՎԱՆԱՎՈՐՉՈՒԹՅՈՒՆ․ Կանոկարգի «ներառականության» շղարշը ամբողջովին ցնդում է, երբ պարզ է դառնում, որ Անետա Երզնկյանը «Հայկական ազգային կինոակադեմիա» և Կարեն Ավետիսյանը «Կինոքննադատների և կինոլրագրողների ասոցիացիա» չեն մասնակցում աշխատանքներին և նոր Հայաստանում ֆիլմերի ընտրության առաջին անկախ հանձնաժողովը ներկայացնում են երեք կառույց՝ ՀՀ Մշակույթի նախարարությունը, Անկախ կինոգործիչների համայնքը և Երիտասարդական կինոալիք նախաձեռնությունը։ Որն է մասնագիտական կինոկառույցների «դեմարշի» պատճառը, դժվար է ասել, ՖԱՀՖ-ը սակայն ունի փաստեր, որ մշակույթի նախարարությունը ճնշումներ է գործադրել կինոկառույցների վրա՝ իր կողմից հովանավորվող կոնկրետ թեկնածուի պարտադրելու նպատակով։ Ինչն ի վերջո հաջողվել է, կառույցները տեղի են տվել և մշակույթի նախարարությունը ձեռք է բերել չորրորդ վստահելի (վերահսկելի) մարդուն հանձնաժողովում։ Անհրաժեշտության դեպքում ՖԱՀՖ-ը չի վարանի հրապարակել թեկնածուի անունը և տեղեկատվության աղբյուրը։ Մշակույթի նախարարության հաջորդ հովանավորյալը բացահայտվում է, երբ ազգային կինոկենտրոնը որոշում է նոր կանոնակարգ մշակելու նպատակով փորձագետների խումբ հրավիրել։ ՀՀ մշակույթի նախարարությունից կինոկենտրոնին «առաջարկում են» փորձագետների խմբում անպայման ընդգրկել նախկին հանձնաժողովի անդամ Ա․ Անդային։ Սա նշանակում է, որ 7 «մասնագետից» կազմված «Մակունցի Հանձնաժողովում» մշակույթի նախարարությունը ունեցել է 5 վերահսկելի թեկնածու։ Անհավանական է, բայց անգամ այս հարաբերակցությունը չի պահպանվում։ Հանձնախմբի աշխատանքներին չի մասնակցում Գարեգին Զաքոյանը և հանձնաժողովը իր որոշումները կայացնում է 6 անդամով, որից 5-ը մշակույթի նախարարության հովանավորյալներն են կամ աշխատողները։ Ովքե՞ր են այդ «մասնագետները» առանձին թեմա է, ՖԱՀՖ-ին տրամադրել են փաստեր, ըստ որոնց «Մակունցի հանձնաժողովի» երկու անդամներ մեղադրվում են գրագողության մեջ։ ՖԱՀՖ-ը նպատակ չունի ներքաշվել մանր ինտրիգների դաշտ, հանձնաժողովն արդեն իսկ «ոչ ևս» է, կինոկենտրոնի նոր Կանոնակարգով պետք է ձևավորվի ֆիլմերի ֆինանսավորման փորձագիտական նոր հանձնախումբ։ Էականն այն է, որ մշակույթի նախարարությունը իր հովանավորյալների միջոցով լիակատար հսկողություն է սահմանել անկախ, մասնագիտական հանձնաժողովի վրա, ինչն անթույլատրելի է։ Գ․) ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳԵՐԱԶԱՆՑՈՒՄ Կանոկարգի` «ՖԻԼՄԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՀԱՅՏԵՐ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼԸ ԵՎ ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ԿԱՐԳՈՎ ԴՐԱՆՑ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ՀԱՍՏԱՏՈՒՄԸ» գլխի 16. կետը արձանագրում է «նախկինում պետական աջակցություն ստացած և պայմանագրային պարտավորությունները չկատարած ֆիլմարտադրողների կողմից ֆիլմի նախագծերի հայտեր ներկայացվելու դեպքում դրանք ենթակա են մերժման»: Այս կետը կինոկենտրոնի իրավական անգրագիտության հին ավանդույթի դրսևորում է։ Դեռևս «Հայֆիլմի» պայմանագրերում նշվում էր՝ «Պայմանագիրը ուժի մեջ է մտնում «Հայֆիլմի» տնօրենի ստորագրման պահից»։ Ըստ խորհրդային ժամանակներից ժառանգած տրամաբանության, պայմանագրի երկրորդ կողմը կարող էր չստորագրել և միևնույն է Պայմանագիրը ուժի մեջ կլիներ, եթե տնօրենն այն ստորագրել էր։ Կանոնակարգի այս կետը կոպտորեն խախտում է Ֆիլմարտադրողի իրավունքները, որովհետև իրավահարաբերությունները կարգավորող Պայմանագրերը երկու կողմ ունեն։ Հետևաբար, պայմանագրային պարտավորությունները կարող են չկատարվել ինչպես ֆիլմարտադրողի, այնպես էլ կինոկենտրոնի մեղքով։ Չի բացառվում նաև անհաղթահարելի ուժի՝ Ֆորս մաժորի հանգամանքը։ Պայմանագրային պարտավորությունների չկատարման մեջ ապրիօրի մեղավոր դիտարկել ֆիլմարտադրողին, նշանակում է՝ կինոկենտրոնը կարող է հաստատել նախագծի ֆինանսավորումը, չկատարել իր պարտավորությունները, չտրամադրել գումարը, կամ դրա մի մասը, տապալել նախագիծը և դրանում մեղադրել ֆիլմարտադրողին, զրկելով նրան նոր նախագիծ ներկայացնելու հնարավորությունից (հենց այսպիսի իրողություն ունենք «Տատիկիս Վարսերը» միջազգային կինոնախագծի հետ, որի արտադրողները խնդրի լուծումը տեղափոխել են իրավական դաշտ)։ Այս կետի վրա հենվելով «Մակունցի Հանձնաժողովը» չի դիտարկել մի քանի Հայտեր, որոնք ֆինանսավորող կառույցը՝ կինոկենտրոնը, քաջ գիտակցելով իր պարտավորությունները արտադրողների հանդեպ, անարգել ընդունել է և փոխանցել հանձնաժողովին։ Իսկ հանձնաժողովը, որի իրավասության մեջ մտնում է բացառապես ֆիլմերի գեղարվեստական և արտադրական պոտենցիալի գնահատումը, մերժել է դիտարկել հղում անելով կանոնակարգի 16. կետին, որն, ինքնին հակաօրինական է, որովհետև սահմանափակում է կողմերից մեկի՝ ֆիլմարտադրողի իրավունքները։ Կինոկենտրոնի և ֆիլմարտադրողի միջև կնքած Պայմանագրի ոչ լիարժեք կատարումը պետք է Պայմանագրի երկու կողմերի առանձին քննարկման առարկա դառնա և եթե լուծումն անհնարին է, խնդիրը պետք է լուծվի դատական կարգով, որից հետո միայն կողմերը կարող են միմյանց պահանջներ ներկայացրել։ Հակառակ դեպքում Պետական մարմինները հնարավորություն կստանան միակողմանի արգելափակել ֆիլմարտադրողի իրավունքները, ինչը և արել են «Մակունցի հանձնաժողովի» անդամները ստանձնելով արբիտրի դերը։ Հանձնաժողովի կողմից ընդունված Հայտը չդիտարկելը լիազորությունների ակնհայտ չարաշահում է, որի տակ բացի անձնական թշնամանքից այլ բան չկա։ Դ․ ԿՈՌՈՒՊՑԻՈՆ ՌԻՍԿԵՐ․ «Մակունցի Հանձնաժողովի» ձևավորման հիմքում դրված հաջորդ վտանգավոր և կոռուպցիոն ռիսկեր պարունակող խնդիրը՝ Մրցութային հանձնաժողովում Կանոնակարգը մշակողների առկայությունն է։ Նույն մարդիկ նախ մշակել են Կանոնակարգ, ըստ որի ընտրվել է Մրցութային Հանձնաժողովը, ապա հայտնվել են Մրցութային Հանձնաժողովում։ Նրանք կանոնակարգում ներառել են կետեր՝ որոշակի նպատակների համար, ապա, հայտնվելով հանձնաժողովում պայթեցրել են ականները, որ իրենք իսկ ներդրել են։ Նորաթուխ կինոգործիչները ինքնուրույն գործելու այնքան մեծ ազատություն են ստացել, որ մոռացել են Մրցույթի բուն նպատակների մասին, տրվելով անձնական մանր խնդիրները լուծելու գայթակղությանը։ Ֆիլմերի գեղարվեստական որակները, միջազգային կառույցների կողմից զարգացված լինելու, միջազգային ներդրումների առկայության փաստերը, նախնական աշխատանքների ծավալները, ընդգրկված մասնագետների անունները, փառատոնային և շուկայական պոտենցիալը․․․ այն ամենը, ինչ պետք է դրվի ֆիլմերի ընտրության հիմքում, ստորադասվել է անձնական նպատակներին։ Ի մի բերելով վերոնշյալը ՖԱՀՖ-ը հայտարարում է «Մակունցի հանձնախմբի» մշակած կանոնակարգը ամբողջովին անընդունելի իսկ Գլուխ 2., 16 կետը, Գլուխ 1. 17, 18, 20 կետերը վտանգավոր և հենց կինոկենտրոնի համար խնդրահարույց և արձանագրում է հետևյալը․ Նոր Հայաստանում ֆիլմերի ֆինանսավորման առաջին մրցույթը չի համապատասխանել Հայաստանում տեղի ունեցած ժողովրդավարական գործընթացների ոգուն, չի արտահայտել կինոյի կառավարման բարեփոխումների պահանջները և անցկացվել է Կանոնակարգի մի շարք դրույթների խախտումներով։ Մրցույթի կազմակերպումը իր թափթփվածությամբ, հանձնաժողովի մասնագիտական նշաձողի անկման աստիճանով, ստվերայնությամբ, հանձնաժողովի կազմը ձեւավորելու ընտրականությամբ, վերադաս կառույցի՝ մշակույթի նախարարության կողմից միջամտությունների ծավալով ԱՆՆԱԽԱԴԵՊ է ազգային կինոկենտրոնի 12 տարվա պատմության մեջ։ Մրցույթն անցկացրած Պետական Հանձնաժողովի կազմը ձեւավորվել է կինոարտադրող ընկերությունների լիակատար անտեսմամբ՝ մշակույթի նախարարության կողմից կամայականորեն ընտրված կառույցների կողմից, որոնցից՝ կինեմատոգրաֆիստների միությունը հրաժարվել է մասնակցել Հանձնաժողովի աշխատանքներին, Ազգային կինոակադեմիայի ներկայացուցիչը դուրս է եկել հանձնաժողովից, իսկ կինոքննադատների և կինոլրագրողների ասոցիացիայի նախապես ներկայացված հանձնաժողովի անդամը բացակայել է։ Ինքնաբացարկների արդյունքում ֆիլմերի ֆինանսավորման պատասխանատվությունը ստանձնել են ՀՀ մշակույթի նախարարությունը եւ երկու հասարակական նախաձեռնություններ, որոնք ճանաչելիության և վստահության այնքան չնչին աստիճան ունեն, որ չեն կարող ներկայացնել կինոհանրությունը։ Կանոնակարգով հաստատված հանձնախմբի 7 անձի փոխարեն ֆիլմերի ֆինանսավորման մասին արձանագրությունները կազմել որոշ դեպքերում 6, իսկ որոշ դեպքերում 5 հանձնաժողովական։ Հանձնախմբում ընդգրկվել են ֆիլմարտադրության հետ գործնականում կապ չունեցող ՀՀ մշակույթի նախարարության երկու աշխատակից, երեք հանձնաժողովականի վերաբերյալ առկա են նախարարության կողմից հովանավորյալ լինելու փաստեր։ Պետական հանձնաժողովի կազմում ընդգրկված երկու հանձնաժողովականի մասին առկա են գրագողության մեղադրանքներ։ Պետական Հանձնաժողովը իրականացրել է Կանոնակարգով իրեն չվերապահված գործողություններ, գերազանցելով լիազորությունները անտեսել է ազգային կինոկենտրոնի կողմից նախկինում ստանձնած պայմանագրային պարտավորությունների փաստերը, եզրակացություններում գոյություն չունեցող փաստաթղթերի հղումներ է օգտագործել։ Հիմք ընդունելով այս և մեր ձեռքի տակ գտնվող այլ բազմաթիվ փաստեր ՖԱՀՖ-ը ակնկալում է ՀՀ Մշակույթի նախարար Լ․ Մակունցի պարզաբանումները՝ ֆիլմերի ֆինանսավորման նոր կանոնակարգի մշակման և հանձնաժողովի կազմի ձևավորման ընթացքում թույլ տված մեքենայությունների, հովանավորչության, կառույցների ինքնակամ ընտրության, մրցութային հանձնաժողովի կողմից լիազորությունների գերազանցման փաստերի առթիվ և հայտարարում է որ չի ընդունում նրա կողմից ձևավորած Պետական Հանձնաժողովի որոշումների օրինականությունը։ ՖԱՀՖ-ը անելու է առավելագույնը, որպեսզի Հայաստանում սկիզբ առած բարեփոխումները հասնեն կինոյի կառավարման ոլորտ և ծայրահեղ անհանդուրժողական պայքար է մղելու կինոյում տեղ գտնող հակաօրինական ցանկացած, անգամ ամենաչնչին դրսևորման դեմ։ Մենք Հայաստանում շատ երկար ենք սպասել արմատական փոփոխությունների, որպեսզի թույլ տանք փոշիացնել կինոն բարեփոխելու այս բացառիկ հնարավորությունը։ ՖԱՀՖ-ը կարևորում է կինոյով զբաղվող մասնագետների, կառույցների, մեդիայի և կինոսեր հասարակության ակտիվությունը և շնորհակալ է աջակցության համար։ Հայտարարությունը ընդունվել է ՖԱՀՖ բոլոր անդամների կողմից։ Ֆիլմարտադրողների Համահայկական Ֆեդերացիա