«Հայաստանի և Ադրբեջանի օպերատիվ կապին երեկ լիարժեքորեն անդրադարձել է ՀՀ պաշտպանության նախարարը։ Օպերատիվ կապը առավելապես վերաբերում է ռազմական ոլորտին։ Իսկ ԱԳ նախարարները տեղեկատվությամբ փոխանակվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում։ Ուղղակի չեմ պատկերացնում օպերատիվ կապը արտգործնախարարների մակարդակում»,-այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը՝ պատասխանելով այն հարցին՝ արդյոք Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարությունների միջև ուղիղ օպերատիվ կապ կա՞։

«Հանդիպումներ անցկացվել են, ԱԳ նախարարների մակարդակով ևս մեկ հանդիպում տեղի է ունենալու է մինչև տարվա վերջ»,- ասաց նա՝ նշելով, որ այլ մեկնաբանություն տալ չի կարող։

Հաջորդ հարցին՝ ինչպե՞ս է  Հայաստանը վերաբերում այն լուրերին, որ Ադրբեջանը լոբբիստական նպատակներով ԱՄՆ-ում հսկայական գումարներ է ծախսում, որոնք ընդհուպ հասնում են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին  և արդյոք քայլեր են նախաձեռնվում՝ հավասարակշռելու քարոզչական իրավիճակը, Աննա Նաղդալյանը պատասխանեց.

«Հայ-ամերիկյան հարաբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա։ Մենք քայլեր ենք ձեռնարկում գործընկերային այդ հարաբերությունները առավել խորացնելու, զարգացնելու ուղղությամբ։ Այդ առումով հանգրվանային կարելի է համարել ԱՄՆ նախագահի խորհրդական Ջոն Բոլթոնի այցը Հայաստան, որը հնարավորություն տվեց քննարկելու հայ-ամերիկյան հարաբերություններին առնչվող հարցեր, ներկայացնելու մեր գործողությունների տրամաբանությունը»։

Աննա Նաղդալյանն ընդգծեց, որ Հայաստանն իրականացնում է հայաստանամետ և հայամետ քաղաքականություն, Հայաստանն արտաքին քաղաքական օրակարգը երբևէ չի պայմանավորել երկրում տեղի ունեցած գործընթացներով։