ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր, Սյունիքում և Վայոց ձորում ԲՀԿ-ի պատգամավորի թեկնածու Նաիրա Զոհրաբյանը բացառում է, որ «Բարգավաճ Հայաստանը» կարող է ընտրակաշառք բաժանել:

«Միանշանակ բացառում եմ, չկա նման բան, չի կարող լինել նման բան և չի լինելու նման բան: Մենք մեկ օրակարգով ենք ներկայանալու ընտրողին, դա մեր տնտեսական ծրագիրն է»,- ասաց Ն.Զոհրաբյանը՝ շեշտելով, որ երկրում քաղաքական հեղափոխությունը պետք է վերածվի տնտեսական հեղափոխության:

Նա հիշեցրեց, որ որպես լրագրող, ապա որպես պատգամավոր մասնակցել է ընտրական գործընթացներին, ինչպես է Ճամբարակում փրկել Կարեն Դեմիրճյանի քվեաթերթիկները և նոնսենս է, որ ինքն ինչ-որ այլ կերպ փորձի շահագրգռել ընտրողին:

Ըստ նրա՝ ընտրակեղծարարության վրա որևէ համաներում չի տարածվելու:

Ն.Զոհրաբյանը հերքեց նաև այսօրվա մամուլի հրապարակումը, որ ԲՀԿ-ն ԱՁ-եր է բացում, մարդկանց աշխատանքի վերցնում և այդ կերպ գումար բաժանում.

«Դա աբսուրդ է, դա անհեթեթություն է, չկա և չի կարող լինել նման բան»: