Vice President of the National Assembly of the Republic of Armenia Eduard Sharmazanov gave a press conference

Ամենայն հավանականությամբ կընդունվի որոշում, որ կուսակցությունը մասնակցում է արտահերթ խորհրդարանական ընտրություններին: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 11-ին, ՀՀԿ խորհրդի նիստից առաջ լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը։

Ինչ վերաբերում է դիտարկմանը, որ ՀՀԿ ցուցակը կարող է գլխավորել Վիգեն Սարգսյանը, առաջին հնգյակում կլինեն նաեւ ինքն ու Արմեն Աշոտյանը, Շարմազանովն արձագանքեց. «Մենք ցուցակի հետ կապված որեւէ հարց չենք քննարկել. մի բան կարող եմ ասել, որ ես երբեք ո՛չ մանդատի, ո՛չ ցուցակի համար կռիվ չեմ տվել, համոզված եմ՝ Արմեն Աշոտյանը եւս, մեր պայքարը մանդատի համար չէ, մեր պայքարը գաղափարի, սկզբունքի համար է, մեր պայքարը ցուցակում լավ տեղ ունենալու համար չէ։ Մենք ամեն մեկս ունենք մեր տեղը, դա Աստված է մեզ տվել, եւ անկախ նրանից, թե ով որ համարը կլինի, պետք է պայքարել»։

Շարմազանովը նշեց, որ ճիշտ աշխատանքի դեպքում Հանրապետական կուսակցությունը ընտրություններում երկրորդ տեղի ամենամեծ հավակնորդն է:

Հարցին, թե խնդիր չի համարում, որ շատ ձայն բերող պատգամավորները այս ընտրություններին չեն մասնակցելու, Էդուարդ Շարմազանովն ասաց. «Նախ մենք բոլորին հաջողություն ենք մաղթում, բացի դրանից, ՀՀԿ-ն այսօր ունի այլ խնդիր, իսկ 2017 թվականին այլ խնդիր ուներ: 2017 թվականին մենք գնում էինք 50-60 տոկոս հավաքելու, բացարձակ մեծամասնություն դառնալու, այսօր մենք գնում ենք դառնալու խորհրդարանում միակ եւ ամենահիմնական ընդդիմադիր ուժը լինելու։ Գնում ենք՝ երկրորդ ուժը լինելու ակնկալիքով, եւ պետք է գնանք ազգային քրիստոնեական ընդդիմադիր կեցվածքով ու կոչ անենք հանրությանը՝ ընտրեն իսկական ընդդիմությանը»,- ասաց նա։

Շարմազանավոը նշեց, որ բոլորը պետք է առաջադրվեն ռեյտինգային ցուցակով, ռավել եւս նրանք, որոնք լինելու են ցուցակի առաջին տասնյակում։

Դիտարկմանը, թե կան տեղեկություններ, թե Սերժ Սարգսյանի սրտով չի, որ ՀՀԿ-ն մասնակցի ընտրություններին, Շարմազանովն ասաց. «Հեսա կորոշենք, կտեսնեք, Սերժ Սարգսյանի սրտով է, թե սրտով չի։ Եթե քաղաքական կուսակցություն ես, չգնալս ո՞րն է։ Քաղաքական կուսակցությունը պետք է պատրաստ լինի եւ գնա ընտրությունների»։