After the Christmas liturgy a Water Blessing ceremony took place, which cross godfather is Minister Vigen Sargsyan

Վերջին շրջանում ամենագաղափարական ու սկզբունքային Հանրապետական Վիգեն Սարգսյանը ամենօրյա ռեժիմով թարմացնում է իր ֆեյսբուքյան գրառումները։ Վիգեն Սարգսյանի քաղաքական մտքի գոհարները համապարփակ բովանդակություն ունեն՝  գործող իշխանությունների արտաքին ու ներքին քաղաքականությունից սկսած, վերջացրած Հանրապետական կուսակցության ապաշխարանքով։

Սարգսյանը, ինչպես կարող ենք տեսնել իր գրառումներում, շատ լավ է սերտել մեղքերը քավելու դասը, ուստի բոլոր պատեհ ու անպատեհ առիթներով, կրկնում է, որ իրենք շատ են սխալվել, բայց չի սխալվում  նա ով ոչինչ չի անում, որ իրենք հասկացել են իրենց սխալները, պատրաստ են ապաշխարել ու քավել իրենց մեղքերը։

Սակայն այս գրառումներում հետաքրքրականն այն է, որ Սարգսյանը Նիկոլ Փաշինյանին հուշում է, որ ընդդիմադիր թիկնոցով Հանրապետականը՝ այն է թե հենց ինքը և էլի մի 5-6 հոգի, օդի ու ջրի պես անհրաժեշտ են Փաշինյանին որպես ընդդիմություն։ Այստեղ արդեն անհասկանալի է դառնում, թե ինչու են Սարգսյանի և մյուս 5-6 հոգու ուղերձները, հայտարարությունները, վերլուծությունները և այլն ուղղված հենց Նիկոլ Փաշինյանին։

 Տպավորությունն այնպիսին է, կարծես թե Նիկոլ Փաշինյանն է նրանց ապաշխարանքի խոստովանահայրը, մեղքերին թողություն կամ էլ գուցե ինդուլգենցիա տվողը՝ միակ ընդդիմություն նշանակելու տեսքով։ Անշուշտ, ընդդիմություն, ինչպես Վիգեն Սարգսյանն է ասում,  օդի ու ջրի պես պետք է։ Սակայն պետք է ոչ այնքան և ոչ միայն Նիկոլ Փաշինյանին կամ որևէ այլ մեկին, այլ երկրին ու պետությանը։ Այս պարզունակ փաստը Վիգեն Սարգսյանն այդպես էլ չի հասկանում, քանի որ իրենք սովորել են քաղաքական առևտուրների, նշանակված ընդդիմությունների ու այլընտրանքների պրակտիկային։

Վիգեն Սարգսյանն այդպես էլ չի հասկանում, որ ոչ թե վարչապետին, նախարարին կամ որևէ այլ պաշտոնյայի կամ գործչի պետք է բացատրի քաղաքական ընդդիմության կարևորությունն ու դերը, այլ հասարակությանն ու ժողովրդին։
Մյուս կողմից, հասկանալի է նաև, որ լավ կրթությունն ու ինտելեկտուալի համբավը բավական չեն այդպիսին լինելու համար։

Սարգսյանի ինտելեկտուալ լինելն ու կրթությունը չեն ազատել նրան քաղքենի չինովնիկի մտածողության կապաքներից։ Այսօր, Վիգեն Սարգսյանը հայտարարում է ժողովրդից «չխռովելու» մասին, սակայն նրա սնոբիստական մտահայեցողության մեջ ժողովուրդն ընկլավում է որպես անհասկացող, տհաս էյֆորիկների մի բազմություն, որը զրկել է իրեն ու էլի իր նման 5-6 հոգի իտելեկտուալ հայերնասերների իշխանությունից։ Ընդ որում, Վիգեն Սարգսյանի  պատկերացմամբ, հենց իրենք են այս ժողովրդին փրկել այսքան տարի ու հենց իրենք միայն կարող են փրկել առաջիկայում էլ, իսկ ժողովուրդը, արի ու տես, երախտամոռի մեկը դուրս եկավ։  Այս տեսանկյունից արդեն Հանրապետական կուսակցության ինտելեկտի մարմնացում Սարգսյանը խորապես ատում է «բոշա» ժողովրդին, որը չէր էլ հասկանում իր լավն ու վատը։ Սրանով է նաև պայմանավորված, որ Սարգսյանը ու մնացած 5-6 հոգին, կրկին իրենց հայացքներն ուղղում  են դեպի իշխանությանը՝  աղաչելով իրենց ու միայն իրենց ընդդիմություն նշանակել։