Ազգային ժողովի «Ծառուկյան»  խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանն առաջիկա խորհրդարանական ընտրություններում չի  պատրաստվում առաջադրվել ռեյտինգային ընտրակագրով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նա այս մասին հայտնել է լրագրողների հետ զրույցում:

«Ռեյտինգային ընտրակարգով չեմ առաջադրվելու: Երբ զգամ, որ իմ ժողովրդին պետք չեմ քաղաքականության մեջ, ես չեմ լինի: Մենք դեռ քննարկում ենք դաշինքով կամ առանց դաշինքի մասնակցելու հարցը: Մենք ձայնի համար չենք պայքարելու, ներկայացնելու ենք մեր ծրագիրը, ասելու ենք, որ մեր թիմով այսքանը կարող ենք անել, որքան կվստահեն, այնքան էլ կանենք»,-ասաց Ծառուկյանը:

Նա հերքեց շրջանառվող այն լուրերը, թե իբր Նաիրա Զոհրաբյանը չի լինելու «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախընտրական ցուցակում: «Ո՞վ է ասել, թե Նաիրա Զոհրաբյանը չի լինելու, նա լինելու է մեր ցուցակում՝ իր տեղում: Զհորաբյանը պատրաստ է ցանկացած տեղ, որտեղ կուսակցությանը պետք լինի, կատարել իր ծառայությունը»,-նշեց Ծառուկյանը:

Նա վերահաստատեց, որ  Նիկոլ Փաշինյանի կողքին է լինելու, միանշանակ աջակցելու է նրան:  Միևնույն ժամանակ նա նկատեց, որ ոչինչ չեն անում պաշտոնի համար, այլ ժողովրդի վիճակը բարելավելու համար: Ներկայում աշխատում են իրենց նախընտրական ծրագրի ուղղությամբ: Հարցին, թե ինչի՞ց է կախված լինելու կուսակցության՝ ընդդիմության դաշտում կամ  կոալիցիայի ձևաչափում գործելը, նա ասաց, որ ընտրությունից հետո ամեն ինչ պարզ կդառնա։