Երբ երջանկահիշատակ Վահան Հովհաննիսյանը ոմանց զգուշացնում էր դալաններում ծեծվելու մասին, հիրավի, հանդես էր գալիս պայծառատեսի դիրքերից։ Սակայն Վահան Հովհաննիսյանն ինչ իմանար, որ գալու է քաղաքական պնակալեզների մի սերունդ, որն անգամ ծեծվելու արժանի չէ։ Ի վերջո, մեզ մանկուց ասում են, ծեծն էլ տղամարդու համար է, կռիվն էլ, տո մեկ-մեկ էլ, երբ զգում ես հակառակորդդ նենգ է, խարդախ ու բազմաքանակ անգամ նահանջելը։ Բայց ամեն դեպքում կռիվը, պայքարը, գործընթաց է, շարժում է։

Շարժում է նույնիսկ փախուստը, բայց շատ դժվար է որակում տալ քաղաքական պատեհապաշտությունը շարժման հետ նույնացնողներին։  Հայաստանն իր անկախության շուրջ 3 տասնամյակների ընթացքում տեսավ և քաղաքական շառլատաններ, և կիսագրագետ նախարարներ, և «պուզատի» պատգամավորներ ու «հաստաոռ» քաղաքագլուխներ։

Տեսավ շատ ու միանգամից ու թվում էր, թե վերջապես եկել է ժամանակը դրանց հրաժեշտ տալու կամ գոնե քանակը նվազեցնելու։ Սակայն արի ու տես, որ գալիս է պատեհապաշտների մի նոր, թարմ ու առնական սերունդ, որը դանդաղ սողալով հարմարավետ իր անկյունն է փնտրում իշխանության քղանցքի մոտ։ Եվ իրավամբ ոմանք այսօր  դժգոհում են ու հարց բարձրացնում, թե ժողովրդին սկզբունքային գործիչներ միգուցե պետք չե՞ն։

Չէ, ինչ խոսք,  թերևս դժգոհությունն անկեղծ է ու տեղին, որովհետև իսկապես էլ հեղափոխության ֆասադը խամրում է անսկզբունքայնությունից, շահամոլությունից, ու քաղաքական թռչկոտումներից։ Բայց այստեղ հարց է առաջանում, այդ որտեղի՞ց ծնվեցին քաղաքական լարախաղացությունը հավատամք ու կյանքի նպատակ դարձրած ճռճռան խամաճիկները։ Միթե նույն դժգոհողները չէին, երբ մինչև գետին խոնարհումների դիմաց իրենց կուսակցության կամ իշխանության շուրջ հավաքագրում էին Հայաստանյան քաղաքական դաշտի թրմացքներին։ Իրենք չէին, երբ պարզունակ դավաճանությունը, հարմարվողականությունն ու շահամոլությունը ամպագորգոռ կերպով գնահատում էին որպես կառուցողականություն։

Միթե իրենք չէին, երբ պաշտոնները կանխիկ փողով աճուրդի էին դնում լավագույն դեպքում, դե իսկ վատագույն դեպքում պաշտոնները խաղադրույց էին դառնում նարդու կամ բլոտի սեղանին։ Բայց, դե, ինչպես ժողովուրդն է ասում, «իրենց մուռն իրենց գլուխը»։ Ի վերջո անցան նաև ոմանց  համար երանելի ժամանակները և հետ չեն դառնա, ուստի թողնեք նրանց հանգիստ, որովհետև հիշողներ ու հիշոցներ դեռ շատ կան։ Շատ ավելի կարևոր է  այն, ինչ հետո է գալու, ոչ պակաս կարևոր է թե ինչպես գալու ապագան, ովքեր են այն բերելու։ Դե, դա էլ արդեն կապրենք կտեսնենք, պարոնա՛յք երդվյալ ատենակալներ։