«Լույս» դաշինքի տրոհումը անակնկալ էր, քանի որ «Լույսը» ի սկզբանե ձեւավորվել էր հենց ԱԺ ընտրություններին մասնակցելու համար։ Այս մասին NEWS.am–ի հետ հարցազրույցում ասաց «Հանրապետություն» կուսակցության անդամ Անի Խաչատրյանը։

Նա վստահեցրեց, որ նախնական պայմանավորվածություն է եղել, որ «Լույսը» մասնակցի Երեւանի քաղաքապետի ընտրություններին, հետո էլ՝ ԱԺ ընտրություններին։

«Հանրապետություն» կուսակցությունում, ըստ Անի Խաչատրյանի, վստահ էին, որ «Լույս» դաշինքը 7 եւ ավելի տոկոս կհավաքի եւ կմտնի խորհրդարան, բայց, «Լուսավոր Հայաստանի» նախագահ Էդմոն Մարուքյանը անակնկալ հայտարարեց, որ նախընտրում են «Լուսավոր Հայաստանի» ցուցակով՝ 5 տոկոս շեմով մտնել ԱԺ։

Արամ Սարգսյանին եւ «Հանրապետություն» կուսակցության մյուս անդամներին առաջարկել են «Լուսավոր Հայաստանի» ցուցակով առաջադրվել, բայց նրանք հրաժարվել են. քննարկումը նույնիսկ չի հասել ցուցակում թեկնածուների տեղերին։

Այժմ «Հանրապետություն» կուսակցությունը բանակցությունների փուլում է այլ ուժերի հետ դաշինք կազմելու ուղղությամբ. «Կարծում եմ՝ ընտրություններին կմասնակցենք դաշինքով. բոլոր այն ուժերի հետ ենք փորձում համագործակցության եզրեր գտնել , որոնք կրում են եվրոպական մոդելի գաղափարներ»։

ՔՊ–ի հետ դաշինք կազմելը եւս չեն բացառում։

Եթե հաստատվի դաշինքով մասնակցելու որոշումը, առաջիկա օրերին հուշագիր կստորագրեն եւ կհայտարարեն անդամ կուսակցությունների անունները։

«Հանրապետություն» կուսակցությունում եւս, «Լուսավոր Հայաստանի» պես, կարծում են, որ հենց իրենց ուժն է լինելու երկրորդը խորհրդարանում։ Անի Խաչատրյանն ակնկալում է, որ «Հանրապետությունը»՝ դաշինքով, 15 տոկոս կողմ քվե կստանա, քանի որ եվրոպական մոդելի քաղաքական ուժ է։

ԵԿՄ–ի ձայները, Անի Խաչատրյանի համոզմամբ, կբաշխվեն «Հանրապետություն», «Իմ քայլը», ՀՀԿ եւ այլ քաղաքական ուժերի միջեւ. «ԵԿՄ–ն չի քաղաքականացվելու, ինչպես առաջ էր»,–ասաց նա։

Արամ Սարգսյանը կառաջադրվի նաեւ ռեյտինգային ընտրակարգով։ Հնարավոր է նա առաջադրվի Երեւանից, ոչ թե Արարատից, որպեսզի Արարատի մյուս կուսակիցներին չխոչընդոտի։

Անի Խաչատչյանը նշեց իրենց ցուցակի առաջին եռյակում գտնվող թեկնածուների անունները. Արամ Սարգսյան, Արտակ Զեյնալյան, Գեղամ Հարությունյան։