ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ մտադիր է իրանական նավթի վրա պատժամիջոցներն աստիճանաբար սահմանել՝ շուկայի ցնցումներից եւ գների աճից խուսափելու համար՝ տեղեկացնում է Reuters-ը։

«Մեր պատժամիջոցները երբեւէ սահմանվածներից ամենակոշտն են, սակայն նավթի հարցում մենք ուզում ենք մի փոքր դանդաղ գործել, քանի որ ես չեմ ուզում բարձրացնել նավթի համաշխարհային գները։ Դա Իրանի հետ որեւէ առնչություն չունի․․․ Ես կարող էի անհապաղ զրոյացնել իրանական նավթի արտահանումը, բայց դա կարող է ցնցել շուկան։ Ես չեմ ուզում բարձրացնել նավթի գները»,- ասել է նա։ Հիշեցնենք, որ ԱՄՆ-ը թարմացրել է Իրանի դեմ պատժամիջոցները, որոնք ազդել են երկրի նավթային, բանկային եւ տրանսպորտային ոլորտների վրա։ Ընդ որում՝ Վաշինգտոնն այդ պատժամիջոցներից ազատել է 8 երկրների, որոնք իրանական նավթի խոշորագույն ներկրողներն են։