Դատարանը մեկ անգամ մերժելուց հետո վարույթ է ընդունել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի նախկին տնօրեն Արա Մինասյանի հայցն ընդդեմ ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանի։ Tert.am-ի հետ զրույցում ասել է Մինասյանի ներկայացուցիչ Վահագն Գրիգորյանը՝ նշելով, որ պահանջում են անվավեր ճանաչել պաշտոնից ազատելու նախարարի հրամանը:

«Մենք ազատման հրամանն ապօրինի ենք համարում, և դա ավելի վաղ վիճարկել էինք  դատարանում, դատարանը վերադարձրել է մեր հայցը անհիմն պատճառաբանությամբ` պնդելով, որ պետք է նշվեր նաև ծանուցման հասցեն: Մենք համաձայն չենք դատարանի որոշման հետ, բայց խնդիրներից խուսափելու համար նշել ենք ծանուցման հասցեն և հայցը նորից ենք ներկայացրել, և այս դեպքում վարույթ է ընդունվել»,- ասաց նա:

Չնայած դրան՝ փաստաբանը նշեց, որ վերադարձի որոշումը բողոքարկել են Վերաքննիչ դատարանում, և դա սկզբունքային նշանակություն ունի․ «Ինձ համար՝ որպես փաստաբան, անընդունելի է, որ դատարանը կարող է այդ պատճառաբանությամբ հայցը վերադարձնել, քանի որ ծանուցման հասցեն նշելը պարտադիր չէ»:

Վահագն Գրիգորյանը, անդրադառնալով ներկայացված մեկ այլ դատական հայցի, որով Արսեն Թորոսյանից պահանջվում է հրապարակայնորեն ներողություն խնդրել և հերքել զրպարտություն հանդիսացող տեղեկությունները, ասաց, որ այդ հայցադիմումը ևս վարույթ է ընդունվել, և դատական նիստի օր է նշանակվել նոյեմբերի 19-ը: