Մինչ միջազգային հանրությունը պահանջում է հրապարակել սաուդցի լրագրող Ջամալ Խաշոգջիի սարսափելի սպանության մանրամասները, նախագահ Թրամփը Սաուդյան Արաբիայի շահերն ավելի բարձր է դասում: Այս մասին գրում է The Washington Post-ի քաղաքական սյունակագիր Քոլբերթ Քինգը:

Նրա խոսքով` սաուդցիները ցանկանում են թագավորության անունը մաքրել, եւ Թրամփն օգնում է նրանց խուսափել արդարադատությունից:

«Էր Ռիադի արքայական ընտանիքը, այդ թվում` թագաժառանք Մուհամմադ իբն Սալմանը եւ, գուցե նաև, թագավոր Սալման Բին Աբդուլ Ազիզը, գիտեն, թե հոկտեմբերի 2-ին ինչ է տեղի ունեցել Ստամբուլում Սաուդյան Արաբիայի դեսպանատանը, եւ ամեն ինչ անում են, որպեսզի ճշմարտությունը չբացահայտվի: Նրանց դա չի հաջողվի` առանց Թրամփի աջակցության, եւ նրանք ունեն այդ աջակցությունը»,- գրում է Քինգը:

Հեղինակի չի հասկանում, թե ինչպես կարող է ԱՄՆ-ն թույլ տալ, որ Սաուդյան Արաբիայի առաջնորդները ջրից չոր դուրս գան եւ անպատիժ մնան միջազգային իրավունքի նորմերի նման կոպիտ խախտումից հետո: Եվ հարցն այն չէ, որ Խաշոգջին թղթակցում էր The Washington Post-ին, այլ այն, որ ԱՄՆ-ի քաղաքացին, որի երեխաները եւս ԱՄՆ քաղաքացիներ են, բռնության է ենթարկվել Սաուդյան դեսպանատանը եւ ապա դաժանաբար սպանվել:

Ւնչպես նշում է հեղինակը, ԱՄՆ քաղաքացին Սաուդյան իշխանությունների բարբարոսության զոհն է դառնում, իսկ նախագահ Թրամփը սաուդցիներին բառ անգամ չի ասում, չնայած որ ԱՄՆ-ի եւ  Թուրքիայի պաշտոնյաները, ինչպես նաեւ սաուդյան իշխանությունները նրան հայտնել են դեպքի` նախապես ծրագրված լինելու մասին:

Նրա խոսքով` ԱՄՆ հետախուզությունը Թրամփին հայտնել է, որ թագաժառանգը ծրագրում էր Խաշոգջիին վերադարձնել Սաուդիան Արաբիա: ԱՄՆ ԿՀՎ ղեկավարն անձամբ է հայտարարել, թե ինչպիսին են եղել Խաշոգջիի կյանքի վերջին պահերը: Եվ Թրամփը շարունակում է լռել, ոչինչ չասել այդ խայտառակ ստերի մասին, այն ստերի, որոնք Սաուդյան Արաբիան հնչեցնում է իր վաղեմի Արեւմտյան դաշնակցի` ԱՄՆ-ի երեսին:

Նրա կարծիքով` Թրամփը գերադասում է թագավորության հետ լավ հարաբերություններ պահպանելը` պատճառաբանելով, որ Սաուդյան Արաբիային զենքի վաճառքը, սաուդցիների հետ բիզնես կապերը եւ Իրանի դեմ պայքարում նրանց աջակցությունը խիստ կարեւոր են:

Ըստ Քինգի` ակնհայտ է, որ Թրամփը չի պատրաստվում բացահայտել Խաշոգջիի սպանությունը եւ դրա հետ թագաժառանգի ունեցած կապը, քանի որ նա արդեն իսկ գիտի կամ կասկածում է, թե որն է պատասխանը: Իսկ ԱՄՆ-ի անտեղյակությունը բխում է նրա շահերից:

«Թրամփը բացահայտ կերպով արհամարհում է Կոնգրեսը, մարդու իրավունքները եւ Ամերիկայի բարոյական արժեքները: Եվ դա, թերեւս, ամենասարսափելին է»,- եզրափակում է հեղինակը: