Այս հոդվածով միտք չունեմ  քննարկելու, թե ինչ է  պետությունը։ Պետություն հասկացության մասին տարբեր տեսություններ կան, և նրանցից որևէ մեկը չի կարող հավակնել բացարձակ ճշմարտության։ Այս տեսակետից բոլորովին ցանկություն չունեմ  բանավեճի մեջ մտնելու մասնագետ- տեսաբան քաղաքագետների հետ և իմ կարծիքը, թերևս, ավելի սիրողական է։ Այնուամենայնիվ…

Ամենատարբեր հարցերին վերաբերող՝  մշակութային, կրթական, իրավական, ժողովրդավարական, թե մարդու իրավունքներին առնչվող  քննարկումների ժամանակ մասնակիցներից շատերը դեմքի խելոք արտահայտությամբ բացատրում են հայտնի ճշմարտություններ. «Պատճառը դարերով պետականության բացակայությունն է… Այս ամենը խորհրդային ժառանգության հետևանք է, սերունդ պետք է փոխվի… և այլն»։ Երբ բերում ես օրինակներ, թե ինչպե՞ս եղավ, որ, օրինակ, Ֆինլանդիան կամ Էստոնիան մինչև 1917թ. իրենց պատմության ընթացքում ընդհանրապես պետություն չեն ունեցել (իսկ Էստոնիան նաև ԽՍՀՄ հանրապետություն էր), այսօր բավականին զարգացած երկրներ են, կրկին դեմքի լուրջ արտահայտությամբ մասնագետները պատասխանում են. «Նրանք ուրիշ են, չի կարելի համեմատել, բա նրանց աշխարհագրական դի՞րքը, չէ՞ որ նրանք Եվրոպայում են և մեր  նման հարևաններ չունեն…»։ Իսկ Իսրայե՞լը, չէ՞ որ բոլոր կողմերից թշնամիներով է շրջապատված… «Դե, գիտեք, չի կարելի Իսրայելի հետ համեմատվել, նրա թիկունքին ԱՄՆ-ն է կանգնած…»։ Եվ այսպես շարունակ։

Մասնագիտության բերումով ԽՍՀՄ տարիներին շատ եմ շրջել տարբեր հանրապետություններով, շփվել տարբեր ազգերի հետ։ Հետաքրքրական բացահայտիչներ եմ պարզել այդ շփումների արդյունքում։ Այսպես, մերձբալթյան ազգերն ու մեր հարևան վրացիները չէին համարում, որ ԽՍՀՄ-ը հավերժ է, և նույնիսկ նրանց կոմունիստական, մտավորական վերնախավը, իրենց հավատարմությունը հայտնելով մարքսիզմ-լենինինզմի սկզբունքներին, հնարավորինս վարում էին ինքնուրույն քաղաքականություն։ Իհարկե, Մոսկվան կցանկանար, որ ԽՍՀՄ բոլոր ժողովուրդները աստիճանաբար ուծացվեին, բայց հաստատ Մոսկվան չէր ստիպում, որ Խորհրդային Հայաստանում  ազգությամբ հայ երեխաները համատարած  սովորեին ռուսական դպրոցներում (արդեն 70 –ականներից շատ հայկական դպրոցներ աշակերտների համալրման խնդիրներ ունեին), ի տարբերություն վերը նշված ազգերի։ Կամ Հայաստանի պես փոքր հանրապետությունում հետևել ԽՍՀՄ ընդհանուր գիգանտոմանիայի միտումին  և Երևանը դարձնել միլիոնանոց մայրաքաղաք` անտեսելով այլ քաղաքների և շրջանների հավասարաչափ զարգացումը, ի տարբերություն մերձբալթյան երկրների։ Ինչպես մեր կոմունիստական, մտավորական վերնախավը, այնպես էլ հասարակությունը չէր պատկերացնում Խորհրդային Հայաստանը որպես առանձին, թեկուզ ոչ անկախ սուբյեկտ, այլ ԽՍՀՄ անծայրածիր տարածքի անբաժան մաս։ Կարելի է այլ օրինակներ նույնպես բերել, օրինակ ՝ Հայաստանի տեղանունները, անձնանուններն ու ազգանունները և այլն` էլի ի տարբերություն այլ հանրապետությունների։ Այս մասին ավելի մանրամասն տես այստեղ։ Կարծում եմ՝ այս ամենի պատճառը պետական մտածողության բացակայությունն է։ Մեր կոմունիստամտավորական վերնախավը, չունենալով պետական մտածողություն, շատ հայրենասեր էր։ Հայրենասիրությունն արտահայտվում էր ցեղասպանության մասին անվերջ ստեղծագործելով, Արարատ լեռան կենացը խմելով, ԽՍՀՄ ժողովուրդների անխախտ դաշինքը գովերգելով` իհարկե չմոռանալով զավակներին ռուսական դպրոց տալ։ Իսկ պետական մտածողությունը ազգային արժանապատվության հարց է։ Այս հոգեբանությամբ էլ 1990թ. մայիսին, դեռևս Խորհրդային Հայաստանում տեղի ունեցավ իշխանափոխություն։ Չնայած ՀՀՇ-ի ծրագրի անկախության մասին հռչակագրային դրույթներին և 1991թ. սեպտեմբերի 21-ին անցկացված անկախության հանրաքվեին, իրականում Հայաստանն, ինչպես մյուս հանրապետությունները, անկախացավ 1991թ. դեկտեմբերի 8-ին Բելովեժյան համաձայնագրի արդյունքում։ Ինչևէ, ինչպես ԽՍՀՄ  այլ հանրապետությունները, այնպես էլ Հայաստանը որպես պետություն ճանաչվեց և դարձավ ՄԱԿ-ի անդամ։

Այսօր արդեն 27 տարվա պետություն ենք, բայց արդյո՞ք այս տարիների ընթացքում  մեր քաղաքական, մտավորական, փիլիսոփայական միտքն աշխատել է պետություն կառուցելու, այն հզորացնելու, այն է՝ արդյունավետ պետական ինստիտուտներ ստեղծելու, տնտեսական զարգացման հայեցակարգ ունենալու, թե՞ միայն իշխանության հասնելու և ամեն գնով այն պահելու ուղղությամբ։ Եվ արդյո՞ք նույն ուղիով չենք շարժվում նաև այժմ՝ հեղափոխությունից հետո։ Այսպես, արդեն 1991թ. ընդունվեց «ՀՀ նախագահի մասին» օրենքը՝ ամրապնդելու համար Լևոն Տեր-Պետրոսյանի իշխանությունը։

Համարյա բառացի հիշում եմ այդ օրենքի ընդունման անհրաժեշտության մասին նրա հեռուստատեսային ելույթը, որի իմաստը հետևյալն էր. ԽՍՀՄ-ում առկա էին կառավարման տարբեր մարմիններ՝ Գերագույն խորհուրդ, կառավարություն, դատարաններ, տեղական ինքնակառավարում և այլն։ Բայց նրանց բնականոն աշխատանքի արդյունավետությունը ապահովում էր Կոմկուսը` կատարելով ցեմենտողի դեր։ Այժմ, երբ Կոմկուսի ղեկավար դերը վերացել է, մեզ անհրաժեշտ է նոր մարմին, որը կկատարի այդ նույն ցեմենտողի դերը։

Դրանով իսկ ի չիք արվեց իրավական պետություն հասկացությունը (երբ ոչ թե ցեմենտն է կարգավորում ինստիտուտների հարաբերությունները, այլ օրենքը), իշխանության տարանջատման սկզբունքը, պետական ինստիտուտների զարգացումը` դրանց տալով զուտ ձևական բնույթ։ Արդեն 1995թ. պարտադրված Սահմանադրությունը լուծում էր ոչ թե պետական կառույցների, այն է՝ պետության զարգացման հայեցակարգ, այլ ընդամենը սեփական իշխանության ամրապնդման։ Նշված Սահմանադրությամբ էլ (չեմ խոսում կեղծված ընտրությունների մասին) իշխանության խաղաղ փոխանցումը (ընտրությունների միջոցով), այն է՝ պետականության ամրապնդումն ու շարունակականությունը դարձավ անհնար։

1998թ.  պալատական հեղաշրջման արդյունքում գալով իշխանության` Ռոբերտ Քոչարյանը նմանատիպ հնարավոր սցենարից (երբ միապետի դեմ միավորվում են ուժային կառույցները) իրեն ապահովելու համար 2002թ. լուծարեց Ազգային անվտանգության և Ներքին գործերի նախարարությունները` դրանք դարձնելով նախագահին կից ծառայություններ, այն է՝ անձնական գվարդիաներ, նույնպես լուծելով իշխանության, ոչ թե պետության խնդիր։ Սերժ Սարգսյանը է´լ ավելի «կատարելագործեց» իշխանության ամրապնդման հայեցակարգը` ստեղծելով միասնական Քննչական կոմիտե, հետագայում` Հատուկ քննչական ծառայություն, որոնք, համարվելով «անկախ», իրականում ուղիղ նախագահից կախվածության մեջ էին։ Երկու անգամ դառնալով նախագահ՝ Սերժ Սարգսյանը 2013թ. սեփական իշխանությունը երկարացնելու նպատակով ձեռնամուխ եղավ նոր սահմանադրության (սահմանադրական փոփոխությունների) պարտադրմանը։ Արդյունքում խեղաթյուրվեց խորհրդարանական կառավարման գաղափարը, և ունեցանք նույն նախագահի լիազորություններով օժտված  վարչապետի պաշտոն, որի ենթակայության տակ են և որի հրամաններն են կատարում Ոստիկանությունը, Ազգային անվտանգությունը և քննչական մարմինները։

Ինչպես 1998թ. հեղաշրջման արդյունքում միապետական համակարգը փոխանցվեց Լևոն Տեր-Պետրոսյանից Ռոբերտ Քոչարյանին, այնպես էլ 2018թ. Սերժ Սարգսյանի  համար ստեղծված  սուպերվարչապետի պաշտոնը հեղափոխության արդյունքում ժառանգություն անցավ Նիկոլ Փաշինյանին։ Մինչև մայիսի 8-ը վարչապետի լիազորությունները ստանձնելը Նիկոլ Փաշինյանն ուներ միայն հանրության զգալի մասի աջակցությունը։ Ընտրվելով վարչապետ եւ այս ամիսների ընթացքում օգտագործելով սուպեր լիազորությունները` նա արդեն, նույնիսկ մինչև դեկտեմբերին կայանալիք արտահերթ ընտրությունները, ունի եթե ոչ անվերահսկելի, գոնե ահռելի իշխանություն։ Ի՞նչ երաշխիք կարող ենք ունենալ, որ հատկապես ընտրություններից հետո, երբ վերջնականապես կամրապնդվի Նիկոլ Փաշինյանի իշխանությունը, նա կամովին կգնա վարչապետի լիազորությունների սահմանափակմանը` փոխարենը ամրապնդելով պետական ինստիտուտների գործառույթները։ Համենայն դեպս , անձամբ ես համաշխարհային պատմության մեջ այդպիսի դեպք չեմ հիշում, երբ առանց հասարակական պահանջի և պարտադրման իշխանությունը կամավոր զիջումների է գնում` դրանով իսկ սահմանափակելով սեփական իշխանությունը, հնարավոր դարձնելով իշխանության փոփոխությունը։

Պատահակա՞ն է, արդյոք, ՔՊ-ի ականավոր անդամ Ալեն Սիմոնյանի` երկու օր առաջ արած հայտարարությունը. «ՔՊ-ն  առնվազն տասը տարի լինելու է իշխանության»։ Հիշեցի ժամանակին Վանո Սիրադեղյանի՝ «Մեր դեմ խաղ չկա, մի տասը տարի հետո կարող է դառնանք ընդդիմադիր», այնուհետև Էդուարդ Շարմանազովի՝ «Դեռ երկար ժամանակ վարչապետի թեկնածուն պետք է անցնի Մելիք-Ադամյանով» խոսքերը։

Ընտրություններից հետո կլինե՞ն, արդյոք, սահմանադրական փոփոխություններ` ապահովելու իշխանությունների իրական  տարանջատում, ողջ դատաիրավական համակարգի անկախություն և պառլամենտական և քաղաքացիական  վերահսկողություն, տեղական ինքնակառավարման մարմինների ինքնուրույնություն, թե՞ «դեռ ժամանակը չի, հակահեղափոխության վտանգ կա, պատերազմը դեռ չի ավարտվել, մեզ ուժեղ ձեռք է պետք և այլն»։

 Կամ որոշ ժամանակ անց, օրինակ` մեկ տարուց, նախաձեռնվեն սահմանադրական փոփոխություններ` այս անգամ նորից վերադառնալով նախագահական (միապետական) համակարգին, և իշխանամերձ քաղաքագետները դեմքի խելոք արտահայտությամբ մեզ կբացատրեն. «Հայաստանում կուսակցությունները կայացած չեն, այս անցումային շրջանում մեզ անհրաժեշտ է ուժեղ կառավարում։ ԱՊՀ, ԵՎՐԱԶԵՍ, ՀԱՊԿ երկրներում նախագահական կառավարում է, և ճիշտ կլինի մենք էլ անցնենք նախագահական կառավարման։ Ղարաբաղի բանակցություններում Փաշինյանին անհրաժեշտ է ուժեղ մանդատ։ Բռնապետությունից ժողովրդավարությունն անցնում է ավտորիտարիզմով և այլն»։ Եվ հերթական անգամ կունենանք իշխանության, և ոչ թե պետական կառույցների ամրապնդման հարց։

Հարց է` ինչպե՞ս կպահի իրեն հասարակությունն ընտրություններից հետո։ Կպահանջի՞, արդյոք, Նիկոլ Փաշինյանից իրականացնել բարեփոխումներ` սահմանափակելով սեփական իշխանությունը և զարգացնելով պետական կառույցները, թե՞ «Թողնենք թող աշխատեն»։ Դրանից է մեծապես կախված` ի վերջո կկարողանա՞նք դնել իրավական պետության հիմքերը, թե՞ կշարունակենք մնալ որպես «չկայացած պետություն»։

Ի դեպ, հիմնականում նույն իշխանության և ոչ թե պետական տրամաբանությամբ են մտածում նաև 90-ականներից սկսած հայաստանյան ընդդիմադիր ուժերը։ Ընտրությունների ժամանակ հիմնական հռետորաբանությունը եղել է « …Ազատվենք սրիկաներից, մենք գիտենք` ինչ ենք անելու, ավազակապետություն և այլն»։ Իսկ թե ինչպիսի պետական կառավարման համակարգ պետք է կառուցել… Այսինքն` համակարգը լավն է, իշխանությունը՝ վատ։ Մենք գանք՝ լավ կլինի (իհարկե՝ իրենց համար)։ Հիշում եմ 2008թ. Լևոն Տեր-Պետրոսյանի աջակիցներից մեկի հետ իմ զրույցը։ Երբ նրան հիշեցրի, որ Լևոն Տեր-Պետրոսյանի 1995թ. սահմանադրությամբ ոչնչացվեց դատական իշխանությունը, դատավորներին նշանակում և հեռացնում էր ՀՀ նախագահը, նա հակադարձեց. «Շատ ճիշտ է եղել, պետք է լավ նախագահ լինի, որ լավ դատավորներ նշանակի»։

Հայաստանյան քաղաքական ուժերին և գործիչներին հատուկ է նաև, իմ կարծիքով, շատ արհեստական գաղափարախոսություն։ Նրանք իրականում ո´չ աջ են, ո´չ ձախ, ո´չ ազգայնական, ո´չ էլ` պահպանողական, այլ ռուսամետ, արևմտամետ կամ հայամետ (՞) ։ Արևմտամետների ծրագիրը ոչ թե Հայաստանում եվրոպական մոդելի պետական կառավարման համակարգ կառուցելուն ուղղված բարեփոխումներն են, այլ Հայաստանի անդամակցությունը Եվրամիությանը և ՆԱՏՕ-ին։ Մանկական լեզվով ասած` Ռուսաստանը ՝ քըխ, Արևմուտքը՝ պուպուշ։

Իրականում նրանց ոչ այնքան հետաքրքրում են նույն եվրոպական արժեքները, որքան նոր, ավելի հարուստ, քաղաքակիրթ տիրոջ փնտրտուքը։ Այս նույն հոգեբանությամբ հայ քաղաքական միտքը 19-րդ դարում դնում էր ոչ թե պետության, այլ առավել քաղաքակիրթ տիրոջ հարցը։ Այն ժամանակ էլ Ռուսաստանն ավելի քաղաքակիրթ տեր էր, քան Պարսկաստանը, հետո՝ Թուրքիան։ Եվ, իսկապես, գուցե այդպես էր։

Քաղաքական ուժերը պետք է կոնսենսուսի գան պետության կառուցման, զարգացման, հզորացման հարցում, որն, ի դեպ, ծանր, հետևողական աշխատանք է՝ հսկայական ուժերի լարում պահանջող։ Այն ներառում է ոչ միայն պետական կառույցների ամրապնդումն ու զարգացումը, այլև տնտեսական զարգացման հայեցակարգը, և ամենակարևորը՝ պետական անվտանգության հարցի լուծումը սեփական ուժերով։ Միայն դրանից հետո է հնարավոր ունենալ իրական դաշնակիցներ, այլ ոչ թե ընկնել լավ հովանավորների փնտրտուքների գիրկը (լինի դա Ռուսաստանը, Չինաստանը, թե Արևմուտքը)։

Հայաստանի անվտանգության հարցը Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը չէ, այլ հզոր, մրցունակ պետության կառուցումը։ Այդ պարագայում տարբեր երկրներին խնդրելու, տեղի քաղաքական գործիչներին «լոբբինգ» անելու կարիք այլևս չի լինի։ Բոլոր պետություններն առանց մեր խնդրանքի, մեզ հարգելով` այն կընդունեն։ Իսրայելն իր  անվտանգության հույսը միջազգայնորեն ճանաչված Հոլոքոստի վրա չի դնում, այլ ուժեղ պաշտպանության։ Իսկ այս 27 տարիների ընթացքում միայն իշխանության համար հայեցակարգը բերեց համատարած կոռուպցիայի, սեփականաշնորհվեցին և մսխվեցին ԽՍՀՄ-ից մնացած հարստությունը` պատճառաբանելով խորհրդային արդյունաբերության միջազգային շուկայում ոչ մրցակցային, հնացած լինելը։

Հետաքրքիր է, պատերազմող Հայաստանում հնարավո՞ր չէր, արդյոք, այդ արտադրական գործարանները վերազինել ռազմարդյունաբերականների, չէ՞ որ 2016թ․ ապրիլյան պատերազմում մեկ է կռվում էինք 80-ականների զենքերով։ ՀԱՊԿ-ի մեր դաշնակից Բելառուսը, որ «Պոլոնեզ» ժամանակակից, մահաբեր զենք է վաճառում մեր հակառակորդ Ադրբեջանին, արդ, ո՞ր թվականների հիմքի վրա է կառուցել իր ռազմարդյունաբերությունը։ 27 տարվա պատերազմող Հայաստանը 200 մլն դոլար չունի զենք գնելու և այն վարկով է ձևակերպում ու քննադատում Ռուսաստանին զենքի խմբաքանակներն ուշացնելու համար։ Բայց պատերազմող Հայաստանում վեր են խոյանում շքեղ դղյակներն ու քանդուքարափ  փողոցներով ու միջպետական  ճանապարհներով սլանում շքեղ ծառայողական մեքենաները։ Տպավորությունն այնպիսին է, որ մեզ թվում է, որ ռուսամետների համար ռուսները, արևմտամետների համար ամերիկացիները, ֆրանսիացիները, հոլանդացիները իրենց զավակներին պետք է ուղարկեն Հայաստանի անվտանգությունն ապահովելու, անհրաժեշտության դեպքում Հայաստանի համար զոհվելու համար, քանի որ մենք հայեր ենք, առաջին քրիստոնյա ազգն ենք, շրջապատված ենք թշնամիներով և ցեղասպանություն ենք տեսել։ Իսկ մե՞նք։ Իսկ մենք երկիրը թալանենք, ռաբիսի կերկերուն հնչյունների տակ քեֆեր անենք, հայրենասիրական երգեր երգենք և նրանց բոլորին «հարիֆներ» համարենք։

Առաջիկայում կձևավորվի՞, արդյոք, պետության կառուցման, այլ ոչ թե  միայն իշխանության նպատակ ունեցող քաղաքական վերնախավ և հասարակություն։ Այսօրվա բարդ աշխարհաքաղաքական իրավիճակում հուսամ դեռ վերջնականապես չենք ուշացել։ Գուցե սա վերջին հնարավորությունն է։

Հ.Գ. Առաջիկա արտահերթ ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերը կներկայացնե՞ն, արդյոք, պետական կառավարման հայեցակարգ, թե՞ ինչպես միշտ «մենք ավելի լավն ենք, ես ձեր ցավը տանեմ և այլն»։

Ավետիք Իշխանյան

Աղբյուրը՝ hetq.am