Դեկտեմբերի սկզբին ձևավորվելու է Հայաստանի 7-րդ խորհրդարանը։ Այն, թե որ կուսակցություններն են անցնելու խորհրդարան, բոլորին է հետաքրքրում, սակայն ինչ են ներկայացնում իրենցից այդ կուսակցությունները և ում շահերն են ներկայացնելու այդ խորհրդարանում, հանրային քննարկման թեմա դեռևս չի դառնում։

Բրիտանիայի 19-րդ դարի նշանակալի քաղաքական դեմքերից մեկը՝ վարչապետ Բենջամին Դիզրաելին, տվել է կուսակցության յուրահատուկ մի սահմանում․ «Կուսակցությունը կազմակերպված հանրային կարծիք է»։

Խորհրդարանը համարվում է ներկայացուցչական մարմին, այսինքն` կուսակցությունների միջոցով խորհրդարանում ներկայացվում են հանրության տարբեր շերտերի ու շահային խմբերի տեսակետները, այսինքն` կուսակցությունները հանդիսանում են իշխանության և հասարակության միջև կոմունիկացիայի խողովակներ։

Եթե այս տեսանկյունից ենք մոտենում ապասվող ընտրություններին, առաջանում են հարցեր, որոնք կարևոր են։ Առաջնային չէ, թե որ կուսակցություններն են ներկա լինելու խորհրդարանում, այլ կարևոր է, թե ո՞ւմ են նրանք ներկայացնելու։

Մինչև 2018 թվականը Հայաստանի քաղաքական կյանքն ուներ մեկ օրինաչափություն` ակտիվություն նախընտրական շրջանում, որից հետո քաղաքական կյանքը սառչում էր, մինչ հաջորդ ընտրությունները:

Հիմա կարծես թե ճիշտ հակառակն է` շփոթվածություն նախընտրական շրջանում և սպասվող ակտիվություն ընտրություններից հետո: Հաշվի առնելով եկող խորհրդարանի կանխատեսվող կազմը` այն տպավորությունն է ստեղծվում, որ քաղաքական ակտիվությունը խորհրդարանի պատերից դուրս է ընթանալու։

Չկա այնպիսի զգացողություն, որ ԱԺ ընտրություններին մարդիկ վերաբերվեն որպես մի համաժողովրդական ակտի, որը կկանխորոշի ապագա 5 տարիների քաղաքական դրվածքը: Կարծես թե ինչ-որ արհեստական, ոչ իսկական մարմին է դա լինելու:

Այդ արհեստականության զգացողությունը, կարծես թե, հենց նրանով է պայմանավորված, որ կուսակցությունները չեն ներկայացնում հանրության մեջ գոյություն ունեցող «կազմակերպված կարծիքները», իսկ եթե անկեղծ լինենք` նման «կարծիքներ» չկան էլ։

Մինչ իշխանափոխությունն ամեն ինչ հասկանալի էր՝ երկրում կար պետական նոմենկլատուրայի և խոշոր բիզնեսի դաշինք, որը ներկայացնում էր իշխող ուժը՝ ՀՀԿ-ն, իսկ մյուս կուսակցությունները փորձում էին օգտագործել հանրության մեջ առկա տարերային դժգոհությունները, որը կարելի է ներկայացնել կարճ ձևով՝ «իշխանափոխության պահանջ»։ Ընդդիմադիրները, շահարկելով այդ պահանջը, խորհրդարանում տեղ զբաղեցնելուց հետո համագործակցում էին ՀՀԿ-ի հետ։ Սա Հայաստանի քաղաքական կյանքի պարզունակ, բայց բովանդակային ներկայացումն էր։

Հանրային երազանքը՝ «իշխանափոխության պահանջն» իրականանալուց հետո, հանրությունը և քաղաքական դաշտը հայտնվեցին ինտելեկտուալ կոմայի մեջ. իսկ ո՞րն է հաջորդ քայլը։ Այդ հարցի պատասխանի տարբերակներ քաղաքական կուսակցությունները չունեն։

«Ի՞նչ անել» էկզիստենցիալ հարցադրման տարբեր պատասխանների վրա պետք է կառուցվեր քաղաքական դաշտը։ Այդ հարցադրման պատասխանների վրա հիմնված` տարբեր օրակարգեր ներկայացնող քաղաքական կազմակերպությունները պետք է խորհրդարանում տեղեր զբաղեցնելու համար միմյանց հետ մրցակցեին։

Հանրությանը նման հարցադրման մեջ ներքաշելով է կարելի ձևավորել նոր քաղաքական օրակարգեր, որոնց հիման վրա կձևավորվեն նոր կուսակցություններ։ Սակայն, կուսակցությունների միջև նման քաղաքական պայքարի մենք ականատես չենք լինում։

Կանխատեսվում է, որ եկող խորհրդարանում կլինի արդեն պետական նոմենկլատուրան ներկայացնող ՔՊԿ-ն, Ծառուկյանի անձնական շահերը ներկայացնող ԲՀԿ-ն և իրենց անդամների աշխատանքի տեղավորման խնդիրը լուծող այլ կուսակցություններ։ Հանրային տարբեր շերտերի քաղաքականացված շահերը դարձյալ խորհրդարանում ներկայացված չեն լինելու։ Կարծես թե այդ ուղղությամբ ենք մենք գնում։

Աղբյուրը՝ hetq.am