«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Հայաստանի Քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը։

– Պարոն Հովհաննիսյանվերջերս Երևան ժամանած ՌԴ Պետդումայիպատգամավոր Կոնստանտին Զատուլինն առաջարկել էր ստեղծել«Լազարևյան ակումբ»։ Նախկինում էլ գործում էր «Գրիբոյեդով» ակումբը։ Ըստ Ձեզ՝ ի՞նչ է իրենից ներկայացնելու այդ ակումբըի՞նչռիսկեր է այն պարունակում։

– Ցավալի է այն, որ մեր մամուլն ու քաղաքական մեկնաբանները խորամուխ չեն լինում հարցերի մեջ և նշանակություն չեն տալիս նրբերանգներին: Մինչդեռ խնդիրներն ու ռիսկերը թաքնված են հենց նրբերանգներում: Տեսեք՝ մեր մամուլում շտապեցին հայտարարել, որ «Լազարևյան» կոչված այս նոր ակումբը լինելու է  «Գրիբոյեդով» ակումբի իրավահաջորդը կամ շարունակողը: Իրականությունն այլ է:

Ինչպես ես քանիցս այս տարիներին ասել եմ, «Գրիբոյեդով» ակումբում չկար անդամակցության ինստիտուտ,  չէր դրվում խնդիր՝ ներազդելու հասարակական տրամադրությունների վրա,  զբաղվելու նպատակամղված զանգվածային քարոզչությամբ: Կազմակերպիչը՝ գեղեցկուհի Օլգա Տրետյակովան, հրավիրում էր տարբեր մտավորականների մասնակցելու ընկերական ընթրիքների, որոնք կազմակերպվում էին տարվա մեջ մի քանի անգամ և նպատակ ունեին մեր երկրի, ինչպես իրենք էին ասում, հոգևոր վերնախավի ներկայացուցիչներին  իրազեկել Ռուսաստանում և Ռուսաստանի շուրջ զարգացումների վերաբերյալ: Այդ նպատակով  բարեկամական ընթրիքներին մասնակցելու համար Ռուսաստանից հրավիրվում էին տարբեր բնագավառների ռուսաստանյան ականավոր գործիչներ:  Հայաստանի ներքին խնդիրների մասին, ինչպես նաև ղարաբաղյան թնջուկի կարգավորման ուղիների մասին ընդհանրապես չէր խոսվում: Այսինքն՝ խստորեն պահպանվում էր հայաստանյան ներքին խնդիրների վերաբերյալ որևէ հարց չարծարծելու սկզբունքը: Ինչ վերաբերում է  Դմիտրի Կիսելյովի կամ Անդրանիկ Միհրանյանի աղմուկ հանած հայտնի  հայտարարություններին, ապա դրանք արվել են ոչ թե «Գրիբոյեդով» ակումբում, այլ Ազգային ժողովում ՝ Հերմինե Նաղդալյանի նախագահությամբ այն ժամանակ շտապ ստեղծված հայ-ռուսական բարեկամության ակումբում, որը հատուկ կազմավորվեց 2013 թվականի վերջին՝ ցույց տալու համար, որ իշխող ՀՀԿ-ն պատրաստակամ է «Հռոմի պապից ավելի կաթոլիկ լինել»: Ռուսներից ավելի ռուս թվալու հանրապետականների այս քծնողական գործելակերպն էր, որ փաստորեն սադրեց Կիսելյովին կամ Միհրանյանին հայտնվել ԱԺ-ում ու դասեր տալ հայոց օրենսդիրներին: Թե չէ ի՞նչ գործ ունեին հայոց պառլամենտում թեկուզ բարեկամ, բայց այլ պետության լրագրողը կամ քաղաքական մեկնաբանը: Եվ ո՞վ կարող է մեղադրել նրանց, ովքեր համոզված են, որ այդ երկուսի՝ հայոց խորհրդարանում հայտնվելու ու այնտեղ ճառելու պահին է ծնվել մեր հեղափոխության հայտնի կարգախոսներից մեկը՝ «Մենք ենք տերը մեր երկրի»: Չնայած կան, անշուշտ, շատ ավելի ծանրակշիռ հանգամանքներ, որոնք ներկայիս բարդ պայմաններում կարևորում են մեր ինքնիշխանության պաշտպանությունը:

Այդ հանգամանքներից են հենց Ձեր հիշատակած  «Լազարևյան» կոչված ակումբի հիմնադիր անդամների շատ ու շատ խոսուն կազմն ու դրանց անունից հրապարակված հայտարարության բովանդակությունը: Դրանք ոչ այլ ինչ են, քան հակահեղափոխականների հավաքագրում ու հակահեղափոխության մանիֆեստի հռչակում: Ընթերցողը կարող է բացել «Գուգլ»-ով Լազարևյան ակումբ անվանումը և կհամոզվի դրանում՝ ծանոթանալով ակումբի անդամների կազմի ու նրանց կողմից ընդունված հայտարարության տեքստի հետ: Երբ կողք կողքի ես դնում այդ ակումբի անդամների անուններն ու նրանց հայտարարությունը, կասկած չի մնում, որ սա ոչ այլ ինչ է, քան հակահեղափոխության իրականացման հայտ: Կարծես մեկը նստել ու հատուկ մտածել է, թե ոնց անի, որպեսզի հավաքի մի ընդհանուր տանիքի տակ Նիկոլ Փաշինյանի բոլոր ականավոր հակառակորդներին՝ բացառելով հայոց հեղափոխության առաջնորդի կողմնակիցներից որևէ մեկի զսպող ներկայությունը:

Հայտարարության տեքստից պարզ է դառնում, որ շուտով Զորի Բալայանը, Արտաշես Գեղամյանը, Վիկտոր Սողոմոնյանը, Սամվել Կարապետյանը, մեկ այլ հայտնի օլիգարխ՝ Ավագումյան Կամոն,  ռուս մի շարք ազդեցիկ պատգամավորների հետ միասին պետք է կազմակերպեն ոչ թե ընկերական ընթրիքներ ու անշառ լսումներ Պուտինի իմաստուն քաղաքականության մասին, այլ զանգվածային հանդիպումներ հասարակության հետ, կլոր սեղաններ, դահլիճային մեծ միջոցառումներ: Զորի Գայկովիչն էլ, ինչպես ժամանակին Գալինա Ստարավոյտովայի, Ելենա Բոների պոչը բռնած քանդում էր հողը Կարեն Դեմիրճյանի տակ՝ Գորբաչովին հաճոյանալու համար,  այս անգամ էլ կբռնի Կարեն Շախնազարովի, Վյաչեսլավ Նիկոնովի, Կոնստանտին Զատուլինի պոչը: Ի՞նչ տարբերություն, թե ում պոչը բռնի, եթե խոսքը վերաբերում է Նիկոլին ասպարեզից հեռացնելու ու ղարաբաղյան կլանը իշխանության վերադարձնելու «սուրբ գործին»:

Նախապատրաստվող դեժավյուի տպավորությունն էլ ավելի է խորացնում «Լազարևյան» ակումբի անդամների կազմում Վլադիմիր Կազիմիրովի ներկայությունը, որը գալիս է հաստատելու, որ ի տարբերություն «Գրիբոյեդով» ակումբի՝ այստեղ գլխավոր շեշտը դրվելու է Ղարաբաղով ու պատերազմի վերսկսման վտանգով Նոր Հայաստանը շանտաժի ենթարկելու գեղամյանա-դհոլական քարոզչության վրա: Եթե մեր ընթերցողը բացի «Ռեգնում» լրատվական գործակալության կայքը, որի ղեկավարն է  «Լազարևյան» ակումբի մեկ այլ անդամ՝ Մոդեստ Կոլերովը, ապա Հայաստանի բաժնում կարող է տեսնել գեղամյանա-դհոլական այդ խայտառակ  քարոզչության  «գոհարները»:  Ես կվկայակոչեմ դրանցից երկուսը, որոնք ապացուցում են այս նորաստեղծ ակումբի իրական մտադրությունները: Սույն թվականի սեպտեմբերի 8-ին «Ռեգնումը» հրապարակել է  Արտաշես Գեղամյանի  հոդվածը՝  «Կա՛մ Ռուսաստանի ու Հայաստանի ռազմաքաղաքական դաշինք, կա՛մ պատերազմ Հարավային Կովկասում»:

Հաշվի առնելով այն, որ հոդվածը հրապարակվել է Պուտին-Փաշինյան հանդիպման օրը և պարունակում է Հայաստանի ղեկավարին վարկաբեկելու բովանդակություն, իսկ հոդվածի հեղինակը Հայաստան-Ռուսաստան միջխորհրդարանական մշտական հանձնաժողովի համանախագահն է, այս հրապարակումը պետք է գնահատվի որպես Հայաստանի դեմ ուղղված կազմակերպված դիվերսիա և Հայաստանի  նկատմամբ օգտագործվող բացահայտ շանտաժ: Հայ- ռուսական բարեկամության ջատագովների համար, որոնց շարքին եմ ես ինձ դասում, վիրավորական ու անհանդուրժելի է մեր դարավոր բարեկամության հիմքում տեսնել պատերազմի սպառնալիքից  կենդանական վախի ու ռուսների հետ հրազենի փողի տակ բարեկամանալու անայլընտրանքության ապացույց: Այդ քստմնելի տեսակետը վիրավորական է նաև ռուսների համար, քանզի հիմնվում է այն պատկերացման վրա, որ ռուսները  միայն պատերազմական վտանգի առկայության դեպքում են կարող իրենց ազդեցության դաշտում պահել սեփական դաշնակիցներին: Փաստորեն այս տեսակետն է իրականում սնուցում ռուսատյացությունը, որովհետև ցանկացած ժողովուրդ երբեք չի կարող հաշտվել որևէ պարտադրանքի և անայլընտրանքայնության քարոզի հետ: Դհոլ-Գեղամյանը հենց այդ քարոզն է ծավալել «Ռեգնում»-ում՝ առաջադրելով լկտի ու մերկապարանոց մեղադրանքներ համայն հայության վստահությունը վայելող մեր հեղափոխության առաջնորդի դեմ. տե՛ս «Ն. Փաշինյանի հակապետական հեղաշրջումը դատապարտված է տապալման», 17 սեպտեմբերի: Իսկ ահա սեպտեմբերի 27-ին «Ադրբեջանն արդեն հիմա կսանձազերծի պատերազմ» խորագրով հրապարակված նրա սադրիչ հոդվածը բացահայտում է այն իրողությունը, որ հակահեղափոխությունը Նիկոլ Փաշինյանին տապալելու իր  հույսերը կապում է Ադրբեջանի կողմից պատերազմի վերսկսման ու ֆորս-մաժորային  իրավիճակում  Հայաստանի ղեկավարին «լազարևյան» շանտաժի միջոցով հեռացնելու հետ:

Անբեկանելի քաղաքագիտական ճշմարտություն է. երբ տարբեր գործիչներ, ովքեր ունեն տարբեր պատկերացումներ ու տեսակետներ, բարդ փոխհարաբերություններ ու անցյալից եկող բազմաթիվ հաշիվներ, հանկարծ համախմբվում են ինչ-որ ընդհանուր տանիքի տակ, ապա դա նշանակում է, որ նրանց համախմբել է ոչ թե հանուն ինչ-որ բանի, այլ ընդդեմ ինչ-որ մեկի գործելու մարմաջը: Ի՞նչը կարող էր միավորել Ռաֆայել Իշխանյանի փեսա ու հանուն «երրորդ ուժի» բացառման թուրքերի հետ լեզու գտնելու վաղեմի կողմնակից Վազգեն Մանուկյանին և իրեն Իսրայել Օրու հետևորդ համարող ու թուրքերի դեմ հավերժ պատերազմելու կողմնակից Զորի Գայկովիչին: Ի՞նչը կարող էր ստիպել մինչև վերջերս Ռոբերտ Քոչարյանին հայհոյող Արտաշես Գեղամյանին  միավորվել  Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանի հետ, կամ ի՞նչ գործ ունի և՛ մեկի, և՛ մյուսի հետ «Տաշիրի» Սամոն: Սրանց բոլորին միավորել է կատաղի ատելությունը հեղափոխության ու հեղափոխության առաջնորդի նկատմամբ: Այդ ատելությունն այնքան մեծ է, այնքան է կուրացրել հակահեղափոխականներին, որ նրանք արդեն բռնել են բացահայտ ազգային դավաճանության ճանապարհը: Եթե նրանց չվնասազերծենք, ապա իրենց  «լազարևյան մեթոդաբանությամբ»  նրանք կդատապարտեն Հայաստանը Սիրիայի, իսկ արցախահայությանը՝  ալավիների ճակատագրին: Կասկած չի հարուցում այն, որ պատերազմական  ֆորս-մաժորի առաջացմամբ իշխանության վերադառնալու հույսերի չարդարացման դեպքում  հակահեղափոխականները ձգտելու են օգտագործել ղարաբաղյան խաղաքարտը՝ այդ ձևով հրահրել ֆորս-մաժոր ու վերատիրանալ իշխանությանը զինվորականության հետ միասին, ինչպես դա տեղի ունեցավ Եգիպտոսում: Սույն վտանգը կանխելու համար պետք է  ԱԺ ընտրություններից անմիջապես հետո շտապ ստեղծել անհրաժեշտ ինստիտուցիոնալ պատնեշներ հայոց պետականությունը խարխլելու տարատեսակ ոտնձգությունների առջև:

– Ռուսաստանցի հայտնի վերլուծաբան Պավել Ֆելգենհաուերը նշումէոր ԱՄՆ նախագահի խորհրդական Ջոն Բոլթոնի այցից հետոՄոսկվայում սկսվել է հակահայկական կամ ավելի ճիշտ կլինի ասել՝հակափաշինյանական հիստերիա։ Արդյոք կիսո՞ւմ եք այդ կարծիքը։Ի՞նչ հետևանքներ կլինեն այդ այցից և Ռուսաստանի ԱԳՆարձագանքից հետո։

– Հակափաշինյանական հիստերիան սկսվեց այն պահից, երբ պարզ դարձավ, որ Նիկոլը չի բավարարվելու Սերժին հեռացնելով, այլ մտադիր է զբաղեցնել վարչապետի աթոռը: Երբ Մոսկվայում հասկացան, որ Նիկոլ Փաշինյանի ու Գագիկ Ծառուկյանի միջև սարուձորի տարբերություն կա, ու Նիկոլին հնարավոր չէ Ծառուկյանի նման բամփել ու հետո Մոսկվայից ուղարկված Կարեն ու Սամվել Կարապետյանների միջոցով գլուխը յուղել ու տանել տուն, ահա այդ պահից սկսվեց հակափաշինյանական հիստերիան: Այն հետո սաստկացավ, երբ Սերժիկ Սարգսյանն ուշքի եկավ և վերադարձավ ՀՀԿ գրասենյակ՝ հրահանգելով Շարմազանովին, Աշոտյանին, Գեղամյանին, Արփինեին, Խոսրովին ու մյուսներին անցնել ակտիվ «դիվերսիոն գործողությունների» միջազգային խորհրդարանական կազմակերպություններում և ամենուրեք, որտեղ խորհրդարանական մեծամասնությունը ներկայացված էր: Սա իսկապես սիրո ու հանդուրժողականության հեղափոխություն էր, երբ համաժողովրդական ընդվզման միջոցով գահընկեց արված երկրի փաստացի միապետը ոչ միայն ստիպված չէր Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչի կամ Թունիսի նախագահ Բենալիի նման փախչել երկրից կամ էլ չհայտնվեց Եգիպտոսի նախագահ Հոսնի Մուբարաքի նման բանտախցում, այլ պահպանեց խորհրդարանական մեծամասնության առաջնորդի և կուսակցության նախագահի պաշտոնը՝ շարունակելով ապրել շքեղ պայմաններում՝ կառավարական առանձնատանը: Թե ի՛նչ ստացավ Նիկոլը դրա դիմաց, ի՛նչ լուտանքներ են թափում նրա գլխին շարմազանովներն ու աշոտյանները, մենք դա տեսանք: Տեսնում ենք, թե Գեղամյանն ինչպես է պատասխանում իր խուլիգանական արարքը՝ Նիկոլ Փաշինյանի վրա ԱԺ միջանցքում բռունցքներով հարձակվելը, անպատիժ թողնելուն: Ո՞վ է կասկածում, որ եթե ինչ-որ ձևով Գեղամյանին կամ որևէ մեկին այդ հանցագործ ոհմակից երբևէ հաջողվի վերադառնալ իշխանության, ապա վալպուրգյան գիշեր կբերեն բոլորիս գլխին:

Ինչ վերաբերում է Ջոն Բոլթոնի այցին, ապա այդ այցը ընդամենը առիթ էր էլ ավելի սաստկացնելու հականիկոլական քարոզչությունը ռուսաստանյան մամուլում: Չեմ կասկածում, որ այդ քարոզչությունը վարձատրվում է Սերժ Սարգսյանի և մյուս հայտնի տնաբույս օլիգարխների կողմից: Դրա համար մեր քրեական օլիգարխիային անհրաժեշտ էր կուլակաթափել հեղափոխական ճանապարհով օրերի ընթացքում՝ զրկելով հակահեղափոխության ֆինանսավորման հնարավորությունից: Այսօր այդ գիշատիչներն աշխատում են Նոր Հայաստանի դեմ, զբաղված են սաբոտաժով, պատվիրում են հայ-ռուսաստանյան հարաբերությունները զարգացնելու ու խորացնելու Նիկոլ Փաշինյանի քայլերի անկեղծությունն ու հետևողականությունը կասկածի տակ դնող ստոր հրապարակումներ ռուսաստանյան մամուլում: Մյուս կողմից՝ մտահոգիչ է ՌԴ-ում Հայաստանի դեսպանատան աշխատակիցների և անձամբ մեր դեսպանի անգործությունը: Էլ չեմ խոսում Ռուսաստանյան թեմի առաջնորդ ու Ամենայն Հայոց Կաթողիկոսի եղբայր Եզրաս սրբազանի մասին, որը, հավաստի տեղեկություններով, Մոսկվայում նույնպես զբաղված է հակափաշինյանական «բզբզոցներով»: Ինչ վերաբերում է Արա Աբրահամյանին, ապա նրա մասին խոսելու կարիք էլ չկա՝ նրա պարագայում ամեն ինչը ջրի երեսին է: Հարց է ծագում՝ այս իրավիճակում ո՞վ պետք է բացատրի ռուսաստանյան հասարակությանը կամ չինովնիկական դասին իրականությունը: Մասնավորապես, այն, որ եթե Հայաստանի դաշնակից Ռուսաստանը կարող է Ադրբեջանին զենք վաճառել, ապա անհասկանալի է, թե ինչո՞ւ պետք է Հայաստանը բացառի ԱՄՆ-ից զենք ու զինամթերք ստանալու հնարավորությունը: Եթե Բոլթոնը այդ մասին խոսեց, ապա դա այնքան պարզ է, որ նա նպատակ ուներ ոչ թե վաղը կամ մյուս օրը սկսել Հայաստանին զենք մատակարարել, այլ ընդամենը նպատակ էր հետապնդում շոշափելու Հայաստանի ինքնիշխանությունն ապահովելու և միմիայն սեփական երկրի ազգային շահերով առաջնորդվելու Նիկոլ Փաշինյանի պատրաստակամությունը: Կամ գուցե այդ խոսակցությունը նա բացեց, որպեսզի սադրի՞ Ռուսաստանում հակափաշինյանական հիստերիա ու ներշնչի ռուսներին անվստահություն Հայաստանի նոր իշխանությունների հանդեպ: Այդ ինչո՞ւ է ռուսներին թվում, որ եթե իրենք ցանկանում են իրենց դաշնակիցներին կտրել ԱՄՆ-ի հետ համագործակցությունից կամ մինիմումի հասցնել այդ համագործակցությունը, ապա ԱՄՆ-ը չպետք է նույնպես ձգտի Հայաստանը Ռուսաստանից պոկելուն: Եվ նորից առաջ է գալիս նույն հարցը՝ ո՞վ, եթե ոչ՝ ՌԴ-ում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանը և դեսպանատան աշխատակիցները, թեմի հոգևոր առաջնորդը, համայնքի ղեկավարը պետք է այս ճշմարտությունները պարզաբանեն ռուսաստանցիներին: Թե՞ այս խնդիրներն էլ պետք է լուծի Նիկոլ Փաշինյանն անձամբ…

– Արդեն իսկ հստակ էոր քաղաքական ուժերը խորհրդարանականարտահերթ ընտրություններին մասնակցելու են հին Ընտրականօրենսգրքով։ Ըստ Ձեզ՝ որո՞նք են հին օրենսգրքով ընտրություններինմասնակցելու ամենամեծ սպառնալիքներըձևավորվելիք Ազգայինժողովը կարո՞ղ է ներկայացնել քաղաքական տրամադրությունները։ 

– Հեղափոխության հաղթանակը պետք է ամրագրվի, վավերացվի ու դառնա անշրջելի այս համապետական ընտրություններով: Դրա համար էլ հակահեղափոխության շոգեքարշի դերում հանդես եկող ՀՀԿ-ն ամեն ինչ արեց ու դեռ էլի կանի այս ընտրությունների վրա ստվեր գցելու համար: Եթե այս ընտրությունների արդյունքում խորհրդարանի կազմի որակն էապես չփոխվի դեպի լավը, եթե խորհրդարան նորից գան անպետքները, ապա այդ Ազգային ժողովի կյանքը երկար չի լինի, իսկ հիասթափված ժողովուրդը կարող է, ինչպես ասում են, կեղտոտ ջրի հետ տաշտակից դուրս նետել նաև նորածին երեխային՝ մեր հեղափոխությունը: Այդ դեպքում իրականություն կդառնա քաղաքական ռևանշը՝ իր ողբերգական հետևանքներով: Դրա համար էլ հանրապետական ոհմակը ձգտեց ոչ թե սեփական ներկայությունը Ազգային ժողովի նոր կազմում ինչ-որ չափով ապահովելու նպատակին, այլ այդ նպատակին ամենևին էլ չծառայող ռեյտինգային ընտրակարգի պահպանմանը: Ապարդյուն էին Նիկոլ Փաշինյանի բոլոր ջանքերը նրանց բացատրելու, որ իրենց համար ռեյտինգային ընտրակարգով ԱԺ մուտք գործելն ավելի բարդ է լինելու: Ապարդյուն էին, քանզի հանրապետականներին այսօր ամենաքիչն է հետաքրքրում իրենց ներկայացվածությունը ընտրվելիք խորհրդարանում և ամենաշատն է հետաքրքրում այդ խորհրդարանի շուտափութ վարկաբեկվելու հեռանկարն ու այդ հեռանկարն ապահովելու սեփական հնարավորությունները: Իրենք այսօր հասան իրնց նպատակին՝ Նիկոլի համար էապես կրճատեցին խորհրդարան անցնողների սելեկցիան իրականացնելու հնարավորությունը: Ռեյտինգայինի դեպքում դժվար է ապահովել խորհրդարանական գործունեության համար իսկապես պիտանի մարդկանց մուտքը ԱԺ, իսկ հավանականությունը, որ այնտեղ կհայտնվեն անորակ մարդիկ, ավելի մեծ է: Այս պայմաններում իրավիճակից դուրս գալու և իսկապես պատշաճ որակ խորհրդարանում ապահովելու միակ միջոցը Նիկոլ Փաշինյանի ամենաակտիվ և քրտնաջան մասնակցությունն է քարոզարշավին: Նիկոլը ստիպված է լինելու հատուկ քարոզչական ջանքեր գործադրել, որպեսզի իր թիմակիցների կազմից խորհրդարանական գործունեության համար իսկապես պիտանի մարդիկ անպայման ընտրվեն և ապահովեն ԱԺ որակը: Հակառակ դեպքում այն հայտնի փաստարկը, որ ժողովուրդն է ընտրել ու ժողովուրդն է պատասխանատու իր ընտրության համար, չի աշխատի և կմերժվի հենց ժողովրդի կողմից: Եվ այն նույն ժողովուրդը, որը այժմ ծափահարում է մեզ ու կարևորություն չի տալիս, թե ինչ ընտրակարգով են անցկացվելու ընտրությունները, արդեն վաղը կարող է շուռ գալ և մեզ մեղադրել: Այո, ժողովուրդը չի սիրում, երբ քաղաքական առաջնորդները ձգտում են պատասխանատվությունից խուսափել ու գցում են պատասխանատվությունը ժողովրդի վրա: Դրա համար ժողովրդի տեսանկյունից հաջողությունների հեղինակը միշտ հենց ինքն է՝ ժողովուրդը, իսկ ձախողումների պատասխանատուն քաղաքական գործիչներն են: Այնպես որ՝ եթե Նոր Հայաստանի խորհրդարանն իրեն չարդարացնի, չլինի պատշաճ ներկայանալի, ապա ժողովուրդն անպայման կհիշի և՛ հին ռեյտինգային ընտրակարգով ընտրություններն անցկացնելու մեղքը, և՛ Մուկուչյանի՝ ԿՀԸ նախագահի պաշտոնում մնալը, և՛ ձեռներեցների մուտքը ԱԺ չարգելափակելու հանգամանքը: Չմոռանանք, որ ԱԺ գալիք կազմը կանգնելու է լրջագույն մարտահրավերներին դիմակայելու անհրաժեշտության առջև, քանզի ստիպված է լինելու փնտրել արցախյան հիմնահարցի կարգավորման ուղիները աշխարհաքաղաքական տուրբուլենտության խորացման դժվարին պայմաններում: