«Փաստ» թերթը գրում է «Վերջին օրերին մամուլում ակտիվ շրջանառվում են տեղեկություններ այն մասին, որ ՀՀԿ–ն ընտրություններին ընդառաջ իր նախընտրական ցուցակը համալրելու նպատակով բանակցում է Դավիթ Շահնազարյանի, Հրանտ Բագրատյանի եւ Վազգեն Մանուկյանի հետ եւ ոչ միայն: Ինչքանով են այս տեղեկությունները հավաստի, մենք, իհարկե, չենք կարող ասել, քանի դեռ որեւէ պաշտոնական հավաստիացում կամ հերքում չկա: Սակայն, անկախ ամեն ինչից, այս տեղեկությունը ինքնին բնորոշում է նախկին իշխանության կուսակցության շուրջ տեղի ունեցող գործընթացը, որը այլ կերպ կարող ենք անվանել նախընտրական ռեբրենդինգ կամ խորքային վերափոխումների փորձ:

Հանրապետականների համար հիրավի դժվար ժամանակաշրջան է: Հեղափոխության բացասական էներգիայի ողջ չափաբաժինը ուղղված է հենց նրանց դեմ, եւ հատկապես ընտրությունների նախաշեմին այդ չափաբաժինն ինչ–որ կերպ թոթափելու խնդիր կա: Մյուս կողմից էլ, անկախ այն հանգամանքից՝ կա բացասական էներգիա, թե ոչ, կան օբյեկտիվ խնդիրներ ու մարտահրավերներ, որոնց առերեսվել է Հանրապետականը: Լինելով իշխանության կուսակցություն՝ Հանրապետականն այլ մոտիվացիա, այլ ներուժ, քան իշխանություն լինելը, ադմինիստրատիվ լծակներ ունենալը, չի ունեցել: Որոշակի գաղափարական առանցք, այդ առանցքի շուրջ հավաքված որոշակի անհատներ եղել են, բայց եղել են ներքին փոքրամասնության դերում: Հիմա, երբ իշխանությունն ու ադմինիստրատիվ լծակները չկան, չկա նաեւ ՀՀԿ–ն նախկին տեսքով: Ըստ այդմ, ՀՀԿ–ն խնդիր ունի հասկանալ իր ներկա ու ապագա տեսքն առանց իշխանության:

Հատկապես ընտրություններից մեկ ամիս առաջ այս նոր տեսքի մոդելավորման խնդիրը ավելի է բարդանում: Այսինքն, ՀՀԿ–ն մի կողմից պետք է առերեսվի օբյեկտիվ մարտահրավերներին, մյուս կողմից՝ խուսանավի կամ գոնե մեղմացնի հանրային բացասական ազդակներն իր ուղղությամբ: Միով բանիվ, ակնհայտ է, որ թե՛ քաղաքական օրինաչափությունից ելնելով, թե՛ ներկայիս իրավիճակը հաշվի առնելով՝ ՀՀԿ–ն միակն է, որ կամա թե ակամա կարող է լինել Փաշինյանի եւ նրա իշխանության միակ արմատական ընդդիմությունը: Գործընկերության, կոալիցիոն համագործակցության հեռանկարը իշխանությունների հետ ՀՀԿ–ի համար մշուշոտ է, մյուս կողմից էլ առկա է, այսպես ասած, անցյալի ցասումը, որը ՀՀԿ–ին կա՛մ կարող է մղել ընդդիմության դաշտ, կա՛մ կարող է մղել ավելի հեռու՝ քաղաքականությունից դուրս:

Ըստ այդմ, ակնհայտ է, որ եթե ՀՀԿ–ն որոշի մասնակցել ընտրություններին ու անցնի խորհրդարան, անկախ հավաքած տոկոսներից ու մանդատներից, լինելու է Փաշինյանի թիվ մեկ ընդդիմությունը: Հենց այստեղ է, որ խնդիրը դառնում է ավելի խորքային, վեր հանրային բացասական էներգիան շրջանցելու կամ մեղմացնելու նախընտրական իրավիճակային մարտահրավերից: Ենթադրենք ՀՀԿ–ին հաջողվեց այդ բացասական էներգիան մեղմացնել կամ այդ բացասական էներգիան օգտագործել ու կոնսոլիդացնել իշխանությունից դժգոհ խմբերի ու քաղաքացիների ձայները ու հայտնվել խորհրդարանում: Ո՞րն է լինելու ՀՀԿ–ի երկարաժամկետ առաքելությունը: Արդյո՞ք նրանք պատրաստվում են ի տարբերություն այլ ուժերի, որոնք դիրքավորվել են որպես Փաշինյանի աղքատ բարեկամներ ու «թիկունք պահողներ», դառնալ «թիկունքից խփողներ», ինքնանպատակ ու պատեհ–անպատեհ քննադատողներ՝ անցյալի ծանր հիշողությունների բեռը թոթափելու համար: Թե՞ ամեն դեպքում կա կամ կգտնվի այլ առանցք, այլ օրակարգ, որ բացի ընդդիմություն հանուն ընդդիմության լինելու կարգախոսից շանս կտա այդ կուսակցությանը վերափոխումների գնալ:

Մեծ հաշվով, ՀՀԿ–ն ունի բոլոր շանսերը՝ թե՛ վերափոխվելու, թե՛ ինքնանպատակ ընդդիմություն դառնալու, թե՛ ընդհանրապես քաղաքական ասպարեզը լքելու համար: Խնդիրն այն է, թե ինչպես նրանք կօգտագործեն իրենց ռեսուրսները ու հնարավորությունները, կառերեսվեն ու կհաղթահարեն կարճատեւ, իրավիճակային մարտահրավերները, թե կպատրաստվեն ավելի երկարատեւ պայքարի ու գործունեության»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։