«Լուսավոր Հայաստան» կուսակցության նավի բոցման Հայկ Կոնջորյանը հայտարարել է այդ կուսակցությանն իր անդամակցությունը դադարեցնելու և «իմեննոյ» Նիկոլ Փաշինյանին «անվերապահ» աջակցելու մասին։ Մինչև վերջերս «երկաթյա շերեփավորի» շռնդալից համբավով հայաստանյան քաղաքական կյանքի ոլորապտույտի մեջ «շնորհքով ներխուժած» նորաթուխ պատգամավորը հանգել է այն եզրակացության, որ հեղափոխության նավը օդի ու ջրի պես կարիք ունի իր նման առագաստավարների և նա չի խորշում վերցնել այդ պատսխանատվություն իր վրա։ Կոնջորյանը վստահ է գուցե, որ մի ձեռքում երկաթյա շերեփ, մյուսում առագաստապարան, նա և միայն նա կարող է ավարտին հասցնել հեղափոխության նավի վերելքը դեպի «Լյառը  Մասիս»։

Մենք, իհարկե, չենք կարող շատ երկար շարունակել  Կոնջորյանին հատուկ նման բառապաշարով խոսել նրա եզրաքարային որոշումների մասին, որովհետև մեզ, թերևս հարկավոր կլինի  տևական դասընթացներ անցնել այս գործչի մոտ, որպեսզի հասկանանք, թե ինչպես կարելի է ժամեր շարունակ, ճռճռան բառերով ու լիրիկական շեղումներով խոսել ոչ մի բանի մասին։ Սակայն ճռճռան ճառերից այն կողմ շատ ավելի հետաքրքիր է, թե նորաթուխ «քաջալերվածը» գիտի՞ արդյոք հայերենում մի շատ գեղեցիկ բառի գոյության մասին՝ պատեհապաշտ։ Ի դեպ, պատեհապաշտը բառ է միայն  ուղղագրական ու բացատրական բառարաններում, հայաստանյան քաղաքական կյանքում պատեհապաշտությունը քաղաքական հավատամք է։

Կոնջորյանն այս տեսանկյունից հավականում է դառնալ հեղափոխությունից հետո պատեհապաշտության հաղթարշավի ռահվիրան։ Սակայն այստեղ, թերևս, Կոնջորյանին պետք չի գա երկաթյա շերեփ կամ ավելի ճիշտ, պետք  կգա, ինչպես նախկինում էին ասում, իշխանական կերակրատաշտից առավել վստահ օգտվելու համար։ Ի վերջո, պատգամավորի մանդատը բավական տաքուկ, լավ աշխատավարձով ու սեփական ինքնասիրահարվածության արտահայտության համար լավագույն հնարավորություններն է ստեղծում։ Ուստի ինչու՞ այդ մանդատի համար պայքարել, քաղաքական մրցակցության մեջ մտնել, երբ կարելի է հեղափոխության ու տարատեսակ նավերի մասին ամպագորգոռ դատարակաբանություններ ճառելով ստանալ այն սկուտեղի վրա։

Վերջապես, եթե նույնիսկ մի կողմ թողնենք Կոնջորյանին, ապա դժվարընկալելի  վերջինիս «քաղաքական որոշումը» ողջունողները, որոնք նախկինում մշտապես և տեղին ծաղրել ու արհամարել են տարբեր հհկ-ականների ու հհշ-ականների պատեհապաշտ վարքի, քաղաքական ճամբարափոխության  և հանուն սեփական հետույքի ու  պատգամավորական մանդատի հարատև  կենակցության, ցանկացած քաղաքական ու մարդկային առաքինություններ ոտնատակ տվողներին։ Մեղմ ասած զարմանալի է, որովհետև Կոնջորյանի վարքով, «շերեփով» ու «սկզբունքներով» քաղաքական դաշտ մտած «գործիչները» մնալու են հավերժական «տիտիկ չանող Բենվենուտո»՝ համալրելով խոսրովհարությունյանական շարժման և վահանբաբայանիզմի գաղափարակիցների ստվարացող շարքերը։