Կառավարության նոյեմբերի 1-ի նիստում գործադիրը որոշում ընդունեց 2018 թվականի պետական բյուջեով արդեն իսկ նախատեսված սուբվենցիաներից բացի այլ սուբվենցիաներ տրամադրել ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից։ Ըստ որոշման նախագծի՝ 167,954.4 հազար դրամ կհատկացվի Գեղարքունիքի, Վայոց ձորի, Շիրակի, Արագածոտնի մարզպետարաններին։ Գեղարքունիքի մարզպետարանին՝ կհատկացվի 4,999.7 դրամ, Վայոց ձորի մարզպետարանին՝ 14,064.0 դրամ` Շիրակի մարզպետարանին՝ 54,982.4 դրամ,  Արագածոտնի մարզպետարանին՝ 15,306.6 դրամ։ Հարցի զեկուցող տարածքային կառավարման և զարգացման նախարարի պաշտոնակատար Սուրեն Պապիկյանն ասաց, որ այս մարզպետարաններին գումար է հատկացվում անհետաձգելի աշխատանքներն ու դրանց հետ կապված ծախսերն իրականացնելու համար։ Հատկացված գումարով կիրականացվեն փողոցների լուսավորության, խմելու ջրերի համակարգերի բարելավման և դպրոցներում ու մանկապարտեզներում իրականացվող մի շարք ծրագրեր։