Աշխարհի կենդանաբանական այգիների ներկայացուցիչները մի քանի օր է, ինչ Երևանում են: Այս օրերին Երևանում տեղի է ունենում Եվրասիական կենդանաբանական այգիների ու ակվարիումների միջազգային կոնֆերանսը, որին մասնակցում են աշխարհի տարբեր վայրերից ժամանած կենդանաբանական այգիների տնօրենները և ներկայացուցիչները: Հոկտեմբերի 29-ին տեղի ունեցավ կոնֆերանսի բացման արարողությունը, որին մասնակցեցին նաև ՀՀ բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանը, Երևանի քաղաքապետարանի արտաքին կապերի վարչության ղեկավար Դավիթ Գևորգյանը, Երևանի կենդանաբանական այգու տնօրեն Ռուբեն Խաչատրյանը և բազմաթիվ այլ հյուրեր:  Մասնակիցների թվում են այնպիսի խոշոր կենտրոնների ներկայացուցիչներ, ինչպիսիք են Տոկիոյի (Ճապոնիա), Մագդեբուրգի (Գերմանիա), Վարշավայի (Լեհաստան) կենդանաբանական այգիները: Կոնֆերանսի այս տարվա թեման է վայրի բնության պահպանման ու կենդանիների վերաբնակեցման գործում կենդանաբանական այգիների դերն ու նշանակությունը:  ԵԱՌԱԶԱ նախագահ Վլադիմիր Սպիցինը մեզ հետ զրույցում ասաց. «Մեր գլխավոր խնդիրը կենդանաբանական այգիների ջանքերի միավորումն է, ինչպես նաև բնապահպանական, տեղեկատվական գործունեությունը: Կենդանաբանական այգիների համաշխարհային ասոցիացիայի կողմից որոշված 4 հիմնախնդիր գոյություն ունի. հազվագյուտ կենդանիների պահպանումը, վերարտադրությունն ու ուսումնասիրումը, հասարակությանը տեղեկատվության տրամադրումը, գիտական հետազոտություններ իրականացնելը և որպես ժամանցի վայր հանդիսանալը, որպեսզի կենդանաբանական այգում հնարավոր լինի հանգստանալ: Երևանում ես առաջին անգամ չեմ, ես սիրում եմ ձեր երկիրն ու քաղաքը»: