2008 թվականի մարտի 1-ից 2-ի դեպքերի գործի վերաբերյալ նոր մանրամասներ են հայտնի դարձել, հաղորդում է Հայաստանի հատուկ քննչական ծառայության մամուլի ծառայությունը:

Ինչպես նշվում է հաղորդման մեջ, գործի նախաքննության ընթացքում պարզվել է, որ Վ. Հ.-ն, 2007-2011 թվականներին զբաղեցնելով ՀՀ հատուկ քննչական ծառայության հատկապես կարևոր գործերի ավագ քննիչի պաշտոնը, իր վարույթում առանձնապես ծանր հանցագործությունների վերաբերյալ քննվող քրեական գործով նախաքննության ընթացքում կազմակերպել է քննչական խմբի կազմում ընդգրկված առանձին քննիչների հետ և ոստիկանության ծառայողների, այդ թվում` փորձագետ Ա. Հ.-ի օժանդակությամբ միասնական դիտավորությամբ ապացույցներ կեղծելը:
Ըստ մեղադրանքների` Վ. Հ.-ն 2008 թվականի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում տեղի ունեցած դեպքերի առթիվ հարուցված քրեական գործը վարույթ ընդունելուց հետո նշանակվել է քննչական խմբի ղեկավար:

Վերջինս նշված քրեական գործով նախաքննության ընթացքում ի պաշտոնե հայտնաբերել է, որ 2008 թվականի մարտի 1-ին և 2-ին Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների՝ ցուցարարների և ոստիկանության միջև բախումների ժամանակ ակտիվ մասնակցություն են ունեցել ՀՀ ՊՆ զինված ուժերի տարբեր ստորաբաժանումներ, որոնք հիշյալ դեպքերի ընթացքում հրազեն են կիրառել:

Մինչդեռ նա, հիշյալ իրադարձությունների ժամանակ ՀՀ զինված ուժերի հակասահմանադրական օգտագործման, այդ թվում՝ զինված ուժերի ծառայողների կողմից հրազենի ապօրինի գործադրման իրական հանգամանքները թաքցնելու, վերջիններիս կողմից կատարած գործողությունները հերքելու և տեղի ունեցածն իրավաչափության քողի ներքո ներկայացնելու խմբային շահերից ելնելով, այդ, ինչպես նաև իրադարձությունների ժամանակ մի խումբ անձանց սպանությունների հանգամանքները բացահայտելուն ուղղված որևէ գործողություն չի կատարել, չարաշահել է իր պաշտոնեական լիազորությունները, քննչական խմբի որոշ քննիչների հետ և ոստիկանության այլ ծառայողների, այդ թվում` փորձագետ Ա. Հ.-ի օժանդակությամբ, կազմակերպել է քրեական գործով հանցագործության հետքեր պարունակող, հանցագործությունը հայտնաբերելու, գործի փաստական հանգամանքները պարզելու, մեղավորներին ի հայտ բերելու միջոց ծառայող, դեպքի վայրի զննություններով հայտնաբերված և վերցված ապացույցների կեղծելը:

«Մասնավորապես, քրեական գործով 2008 թվականի մարտի 5-ի որոշմամբ նշանակված դատաձգաբանական փորձաքննության կատարման ընթացքում Վ. Հ.-ն և քննչական խմբի քննիչը ՀՀ հատուկ քննչական ծառայություն են հրավիրել ՀՀ ոստիկանության զորքերի հրամանատարական կազմի պաշտոնատար անձին և հայտնել, որ ՀՀ զինված ուժերի մասնակցության ու վերջիններիս կողմից հրազենի ապօրինի գործադրման իրական հանգամանքները թաքցնելու և վերջիններիս կողմից կատարած գործողությունները հերքելու նպատակով անհրաժեշտ է դեպքի վայրի տարբեր տեղամասերից զննությամբ հայտնաբերված տարբեր տեսակի և տրամաչափի հրազեններից կրակված, իրեղեն ապացույց հանդիսացող շուրջ 1000 պարկուճները փոխարինել ՀՀ ոստիկանության զորքերի սպառազինության մեջ մտնող նույն տեսակի այլ հրազեններից կրակված պարկուճներով»,- նշվում է հաղորդման մեջ:

Նշված պաշտոնատար անձը հիշյալ հանձնարարությունը ստանալուց հետո այն իր հերթին հանձնարարել է ՀՀ ոստիկանության զորքերի իրեն ենթակա ծառայողներին:

Վերջիններս ՀՀ ոստիկանության զորքերի մի խումբ ծառայողների հետ ոստիկանության զորքերի՝ Արարատի մարզի Գետազատ գյուղում գտնվող մարտական կրակային դաշտում տարբեր տեսակի և տրամաչափի ինքնաձիգներից կրակել են պահանջվող քանակությամբ փամփուշտներ: Դրանից հետո կրակված փամփուշտների պարկուճները տարվել են ՀՀ հատուկ քննչական ծառայություն և հանձնվել քննիչին: