Aliq.ge գրում է. «Ախալքալաքիում տեղի ունեցած միջադեպից հետո նախագահի թեկնածու Գրիգոլ Վաշաձեի շտաբը պահանջել է Հենզել Մկոյանին զրկել պատգամավորական անձեռնմխելիությունից։

Շտաբից նաև կոչ են անում իրավապահներին հարցաքննել «կազմակերպված հանցավոր խմբի ղեկավարին»։

Ընդդիմադիր թեկնածուի նախընտրական շտաբի ղեկավար Գիորգի Վաշաձեի խոսքով, երեկ երեկոյան, երբ նրանք ուսումնասիրել են միջադեպը, այլ հանցանքներ ևս բացահայտել են: Նրա պնդմամբ, իրավապահները համարժեք չեն արձագանքել տեղի ունեցածին։

Գիորգի Վաշաձեի խոսքերով, հարձակումը տեղի է ունեցել առավոտյան ժամը 11-12-ի ընթացքում, երբ շտաբի ներկայացուցիչներն ընտրական խախտումների մասին արձանագրություններն էին բերում ներկայացնելու: Վաշաձեն նաև ասում է, որ պատգամավոր Հենզել Մկոյանն (ընտրվել է Ախալքալաքի և Նինոծմինդայի շրջաններից մեծամասնական ընտրակարգով, խմբ․) անձամբ մասնակցել է ծեծկռտուքին: Բացի այդ, ըստ նրա, զինված մարդիկ են եղել:

Շտաբի ղեկավարը տեղեկացրել է, որ միավորված ընդդիմությունը նախընտրական շրջանում տեղի ունեցած միջադեպերի հետաքննության հատուկ քննչական խումբ է ստեղծում։ Ընդդիմությունը կոչ է անում փորձագետներին և փաստաբաններին ներգրավվել քննչական խմբի աշխատանքներում:

Հիշեցնենք՝ հոկտեմբերի 30-ին Ախալքալաքում հարձակվել են նախագահի թեկնածու Գրիգոլ Վաշաձեի նախընտրական շտաբի անդամների վրա»։