Իտալիայում նեապոլիտանական «Կամորրա» հանցավոր խմբավորումը Պոչո անունով ոստիկանական շան գլխի համար հինգ հազար եվրոյի դրամական պարգև է խոստացել։ Շունը զբաղվում է թմրամիջոցների հայտնաբերմամբ։

«Լենտա.ռու»-ն գրում է, որ ոստիկանությունում ծառայելու տարիներին Պոչոն մոտ երկու տոննա թմրամիջոց է հայտնաբերել, ինչի հետևանքով մաֆիոզները մի քանի միլիոն եվրո են կորցրել։ Թմրանյութի վերջին մեծ չափաբաժինը շունը հայտնաբերել է Սալերնո նահանգում։ Խոսքը երեսուն կիլոգրամ կոկայինի մասին է։

Պոչոն ոստիկանությունում հայտնվել է տեղի բնակիչներից մեկի ընտանիքից, տան բնակիչները նրան հանձնել են ալերգիայի պատճառով։ Շունն այժմ ինը տարեկան է, նա կարող է ծառայել ևս մեկ տարի։ Հանցագործներն արդեն փորձել են ազատվել Պոչոյից՝ նրան թունավորված մսագնդեր տալով, սակայն ապարդյուն։