«168 Ժամ» թերթի հետ զրույցում իրանցի քաղաքագետ Կայհան Բարզեգարը՝ անդրադառնալով տարածաշրջանային համագործակցությունների ուղղությամբ ՀՀ արտաքին քաղաքականությանը, ասել է. «Չնայած Հայաստանում տեղի ունեցող ներքաղաքական զարգացումներին՝ հաշվի առնելով բարդ աշխարհագրությունը՝ ՀՀ-ն պետք է լուրջ ուշադրություն հատկացնի արտաքին քաղաքականությանը, որը միայն ԼՂ հակամարտությունն ու Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելու հարցը չէ։ Խոսքը շատ ավելի լայն սպեկտրի մասին է, որը ներառում  է և տարածաշրջանային, և արտատարածաշրջանային համագործակցությունը, ինչը Հայաստանի համար կարող է դառնալ անվտանգության հավելյալ երաշխիք։ Այսինքն՝ պետք է աշխատել նախ բոլոր կարևոր կենտրոնների, հարևանների հետ՝ սերտորեն առաջ մղելով սեփական շահերը։ Դա չափազանց կարևոր է»:

Իր հերթին՝ վրացի քաղաքագետ Իրակլի Մենագարիշվիլին ասել է, որ հետևելով Իրանի, Թուրքիայի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների միջև ստորագրված ստամբուլյան հռչակագրի հետ կապված քննարկումներին, հասկացել է, որ ՀՀ-ում կան քննադատություններ՝ նաև ուղղված հենց հայաստանյան դիվանագիտությանը, որ նման իրադարձություններից առաջ պետք է պատրաստվել, համապատասխան աշխատանք իրականացնել գործընկեր երկրների հետ։

«Իսկ եթե իմանալով, որ նման ձևաչափերում այսպիսի ձևակերպումներ են հնարավոր, և քայլեր չեն ձեռնարկվում, կարելի է ենթադրել, որ դա պաշտոնական Երևանին առանձնապես չի մտահոգում։ Իսկ եթե մտահոգում է, պետք է վերանայել նման հարցերում սեփական քաղաքականությունը, որպեսզի գործընկեր երկրների համար ևս կանխատեսելի լինի Երևանի ցանկությունները», – ասել է նա։

Նրա խոսքով՝ Հայաստանը, չունենալով հարաբերություններ Ադրբեջանի և Թուրքիայի հետ, կարող է իր օրակարգն առաջ մղել տարածաշրջանում իր մյուս գործընկերների հետ ակտիվ աշխատանքի միջոցով։

«Իրադարձությունից հետո դրան արձագանքելը ևս այդքան արդյունավետ չեմ համարում, կան այս ձևաչափերը, Վրաստանը ևս համագործակցություններ ունի, ուստի նախապես պետք է մշակվի համապատասխան գործողությունների ծրագիր այսպիսի դեպքերի և ավելի լավ համագործակցության համար, այլապես Հայաստանը մեկուսանում է նաև իր գործընկեր երկրներից», – ասել է Իրակլի Մենագարիշվիլին»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։