Երեկ ժամը 18-ին լրացավ վարչապետի թեկնածուների առաջադրման ժամկետը, միակ թեկնածուն Նիկոլ Փաշինյանն է։ Աժ 43 պատգամավորներ նրան երկրորդ անգամ առաջադրեցին վարչապետի թեկնածու: Առաջին ընտրության դեպքում վարչապետի թեկնածու առաջադրելու իրավունքը բոլոր խմբակցություններն ունեին, երկրորդ անգամ թեկնածու կարող էր առաջադրել պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդը՝ 35-ը: Հավաքվել է 43 ստորագրություն` «Ելքին», «Ծառուկյան» դաշինքին միացել են ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավորներ: Նպատակը այս անգամ ևս Փաշինյանի չընտրվելն է։ Գործող Աժ-ն կարձակվի, եթե երկու անգամ չընտրի վարչապետ: Առաջին անգամ չընտրեց հոկտեմբերի 24-ին: Նորից չի ընտրելու: Նախ` «Ելք»-ի պատգամավոր Ալեն Սիմոնյանը ասում էր, որ եթե այլ առաջադրումներ չլինեն, Փաշինյանի թեկնածությունը չեն առաջադրի, բայց մտքները փոխեցին և վարչապետի պաշտոնակատար ու վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը նորից կգա խորհրդարան, ելույթ կունենա, կպատասխանի պատգամավորների հարցերին: Բնական է` պոպուլիստ ու ակտիվիստ Նիկոլ Փաշինյանը առիթը բաց չի թողնի ասելու այն` ինչ արդեն բազմիցս ասել է: Այս անգամ, թերևս, գնահատական տա նաև Ընտրական օրենսգրքի չընդունմանը ու վերահաստատի, որ ՔՊ-ի համար մեկ է` հին, թե նոր օրենսգրքով կգնա ընտրությունների, կարևորը քաղաքական կամքն է` ժողովրդի հաղթանակն է, որ ոչ ոք նրանից խլել չի կարող և այլն, և այլն… «Խոնարհվում եմ ձեր առաջ Հայաստանի հպարտ քաղաքացիներ, համբուրում եմ ձեզ…» շարքից: Վարչապետի ընտրության հարցով հատուկ նիստը կլինի նոյեմբերի 1-ին, ժամը 12.00-ին:
Իսկ մյուս խմբակցություննե՞րը:

ՀՅԴ-ն բնավ մեղքի զգացում չունի ձախողված Ընտրական օրենսգրքի համար:
Արմենուհի Կյուրեղյանը, օրինակ, ասում էր` իսկ ո՞վ էր ասել, որ ՀՅԴ-ն ամբողջ կազմով պիտի կողմ քվեարկի: ՀՅԴ-ականներն էլ կգնան ընտրությունների հաղթելու համար: Դա նախընտրական քաղտեխնոլոգիա է` բոլոր կուսակցություններն են հայտարարելու, որ պայքարում են հաղթելու ու մեծամասնություն լինելու համար: Ո՞ր զինվորն է մարտի գնում պարտվելու: Իվերջո` խորհրդարանի ընտրությունը այն մարտն է, որտեղ նվազագույնը երեք հաղթող լինելու է` գործող օրենսգրքով: Կարող էր` չորսը լինել, բայց 6-րդ գումարման ԱԺ-ն մերժեց նոր օրենսգիրքը, որ հին կանոններով ընտրվի 7-րդ գումարման ԱԺ-ն:
«Ծառուկյան» խմբակցությունը արդեն սպառիչ պատասխանել է բոլոր հարցերին` երբ խորհրդարանում էր Գագիկ Ծառուկյանը: Ընտրությունների են գնալու Գագիկ Ծառուկյանի ձեռամբ կազմած ցուցակով, Ծառուկյանն այլևս օլիգարխ չէ` կառավարման է հանձնել ունեցվածքը ու քաղաքական գործիչ է, որ հավակնում է խորհրդարանական ընտրություններում հաղթանակի: Եթե ոչ իր, կուսակիցների կարծիքով: ԲՀԿ-ն հույս ունի, որ նոյեմբերի 1-ին ֆորս մաժորներ չեն լինի և ՀՀԿ-ն պերմանենտ սուիցիդի ճանապարհով չի գնա:

ՀՀԿ մամուլի խոսնակ, Աժ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը արդեն ասել է. «Դեմ լինելով դեկտեմբերին հապճեպ ընտրություններին, այնուամենայնիվ մենք չենք պատրաստվում կողմ քվեարկել Փաշինյանի վարչապետությանը»։ Իզուր: Շատ իզուր: ՀՀԿ-ն հանգիստ կարող է կողմ քվեարկել ուՆիկոլ Փաշինյանին ընտրել վարչապետ` միանգամից փակելով արտահերթ ընտրությունների հարցը: Դա իսկապես կլինի ուժի ցուցադրություն: Միևնույն է` Ընտրական օրենսգրքի նախագծին երկրորդ անգամ չքվեարկելով` ՀՀԿ-ն ապացուցեց, որ խորապես անտարբեր է, թե ինչ է մտածում իր մասին ընտրողն ընտրություններից առաջ: Առավելևս, որ մասնակցելով ընտրություններին` ՀՀԿ-ն թիրախ է դառնալու մյուս կուսակցությունների համար, որ իրենց ընտրարշավը կազմակերպելու են «նախորդ հանցավոր ռեժիմի» դեմ պայքարի սկզբունքի հիման վրա` հիմնականում այլ ասելիք չունենալով: Արդեն հիմա ԲՀԿ պատգամավորները իրենց ելույթներում ու հայտարարություններում բացեիբաց սկսել են ընտրարշավը այդ ոգով: Նիկոլ Փաշինյանին վարչապետ ընտրելով` ՀՀԿ-ն միանգամից իրավիճակ է փոխում: Փողո՞ցը: Նիկոլ Փաշինյանը մի քանի ժամում մարդկանց կլցնի Բաղրամյան 19-ը ու այդ նպատակով էլ հոկտեմբերի 2-ից բաց է պահում Աժ դարպասնե՞րը: Հետո ի՞նչ: Թեկնածուն առաջադրվել ու ընտրվել է` ոչ մի օրենք չխախտելով, իսկ բանավոր պայմանավորվածությունը քաղաքական կատեգորիա չէ: Բայց ՀՀԿ-ն դա չի անի ոչ թե Նիկոլ Փաշինյանին կամ ինքն իր խոսքը հարգելով, այլ` չափազանց պահպանողական ու ծեր լինելով` նման քայլի համար: Փոխարենը ՀՀԿ-ն սկսել է ավելի ու ավելի բարձրաձայն խոսել իր հավակնություններից` ոչ թե 3-րդը կամ 4-րդը լինելու, այլ… Հիշեք քաղտեխնոլոգիայի օրենքը:

Անահիտ ԱԴԱՄՅԱՆ