2016 թվականին Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ-ի նախագահի պաշտոնի թեկնածու Հիլարի Քլինթոնը հնարավոր Է համարել, որ 2020 թվականին կմասնակցի նախագահական ընտրարշավին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, նա պատմել Է Recode հրատարակությանը տված հարցազրույցում:

Պատասխանելով իր թեկնածության առաջադրման վերաբերյալ տրված հարցին, Քլինթոնն սկզբում ժխտել Է դրա հնարավորությունը, սակայն ոչ մեծ դադարից հետո ասել Է, որ այնուամենայնիվ «կցանկանար նախագահ դառնալ»: Ընդսմին նա նշել Է, որ առաջնահերթ խնդիր Է համարում դեմոկրատների հաղթանակը նոյեմբերի 6-ի միջանկյալ ընտրություններում: «Ես մտադիր եմ հնարավոր ամեն ինչ անել, որպեսզի Դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչը հայտնվի Սպիտակ տանը»,- հավելել Է նա:

Ինչպես հայտնել Է Fox News հեռուստաալիքը, ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել Է, թե կցանկանար ԱՄՆ-ի նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնի հետ «մարտել» 2020 թվականի նախագահական ընտրություններում: