ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնակատար Ֆելիքս Ցոլակյանը հոկտեմբերի 26-ին Շիրակի մարզում էր: Մինչ ՀՀ ԱԻ նախարարության Շիրակի մարզային փրկարարական վարչության աշխատակիցների հետ հանդիպումը նախարարը հանդիպել է Շիրակի մարզպետ Կարեն Սարուխանյանի և Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի հետ:

Լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ Ֆելիքս Ցոլակյանը տեղեկացրեց, որ ընթացքի մեջ է Գյումրիում երկրորդ հրշեջ ջոկատի ստեղծման գործընթացը: «Այցի նպատակը ծանոթությունն է. կան մի քանի խնդիրներ, որոնց լուծման նպատակով պետք է անձամբ տեղում լինեի, բացի այդ, պետք է հստակեցվեր Հայաստանին տրամադրվող ճապոնական հրշեջ մեքենաների տեղակայման հարցը: Ի դեպ, այդ մեքենաներից կտրամադրվի Շիրակի, Սյունիքի և Լուռու մարզերին»,- նշեց ՀՀ ԱԻ նախարարի պաշտոնակատար Ֆելիքս Ցոլակյանը՝ հավելելով, որ այցի երկրորդ խնդիրը կապված է դեկտեմբերի 7-ի միջոցառումների հետ. «Սպիտակի երկրաշարժի 30-րդ տարելիցն է, և լուրջ ծրագիր կա: Մինչ այդ անհրաժեշտ է քննարկել այդ միջոցառումների հետ կապված որոշ հարցեր»: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ այցի շրջանակներում քննարկվեց նաև Գյումրու հրշեջ ջոկատի շենքի հետ կապված խնդիրը:

Նախարարը ծանոթացավ ՀՀ ԱԻ Շիրակի մարզային փրկարարական վարչության և ճգնաժամային կառավարման մարզային կենտրոնի հնարավորությունների, տեխնիկական բազայի և առկա խնդիրների հետ: Քննարկվել է նաև մարզին անհրաժեշտ ամենագնաց մեքենաների տրամադրման հարցը:

Արմենուհի Մխոյան