«Չինաստան-Եվրասիա» առաջին միջազգային գիտաժողովը կարող է խթանել Չինաստանից Հայաստան ներդրումների ներգրավումը:

«Չինաստան-Եվրասիա քաղաքական և ռազմավարական հետազոտությունների խորհուրդ» հիմնադրամի ղեկավար Մհեր Սահակյանն «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց, որ ներկայումս Չինաստանի դերը համաշխարհային քաղաքականության և տնտեսության մեջ մեծացել է: «Այդ երկիրը կարևոր դեր ունի նաև ներկայիս համաշխարհային զարգացումներում, և Հայաստանի համար շատ կարևոր է հետևել Չինաստանին, այնտեղ տեղի  ունեցող իրադարձություններին: Չինաստանը «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» ծրագրի միջոցով խորացնում է իր ազդեցությունը Եվրասիա մայրցամաքում, և ծրագրի շրջանակում պատրաստվում է ավելի քան 1 տրիլիոն դոլար ներդնել»,- ասաց Սահակյանը:

Հոկտեմբերի 26-ին Երևանում մեկնարկած «Չինաստան-Եվրասիա» միջազգային առաջին գիտաժողովի շրջանակում Հայաստան են եկել գիտնականներ 12 երկրից՝ մասնավորապես, Ֆինլանդիայից, Ռուսաստանից, Չինաստանից, Պորտուգալիայից, Մեծ Բրիտանիայից, Պակիստանից:

«Հայաստանը պետք է կարողանա ներկայացնել այնպիսի նախագծեր, որոնց միջոցով հնարավոր կլինի ընդգրկվել ծրագրում և այդ ներդրումների մի մասը բերել Հայաստան: Հրավիրելով մեր գործընկերներին այստեղ՝ նպատակ ունենք արթնացնել նրանց  հետաքրքրությունը Հայաստանի նկատմամբ, որպեսզի հետագայում հետազոտություններ իրականացնեն մեր երկրի վերաբերյալ»,- ընդգծեց «Չինաստան-Եվրասիա քաղաքական և ռազմավարական հետազոտությունների խորհուրդ» հիմնադրամի ղեկավարը:

Գիտաժողովի համակազմակերպիչն են «Չինաստան-Եվրասիա» քաղաքական և ռազմավարական հետազոտությունների խորհուրդ» հիմնադրամը ևՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտը, աջակցում են՝ Դիվանագիտական հիմնադրամն ու «Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ը:

Գիտաժողովն աշխատանքը կշարունակի հոկտեմբերի 27-ին: