«Արմենպրես»-ի հաղորդմամբ` կենտրոնը բացվել է օգոստոսի 17-ին Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի Մաքսիմ Գորկու 15/2 հասցեում: Կենտրոնը կառուցվել է «Դիլիջանի և հարակից համայնքների զարգացման նախաձեռնություն» դրամաշնորհային ծրագրի շրջանակում: «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամը ծրագիրն իրականացնում է Եվրոպական միության, Հայաստանի տարածքային կառավարման և զարգացման նախարարության համաֆինանսավորմամբ` համագործակցելով Դիլիջանի համայնքապետարանի և «Դիլիջան» ազգային պարկի հետ:

Կենտրոնն ունի առանձնացված մի քանի հատված` հեծանիվների, վրանների և արշավի համար նախատեսված այլ պարագաների վարձույթի և տարածաշրջանում առաջարկվող զբոսաշրջային փաթեթների մասին տեղեկատվության տրամադրման համար (հայերեն, ռուսերեն և անգլերեն):

«Կենտրոնը երկհարկանի է և երկրորդ հարկում գտնվում է թրեյնինգների կենտրոնը` հագեցած համակարգիչներով, և խոհանոցը: Զբոսաշրջիկները անհրաժեշտության և ցանկության դեպքում կարող են օգտվել համակարգիչներից, որպեսզի համացանց մուտք գործեն»,- լրագրողների հետ զրույցում նշեց «Դիլիջանի և հարակից համայնքների զարգացման նախաձեռնություն» դրամաշնորհային ծրագրի ղեկավար Տաթևիկ Սարգսյանը:

Նա հավելեց, որ կենտրոնը կառուցելուց բացի, իրենք իրականացրել են նաև Դիլիջան ազգային պարկի արահետների վերանորոգման աշխատանքներ` 4 քայրարշավային և 1 հեծանվային: Կենտրոնի մուտքի մոտ տեղադրված է արահետների քարտեզը, որպեսզի զբոսաշրջիկը կարողանա ճիշտ կողմնորոշվի:

Հեծանվարշավի արահետը սկսում է Դիլիջան քաղաքի զբոսաշրջային տեղեկատվական կենտրոնից և հասնում մինչև Պարզ լիճ:

Զբոսաշրջային տեղեկատվական կենտրոնն առաջինն է Տավուշի մարզում, որն անվճար տեղեկություն է տրամադրելու Դիլիջան և տարածաշրջան այցելող զբոսաշրջիկներին: